Գուրգեն Մինասյանը չկարողացավ պահպանել դատարանի իր համար շատ կարևոր վճիռը

Շուրջ մեկ տարի առաջ BUH.AM կայքը տպագրել էր ՀՀ գերագույն խորհրդի և ԱԺ առաջին գումարման պատգամավոր Գ.Հ.Ներսիսյանի “Երբ տրամաբանությունն է բացակայում օրենքի կիրառման ժամանակ կամ դատավոր մազմանյանի արձակած մի վճռի հետքերով” հոդվածը ( այստեղ):

Այսպես. գոյություն ունի Ճարտարապետական և շինարարական կրթության աջակցության հիմնադրամ, որի նպատակը համապատասխան մասնագիտություններ ունեցող բուհերին, ավելի ճիշտ` ճարտարապետաշինարարական համալսարանին աջակցելն է: Ինչպես և բոլոր հիմնադրամները, սա նույնպես ունի կառավարման երկու մարմին` հոգաբարձուների խորհուրդ և տնօրեն: Օգտվելով օրենքով վերապահված իր իրավունքից, հոգաբարձուների խորհրդի անդամներից մեկը` հասարակության լայն շրջանակներում հայտնի պրոֆեսոր Լևոն Թոքմաջյանը, 2017թ. գարնանը դիմել է հիմնադրամի տնօրեն Գուրգեն Մինասյանին, խնդրելով ներկայացնել տեղեկություններ հիմնադրամի գործունեության վերաբերյալ:

Խախտելով օրենքը, Գուրգեն Մինասյանը որևէ տեղեկություն չի ներկայացրել և նույնիսկ չի բարեհաճել պատասխանել դիմումատուին:

Հիմնադրամի գործունեության վերաբերյալ տեղեկություններ ստանալու նպատակով, , 2017թ. գարնանը, պրոֆեսորը ստիպված դիմել է դատարան:  Գործը քննել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գայանե Հայկազի Մազմանյանը, ով, այս հասարակ հարցով, շուրջ 1,5 տարի դատաքննություն իրականացնելուց հետո, 26.09.2018թ. կայացրել է վճիռ՝ մերժելով հայցն` անհիմն լինելու պատճառաբանությամբ:

ՀՀ վերաքննեիչ քաղաքացիական դատարանը որոշել է վճիռը բեկանել և գործն ուղարկել նույն դատարան՝ ամբողջ ծավալով նոր քննության։ ՀՀ վճռաբեկ դատարանը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշման դեմ «Ճարտարապետական և շինարարական կրթության աջակցման» հիմնադրամի ներկայացուցչի բերած վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժել է: Այսպիսով,  վերաքննիչ դատարանի որոշումը մտել է օրինական ուժի մեջ և գործն ուղարկել է ամբողջ ծավալով նոր քննության։

Սա շատ վատ նորություն է Ճարտարապետական և շինարարական կրթության աջակցության հիմնադրամի տնօրեն Գուրգեն Մինասյանի համար,ով միաժամանակ ճարտարապետաշինարարական համալսարանի ռեկտոր Գագիկ Գալստյանի նախագահությամբ գործող, շինարարների միության գործադիր տնօրենն է, նույն միության հիմնադրած «Մեդիս Շար»  ընկերության տնօրենը: Եվ այն տեղեկությունները, որոնք պահանջվում են ներկայացնել Գուրգեն Մինասյանից, անմիջական կապ ունեն պրոֆեսոր Պետրոս Համբարձումյանի կողմից օրերս բարձրաձայնած, ճարտարապետաշինարարական համալսարանի ռեկտոր Գագիկ Գալստյանի “կասկածելի” գործողությունների հետ ( այստեղ):

 

Facebook Comments