Պրոֆեսոր Պետրոս Համբարձումյանի սկզբունքային քայլի հնարավոր զարգացումները

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի պրոֆեսոր Պետրոս Համբարձումյանն օրերս իր սկզբունքային դիրքորոշումը հայտնեց բուհում տիրող արատավոր բարքերի, ռեկտոր Գագիկ Գալստյանի կասկածելի գործողությունների ու նրա կողմից հավաքագրած վարչախմբի  աշխատանքի ոչ կոմպենտենտենտության մասին ( այստեղ, այստեղ):

Գագիկ Գալստյանի դոկտորական ատենախոսությունում տեղ գտած գրագողության մի քանի տասնյակ դրվագների մասին, երեք ամիս շարունակ, ներկայացրել եմ rector.am կայքում, բերելով այն աղբյուրները, որտեղից համալսարանի ռեկտորն արտագրել է իր դոկտորական ատենախոսությունը: Յուրաքանչյուր բարոյական մարդ, այդ բացահայտումներից հետո, ինքնակամ կհեռանար համալսարանի ռեկտորի պաշտոնից: Սակայն Գագիկ Գալստյանի համար այդպիսի արժեքներն անհասանելի հեռու են, գուցե և անհասկանալի: Կրթության ոլորտի պատասխանատու անձանց լռության ներքո ռեկտոր Գալստյանը այսօր էլ, պլագիատի ծանր բեռը ուսերին, շարունակում է իրեն պահել այնպես, կարծես ոչինչ տեղի չի էլ ունեցել: Գլխավորը՝ համալսարանի ներսում ամեն ինչ վերահսկելի է:

Փողի միջոցով հարցերը լուծելու համոզմունքն այդ մարդու կյանքի կրեդոն է: Նա միամտություն ունի կարծելու, որ յուրաքանչյուրին և յուրաքանչյուր բան կարող է գնել: Հինգ տարիների ընթացքում համալսարանում ստեղծված բարոյահոգեբանական մթնոլորտն այսօր աղետալի չափերի է հասել: Վախենում են բոլորը, վախենում են խոսել, վախենում են հարցեր տալ:

Եվ հանկարծ, երկու օր առաջ, “պայթում են” պրոֆեսոր Պետրոս Համբարձումյանի երկու հոդվածները: 

Դրանք իրավիճակ են փոխում:

Համալսարանը սկսում է արթնանալ:

Այսօր արդեն բոլորը հասկանում են, որ այլևս չի կարող ամեն ինչ լինել այնպես, ինչպես եղել է առաջ:

Համալսարանում արդեն գիտեն. ովքեր կշարունակեն կանգնել մինչև կոկորդը կասկածելի գործարքների մեջ խրված ռեկտորի կողքին, նրա հետ էլ ստիպված պիտի լինեն հեռանալ:

Համալսարանում պրոֆեսոր Համբարձումյանը սկիզբ դրեց ինքնամաքրման անշրջելի պրոցեսի: Հարգարժան պրոֆեսորի կատարած բազմաթիվ գործերի մեջ, հենց սա է հիշվելու, որպես ամենակարևորը:

 Դե ինչ, քայլը կատրված է: Ի՞նչ է լինելու հետո:

Այս քայլով պրոֆեսոր Համբարձույանը համալսարանի ճակատագրի որոշման հարցը տեղափոխեց պրոֆեսուրայի դաշտ: Հիմա ամեն ինչ կախված է համալսարանի պրոֆեսորների, դոցենտների, ասիստենտների ու դասխոսների պահվածքից:

Կա իրադարձությունների զարգացման չորս տարբերակ: 

Առաջին (առավել հավանական տարբերակը). համալսարանի պրոֆեսուրան չի արձաքանքում Պետրոս Համբարձումյանի քայլին: Բոլորը կրավորական կեցվածք են ընդունում  ու անասնականին մոտեցող վախի պայմաններում, լավագույն դեպքում, միայն պատերի տակ քննարկում բուհի անցուդարձը, Մարինե Ղազարյանի անվերջ գործուղումները, ցածր աշխատավարձերը, ու էլի շատ-շատ բաներ: Հոգաբարձուների խորհրդի անդամները նույնպես չեն արձագանքում պրոֆեսորի դիմումին (չնայած՝ պարտավոր են)՝ բարձրացված հարցերի ուսումնասիրման համար հանձնախումբ չեն ստեղծում ու մի քանի օր հետո ամեն ինչ նորից ընկղմվում է նույն ճահիճի մեջ: Արդյունքում Գագիկ Գալստյանը որոշ ժամանակ դեռևս շարունակում է պաշտոնավարել, մինչև կփոխեն համալսարանի կարգավիճակը կամ կանոնադրությունը, ու դրսից մարդ կբերեն, կնշանակեն այդ հլու, հնազանդ պրոֆեսուրայի գլխին:

