Պրոֆեսոր Պետրոս Համբարձումյան. Համալսարանն անհապաղ անհրաժեշտ է մաքրել մեր բուհի հետ կապ չունեցող, վարչական լծակները գրաված օտար անձանցից

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը ս.թ. հունիսի 6-ին մրցույթ է հայտարարել համալսարանի մի շարք ամբիոնների վարիչների թափուր պաշտոնները զբաղեցնելու համար: Ինժեներական գեոդեզիայի ամբիոնի վարիչ ընտրվելու համար կպայքարի նաև բնագավառի ճանաչված մասնագետ, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Պետրոս Վարդգեսի Համբարձումյանը: Այս մասին հայտնում է BUH.AM –ը: Ներկայացնում ենք պրոֆեսոր Համբարձումյանի հարցազրույցն ամբողջությամբ:

Պրոֆեսոր, Դուք երկար տարիներ զբաղեցրել եք համալսարանի շինարարական ֆակուլտետի դեկանի պաշտոնը: Համալսարանի նախկին ռեկտոր Արեստ Բեգլարյանից հետո, այս մասնագիտությամբ Դուք առաջինն էիք, ով ստացավ գիտությունների դոկտորի աստիճան: Անցել եք փառավոր ուղի: Չե՞ք ուզում արդեն անցնել ավելի հանգիստ աշխատանքի՝ վարչական պաշտոնները զիջելով երիտասարդներին.

-Հրապուրիչ առաջարկ է: Միշտ աջակցել ու շարունակելու եմ օժանդակել երիտասարդ կադրերին: Մասնավորապես բարձր եմ գնահատում ինժեներական գեոդեզիայի ամբիոնի վարիչի պաշտոնակատար Սուրեն Թովմասյանի արժանիքները: Սակայն այսօր օրակարգում դրված է մեկ այլ՝ բոլորիս համար կարևոր մի խնդիր՝ Համալսարանն անհապաղ անհրաժեշտ է մաքրել մեր բուհի հետ կապ չունեցող, վարչական լծակները գրաված օտար անձանցից՝ ռեկտոր Գագիկ Շաղաբեգի Գալստյանի հետ միասին: Այդ խնդիրը լուծելու համար նաև համապատասխան լծակներ են պետք: Դա էր պատճառներից մեկը, որ որոշեցի առաջադրել թեկածությունս: Ընտրվել-չընտրվելը, ռեկտոր Գալստյանի կազմավորած գիտխորհրդում, երկրորդական նշանակություն ունի: Իմ այս քայլով ես հայտարարում եմ վերը նշված խնդրի իրականացման համար իմ մասնակցության մասին: Երբ կլուծենք այս հարցը, ամբիոնի վարիչի պաշտոնը (ընտրվելու դեպքում) ես սիրով կփոխանցեմ Սուրեն Թովմասյանին:

Ռեկտոր Գագիկ Գալստյանի պաշտոնավարման ժամկետը լրանում է այս տարվա աշնանը: Արժե՞ արդյոք պայքարել մի խնդրի դեմ, ինչը շուտով գոյություն չի ունենալու:

-Այն ապօրինությունները, ինչ կատարվում են ռեկտոր Գալստյանի վարչախմբի կողմից, չի կարելի հանդուրժել ոչ մի րոպե ավել: Չարիքը ճարտարապետաշինարարական համալսարանից պետք է արմատախիլ արվի անմիջապես: Գագիկ Գալստյանը չպետք է հեռանա ինչպես օրինավոր ռեկտոր:

Ո՞րն է Ձեր դժգոհութան հիմնական պատճառը:

