Մեր մասին

Ողջունում եմ Ձեզ rector.am կայքում։

Ես Գագիկ Ներսիսյանն եմ, մասնագիտությամբ՝ քիմիկոս, տասնյակ գյուտերի և օգտակար մոդելների հեղինակ։ Ծնվել եմ 1951թ․ փետրվարի 5-ին։

1990-1999թթ․ եղել եմ Գերագույն խորհրդի և ԱԺ առաջին գումարման պատգամավոր։

Թեև տարբեր գործերով եմ զբաղվել, սակայն գլխավորն իմ կյանքում եղել և մնում է հետազոտական աշխատանքը։ Գիտական աշխատանքներս հիմնականում վերաբերում են դեղորայքային բալասանների և կոսմետիկ քսուքների մշակմանը։

Համոզված եմ, որ Հայաստանի Հանրապետության գլխավոր հարստությունն իր քաղաքացին է։

Ունեմ պետականության գերակայության առաջնայնության համոզմունք։

Կրթության և գիտության համակարգն, ազգային բանակի հետ հավասար, համարում եմ պետության անվտանգության հենասյուներից կարևորագույնը։

Լուրջ խնդիրներ եմ տեսնում կրթության և գիտության զարգացման հեռանկարում, մանկապարտեզից մինչև բուհ, գիտական կազմակերպություններից մինչև գիտությունների ազգային ակադեմիա։

Համոզված եմ, որ գիտությամբ զբաղվելու համար տարիքային սահման գոյություն չունի։ Աջակցելու եմ բոլոր նրանց, ովքեր նաև պատկառելի տարիքում փորձում են իրենց կյանքն իմաստավորել երիտասարդ սերնդի հետ աշխատանքում։ Ասածս վարչական պաշտոններ զբաղեցնելու մասին չէ։ Սա վերաբերում է գիտական դպրոցների ստեղծման ու զարգացման գործընթացներին։ Ընդհատել այդ գործընթացների անընդհատությունն անթույլատրելի է։

Միևնույն ժամանակ, կրթագիտական ոլորտը լեփ-լեցուն է ապաշնորհ, անմակարդակ, ինքնասիրահարված ղեկավարներով։  Այս կայքի խնդիրներից մեկն էլ պիտի լինի այդպիսիների նկատմամբ օբյեկտիվ գնահատականի ձևավորման աջակցմանը։

Հարգելի գործընկերներ․ այս կայքը ստեղծել եմ բոլոր նրանց համար, ովքեր խոսք ունեն ասելու կրթության, գիտության, մշակույթի ու դրանց հարակից ոլորտներում։ Սա բոլոր նրանց կայքն է, ում իրավունքները ոտնահարվել են համալսարաններում ու ինստիտուտներում, ակադեմիայում ու դատարաններում։ Բոլոր նրանց, ովքեր հասարակական աջակցության կարիք ունեն։

Համոզված եղեք, որ միշտ լինելու եմ Ձեր կողքին։ Ես Ձեզանից մեկն եմ, ու ինձ հնարավոր չի լինելու շեղել այս ճանապարհից։

Հարգանքով՝

Ձեր Գագիկ Ներսիսյան