Երկրորդ. պրոֆեսուրան շարունակում է մնալ պասիվ, սակայն հոգաբարձուների խորհրդի որոշ անդամներ (առավել հավանական է դրսի անդամներից), ընթացք են տալիս պրոֆեսոր Համբարձումյանի բարձրացրած հարցերին: Շարունակությունը այն դեպքի համար է, երբ բարձրացված հարցերը հաստատվում են: Քանի որ այլ պարագայում, հայցվում է ռեկտորի ներողամտությունը և հարցը փակվում է: Բարձրացված հարցերը հաստատվելու դեպքում, Գագիկ Գալստյանը պաշտոնանկ է արվում և նրա փոխարեն, առանց համալսարանի կոլեկտիվի կարծիքը հաշվի առնելու, ռեկտորի պաշտոնակատար է նշանակվում ժամանակավոր դեմք (շատ հնարավոր է՝ դրսից)՝ մինչև կհստակեցվի հարցի հետագա ընթացքը:

Երրորդ. Համալսարանում որոշ ուժեր շարունակում են գործող պահել ռեկտոր Գալստյանի դեմ ձևավորվող դժգոհության ալիքը, հարմար պահին նրան հրաժարական պարտադրելու և համալսարանում սողացող հեղաշրջում իրականացնելու ակնկալիքով: Այս տարբերակը թեև կարող է աշխատել, սակայն հեռանկարային համարվել չի կարող դա իրականացնողների հանար, քանի որ պատմության դասերից հայտնի է, որ ի վերջո այդ անձինք կանգնում են կոտրած տաշտակի առաջ:

Չորրորդ (ամենաանհավանական, սակայն ամենահեռանկարային տարբերակը). համալսարանի պրոֆեսուրան տեր է կանգնում իր իրավունքներին: Ավանգարդում կանգնում են պրոֆեսորները և իրենց հաստատակամ կեցվածքով, ստեղծում մի պատնեշ, որով պիտի բացառվի ռեկտոր Գալստյանի հնարավոր արկածախնդրության որևէ ցանկություն: որևէ մեկի մտքով չպետք է անցնի, որ մարդկանց աշխատանքից ազատելով կամ վախեցնելով հարցեր կարող են լուծվել: Պետք է փակվի նաև մարդկանց “գնելու” ճանապարհը: Հոգաբարձուների խորհրդի անդամները իրականացնում են օրենքով իրենց վերապահված լիազորությունները և պարզում բոլոր հնարավոր հարցերի իրական վիճակը: Հարցերը հաստավելուց հետո, հոգաբարձուների խորհուրդը անհապաղ պաշտոնանկ է անում ռեկտոր Գագիկ Գալստյանին և համալսարանի ներսից, համապատասխան չափանիչներ ունեցող անձանցից մեկին նշանակում ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար: Հետո բացվում է առավոտը և գալիս է  ճարտարապետաշինարարական համալսարանի զարգացման նոր լուսաբացը: Ու բոլորը միանգամից հասկանում են, որ այսուհետ շարունակելու են աշխատել նոր պայմաններում, որտեղ այլևս չեն լինելու գագիկ գալստյաններ, մարինե ղազարյաններ, անահիտ կարագուլյաններ, սոնա հախվերդյաններ, գոհարիկ մատուլյաններ: Թերևս, չափից ավելի “երազեցինք”:

Իմ վաղամեռիկ ընկեր Էդուարդ Եգորյանը մի հեքիաթ էր սիրում պատմել. 

“Առյուծն իր մոտ է հրավիրում անտառի բնակիչներին ու ասում.

-Նապաստակ, ո՞ւր ես… նապաստակ, ուրեմն այսպես, վաղը առավոտյան կգաս, որ քեզ ուտեմ նախաճաշին: Հարցեր կա՞ն… Չկան: Գրանցում եմ. առավոտյան ժամը իննին` նապաստակ: Եղնիկ, դու կգաս կեսօրին. քեզ ճաշին պիտի ուտեմ: Հարցե՞ր… չկան: Գրանցում եմ. եղնիկ, ժամը երեքին… Ոզնի, դու կգաս երեկոյան` ընթրիքին: Հարցեր կա ՞ն…

-Կան, Ձերդ Մեծություն:

-Ասա:

-Իսկ կարելի ՞ է … չգալ:

-Իհարկե կարելի է: Քո անունը ցուցակից ջնջում եմ…Ոզնի… ջնջեցի”:

Հարգելի պրոֆեսորներ, շատ անգամ, ընդամենը, պետք է հարց տալու քաջություն ունենալ… ու, հավատացեք, ամեն ինչ միանգամից կփոխվի, ու դուք, առնվազն, կսկսեք ինքներդ՝ ձեզ հարգել:

Լավ մնացեք:

Գագիկ Ներսիսյան

P.s. Պրոֆեսոր Պետրոս Համբարձումյան, ես կանգնում եմ Ձեր կողքին: Պատիվ ունեմ:

Գագիկ Ներսիսյան

 

 

Facebook Comments