-Ես տեսել եմ մի համալսարան, որը 2008-2013թթ. ապրել է աննախադեպ վերելք, ճանաչված դարձել Եվրոպայում, Չինաստանում, Ռուսաստանում: Ես իմ անձնական ներդրումն եմ ունեցել այդ բոլորի մեջ: Այն օրվանից, երբ 2014թ. Գագիկ Գալստյանը ստանձնեց համալսարանի ռեկտորի պաշտոնը, ամեն ինչ կտրուկ փոխվեց, մանրացավ: 2014-2019թթ. համալսարանն անկում գրանցեց ուսումնագիտական գրեթե բոլոր ուղղություններով: Համալսարանում առողջ, արժանապատիվ փոխհարաբերություններին փոխարինելու եկան բամբասանքը, բանսարկությունները, ստորացումները, կասկածամտությունը, շեշտակի աճեցին կոռուպցիոն ռիսկերը: Համալսարանից օտարվեցին հայտնի, պարկեշտ անձնավորություններ: Նրաց փոխարինելու եկան համալսարանի հետ որևէ առնչություն չունեցող մարդիկ: Կտրուկ նվազեցվեց  կարող ներուժի ազդեցությունը համալսարանի կառավարման գործընթացներում, մասնավորապես պրոռեկտորներ Արկադի Բարխուդարյանի, Յուրի Սաֆարյանի, Եղիազար Վարդանյանի: Այսօր արդեն խոսում են Բարխուդարյանի և Սաֆարյանի մոտալուտ պաշտոնանկության մասին: Հասկանալի չէ, թե ո՞ւր ենք այսպես գնում: Ստեղծվել է մի իրավիճակ, երբ այլևս հնարավոր չէ աշխատել այնպիսի անձանց հետ, ինչպիսիք են գիտության և կրթության հետ կապ չունեցող, պրոռեկտոր Մարինե Ղազարյանը, լրատվական բաժնի ղեկավար Անահիտ Կարագուլյանը, ով Հորիզոն-95-ի Աիդայի քրոջ աղջիկն է, կադրերի բաժնի վարիչ Սոնա Հախվերդյանը, ընդհանուր բաժնի վարիչ Գոհար Մատուլյանը: Օրինակ այսօր, գործերս ամբիոնի վարիչի մրցույթին ներկայացնելու նպատակով, մի հասարակ տեղեկանք տալու համար,  կադրերի բաժնի վարիչը՝ Սոնա Հախվերդյանը,  միտումնավոր կերպով ինձ մի քանի ժամ սպասեցրեց: Սա է պրոֆեսորի նկատմամբ համալսարանում ձևավորված գալստյանական այսօրվա հարգանքի նորմը:

Եկեք խոսենք օրինակներով.

-Եկեք խոսենք: Կրթությունը և գիտությունը համալսարանում ստորադասվեց երկրորդական նշանակության ուղղություններին, բուհի գործունեությունը հիմա, ավելի շատ, շոու է հիշեցնում: Տարեց տարի փակվեցին մեծ հեղինակություն ունեցող ծրագրեր: Դադարցվեց համագործակցությունը IAHR և ICOLD համաշխարհային ճանաչում ունեցող գիտական կազմակերպությունների հետ (որը մեծ ազդեցություն էր ունեցել համալսարանի եվրոպական հավատարմագրման գործընթացում): Նախկինում համալսարանում գործողումների ֆոնդը կազմում էր գրեթե նույնքան, ինչքան հիմա՝ մասնավորապես 2012թ. այն եղել է 41.1, իսկ 2017թ.՝ 42,6 մլն դրամ: Նախկինում գործուղման էին մեկնում համալսարանի բոլոր ստորաբաժանումներից, առանց որևէ պրոբլեմի: Հիմա դա միայն “յուրայինների” համար է: Մարինե Ղազարյան, Գագիկ Գալստյան, նրանց հովանավորությունը վայելող մի քանի ոչ ամենաբարձր մակարդակի մասնագետներ: Մասնավորապես, ճարտարապետության տեսության ամբիոնի վարիչի ժ/պ Էմմա Հարությունյանը, ով վայելում է Գագիկ Գալստյանի մարդկանց, և առաջին հերթին՝ Անահիտ Կարագուլյանի հատուկ աջակցությունը: Շուտով մենք կպարզենք, ո՞վ, ինչքա՞ն և ի՞նչ նպատակով է եղել արտերկրում 2014-2019թթ., և առաջին հերթին ռեկտոր Գալստյանն ու Մարինե Ղազարյանը: Այստեղ կա նաև հարցի մյուս կողմը, նախկինում գործուղում գնալու համար որևէ խոչընդոտ համալսարանի վարչական ստորաբաժանումների կողմից չէր ստեղծվում և չէր էլ կարող ստեղծվել: Ամբողջ գործընթացը տևում էր մի քանի րոպե: Հիմա օրերով պետք է անցնել Մարիե Ղազարյանի ստորացուցիչ “մաքսատունը”: Նույնը վերաբերում է նաև սարքերի, սարքավորումների, գրենական պիտուքների ստացման հետ կապված հարցերին: Բանը հասել է նրան, որ նույնիսկ գրելու թուղթը տանից ենք բերում: Սա ծաղր է համալսարանի և նրա աշխատակիցների նկատմամբ: Ինձ երբեմն թվում է, որ իմ համալսարանը  եկել գրավել են թշնամիները:

