ՌԵԿՏՈՐ ԳԱԼՍՏՅԱՆԻ ԿԱՍԿԱԾԵԼԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՊՐՈՖԵՍՈՐ ՊԵՏՐՈՍ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ ԴԻՄԵԼ Է ԲՈՒՀԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄՆԵՐԻՆ

Հունիսի 20-ին rector.am-ը տպագրել է Պետրոս Համբարձումյանի BUH.AM-ին տրված հարցազրույցը՝ որտեղ բուհի պրոֆեսորը սուր քննադատության է ենթարկել ռեկտոր Գագիկ Գալստյանի և նրա վարչախմբի կողմից վերջին 5 տարիներիներին իրականացրած գործողությունները (այստեղ):

Այսօր  BUH.AM-ին հայտնի է դարձել, որ պրոֆեսոր Պետրոս Համբարձումյանը դիմել է Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի հոգաբարձուների խորհրդի անդամներին, խնդրելով օգտագործել օրենսդրությամբ և բուհի կանոնադրությամբ իրենց վերապահված իրավունքները, ռեկտոր Գագիկ Գալստյանի կողմից կատարված մի շարք կասկածելի գործողությունների օրինականությունը պարզելու համար:

Պրոֆեսոր Համբարձումյանի կողմից առաջադրվել են հետևյալ հարցերը.

Առաջին. Համալսարանն առկա ուսուցման մագիստրատուրայի թերբեռնված, նեղ մասնագիտական խմբերում, 2014թ. հունիսից սկսած, կիրառում է դասախոսների 25% վարձատրման գործառույթ: Այսինքն, այդ խմբերում անց են կացվում նախատեսվածից 4 անգամ ավելի պակաս պարապմունքներ, ինչը հանգեցնում է ուսման որակի անխուսափելի անկման: Նվազեցված տոկոսով վարձատրման պրակտիկայի կիրառումը հակաօրինական է։ Պետության կողմից բուհին պետպատվերով  տրամադրվող գումարը ներառում է ուսումնական պլանով նախատեսված պարապմունքները: Փաստորեն, կիրառելով նվազեցված տոկոսով վարձատրման պրակտիկան, ստացած գումարի դիմաց իր կողմից ստանձնած պարտավորությունների մի մասը Համալսարանը 5 տարի շարունակ չի իրականացրել՝ պետությանը պատճառելով խոշոր չափերի վնաս: Նույնպիսի վնաս կրում են նաև վճարովի ուսուցման համակարգում սովորող ուսանողները: Բացի այդ, գիտական քարտուղար Լևոն Հայկազի Լևոնյանի կողմից վավերացված և Համալսարանի կնիքով կնքված, թերբեռնված պարապմունքների չափաքանակներին վերաբերող նույն որոշման երկու փաստաթուղթ գոյություն ունի: Այսինքն, գործ ունենք առերևույթ կեղծիքի հետ: Պրոֆեսոր Համբարձումյանը խնդրում է պարզել. գիտքարտուղար Լևոն Լևոնյանն ո՞ւմ հանձանարարությամբ, ե՞րբ և ի՞նչ նպատակով է վավերացրել երկու իրարամերժ փաստաթղթեր և ռեկտոր Գագիկ Գալստյանի դիրքորոշումը իրենց նպատակին չօգտագործված գումարները հետ վերադարձնելու  վերաբերյալ:

Երկրորդ. Ռեկտոր Գալստյանի պաշտոնավարման օրոք Համալսարանից դուրս են գրվել բազմաթիվ աշխատող հաստոցներ: Դրանց մի մասը հանձնվել է որպես մետաղի ջարդոն: Այն հանգամանքը, որ հաստոցները եղել են աշխատունակ և օգտագործվել են, գիտեն շատերը: Դրանք դուրս են գրվել, կազմելով համապատասխան ակտեր: Ընդ որում, չեն գրանցվել այն հաստոցները, որոնք համալսարանին տրվել են որպես նվիրատվություն, մասնավորապես հիդրավլիկայի ամբիոնի հաստոցներից մեկը, որը ժամանակին նվեր էր ստացել պրոֆեսր Վաղարշակ Հովսեփյանը և գտնվում էր միանգամայն սարքին վիճակում: Պրոֆեսոր Համբարձումյանը խնդրել է պարզել. ո՞վ է հանձնարարել կազմել դուրս գրման ակտերը, ի՞նչից ելնելուվ են դրանք արձանագրվել որպես անաշխատունակ, որտե՞ղ են հիմա դրանք և ո՞ւմ կողմից են շահագործվում:

Երրորդ. Համալսարանում 2015թ. սկսվել և կիսատ է մնացել ճաշարանի շինարարությունը, որի համար բուհը, փաստաթղթով, մեծ գումարի (50 միլիոն դրամից ավելի) անհատույց նյութեր է ստացել ճարտարապետական և շինարարական կրթության աջակցության հիմնադրամից, որի տնօրենը Գագիկ Գալստյանի նախագահությամբ գործող, շինարարների միության տնօրեն, “Մեդիս Շար” ՍՊԸ-ի տնօրեն Գուրգեն Մինասյանն է: Սակայն azdarar.am –ում այդ նվիրատվության մասին համապատասխան տեղեկատվությունը բացակայում է:   Պրոֆեսոր Համբարձումյանը խնդրում է պարզել. ի՞նչ քանակի և գումարի նվիրատվություն է ստացել համալսարանը ճարտարապետական և շինարարական կրթության աջակցության հիմնադրամից, ի՞նչ փաստաթղթերի հիման վրա են դրանք ներկայացված: Եվ վերջապես ինչո՞ւ Գագիկ Գալստյանը դադարեցրեց ճաշարանի շինարարությունը և ինչո՞ւ այն, պատրաստ լինելով հանդերձ, մինչ օրս շահագործման այն չի հանձնվում: Կապված է արդյո՞ք դա վերը նշված նվիրատվության շարժառիթների  բացահայտման հետ, որը շատերի կարծիքով բուհի մասնաշենքի առաջին (կիսանկուղային) հարկի սեփականաշնորհման հիմք պետք է հանդիսանար Գագիկ Գալստյանի համար:

Համաձայն BUH.AM-ի տեղեկությունների,  Երևան քաղաքի քաղաքացիական գործերով առաջին ատյանի դատարանում, ռեկտոր Գագիկ Գալստյանի դեմ ներկայացված հայցադիմումներով, վերը բերված հարցերին առնչվող երեք գործերով քննություն է ընթանում: 

Աղբյուրն՝ այստեղ

P.s. Հիշեցնենք, որ rector.am -ը իր էջերում ներկայացրել է Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտոր Գագիկ Գալստյանի դոկտորական ատենախոսությունում հայտնաբերված գրագողության տասնյակ դրվագների, սակայն պատասխանատու մարմինները մինչ օրս չեն արձագանքել դրան:

Facebook Comments