Այդ դեպքում ինչո՞ւ հանդուժեցիք, որ 2014թ. ռեկտոր դառնար Գագիկ Գալստյանը.

-Դա Հովհաննես Թոքմաջյանի առաջարկն էր: Մենք հավատում, վստահում էինք ու հիմա էլ՝ շարունակում ենք վստահել նրան: Գագիկ Գալստյանի ռեկտոր դառնալը նրա խղճին է, ու Թոքմաջյանը պատասխանատու է դրա համար: Սակայն, ճշմարտության դեմ չմեղանչելու համար, պետք է ասեմ, որ Թոքմաջյանը Գալստյանին տեսնում էր որպես ժամանակավոր ռեկտոր՝ երեք ամսից մինչև մեկ տարի: Այդքան էր ժամանակ հարկավոր 2014թ.-ին պոլիտեխնիկը և ճարտարապետաշինարարականը միաձուլելու համար: Այդ մասին Թոքմաջյանը բաց հայտարարեց մեր գիտխորհրդի իր եզրզփակիչ նիստում: Ապագայում Գագիկ Գալստյանին նա առաջարկելու էր միացյալ համալսարանի շինարարական բլոկի ղեկավարումը: Սակայն Թոքմաջյանի հաշվարկներում ինչ որ բան խաթարվեց: Կարծում եմ, որ 2014-2015թթ. պոլիտեխնիկի դրամատիկ իրադարձություններում իր “ծանրակշիռ” ազդեցությունն է ունեցել նաև Գագիկ Գալստյանը: Սրա պատասխանը պիտի տա ժամանակը:

Ի՞նչ կցանկանայիք ավելացնել.

-Որպես կարևոր բացթողում ուզում եմ նշել համալսարանի վերահավատարմագրման գործընթացի հապաղումը:  Եվրոպական ինստիտուցիոնալ հավատարմագրում ստացած Հայաստանի առաջին բուհը դոփում է տեղում, երբ նույն ժամանակ բժշկականն ու մանկավարժականը արդեն սկսել են վերահավատարմագրման գործընթացը: Այսպիսին է Գագիկ Գալստյանի աշխարահայացքն ու մտահորիզոնը: Մեկ հոդվածում ամեն ինչի մասին խոսելն անհնար է: Մնացածն, ըստ հերթականության՝ առաջիկայում:

Դե ինչ, հաջողություն ենք մաղթում Ձեր ազնիվ պայքարում:

-Շնորհակալություն:

Աղբյուրն՝ այստեղ

P.s. Հիշեցնենք, որ rector.am -ը իր էջերում ներկայացրել է Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտոր Գագիկ Գալստյանի դոկտորական ատենախոսությունում հայտնաբերված գրագողության տասնյակ դրվագների, սակայն պատասխանատու մարմինները մինչ օրս չեն արձագանքել դրան:

Facebook Comments