Շառլատանը… Դրվագ 1

Բառարաններում, շառլատանը  [ʃɑrlɑˈtɑn] ներկայացվում է որպես միամիտ մարդկանց հավատը՝ վստահությունը չարաշահող խաբեբա:

Կարդալով “Голос Армении” -ում՝ “Гагик ГАЛСТЯН: ВУЗЫ ДОЛЖНЫ СТАТЬ НАУЧНЫМИ ЦЕНТРАМИ” հարցազրույցը ( այստեղ), ևս մեկ անգամ համոզվում ես, որ այսօր ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը ղեկավարում է միամիտ մարդկանց վստահությունը չարաշահող մի խաբեբա:

Ռեկտոր Գագիկ Գալստյանն իր պաշտոնավարման 5 տարիների ընթացքում, կազմալուծեց բուհի հետազոտական բաղադրիչը: Նա իր կիսագրագետ (շատ մեղմ է ասված) էությամբ ու հանցավոր գործունեությամբ համալսարանն իջեցրեց այնպիսի ցածր մակարդակի, որը չէր եղել նույնիսկ պատերազմի տարիներին: 

Մենք կխոսենք փաստերով՝ ներկայացնելով ռեկտոր Գալստյանի իրական դեմքը:

Եվ այսպես.  Դրվագ 1

Բուհը՝ գիտական կենտրոն դարձնելու մասին խոսում է մեկը, ում կառավարման օրոք տարեցտարի փակվել են մեծ հեղինակություն ունեցող ծրագրեր: Եվ սա, ոչ մեկի համար, վաղուց արդեն գաղտնիք չէ: Մասնավորապես դադարեցվել է համագործակցությունը IAHR և ICOLD համաշխարհային ճանաչում ունեցող գիտական կազմակերպությունների հետ: 

Տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արեստակ Սարուխանյանը, ժամանակին պատմել է.

“Մեր համալսարանը սերտ համագործակցության մեջ էր ջրային ոլորտի երկու խոշոր միջազգային կառույցների հետ՝ ICOLD, IAHR: Բարձր պատվարների ICOLD կազմակերպությունը շատ խոշոր ու ճանաչված է: Նրա աշխատանքներին մասնակցելն ու հրավեր ստանալ, տպագրվել և ելույթներով հանդես գալ այդ կազմակերպության տարեկան ժողովներին, մեծ պատիվ է ցանկացած երկրի համար:

Մեր համալսարանի պատվիրակությունը, որը միաժամանակ ներկայացնում էր Հայաստանը, ICOLD –ի աշխատանքներին առաջին անգամ մասնակցեց 2011թ.-ին և նույն տարվանից էլ անդամագրվեց այդ կազմակերպությանը: 2012թ.-ին Ճապոնիայի Կիոտո քաղաքում զեկուցումներով մասնակցեցինք ICOLD-ի տարեկան ընդհանուր համաժողովին. մեծ պատվիրակության կազմ էր գնացել, ներկա էինք լիագումար բոլոր նիստերին՝ որպես լիիրավ անդամ: Բոլոր միջոցառումներից առաջ, նախապես հրավերներ էինք ստանում, գիտաժողովի թեմաներն էինք մշակում, մի խոսքով ՝ շատ ջերմ հարաբերություններ էին… Այդ համաժողովներն իրենց ազդեցությամբ այնքան հեղինակավոր էին, որ մենք էլ էինք ցանկանում, որ նման մի գիտաժողով էլ Հայաստանում լինի … Հետո սկսեց մեր համագործակցության բուռն շրջանը …Հրաշալի տարիներ էին

… Հաջորդը համաժողովը ԱՄՆ-ի  Սիետլ քաղաքում էր: Եվ ուզում եմ ավելացնել ,որ կարևորը ոչ միայն թեմաներն էին , որոնք քննարկվում էին այս գիտաժողովներում, այլ նաև այն, որ մենք ականատեսն էինք գիտական աշխարհում հիրավի գերխոշոր կազմակերպությունների գիտական հետազոտություններին … Դժբախտաբար այն կարճ կյանք ունեցավ : Շատ ծրագրեր կային ,որոնք պիտի կյանքի կոչվեին, բայց համագործակցությունը դադարեցվեց 2014 թ.-ին: Վերջին անգամ Ինդոնեզիայում մասնակցեցինք ICOLD-ի գագաթաժողովին ու վերջ: IAHR-ի մասով վերջին գիտաժողովը մեզ համար Չինաստանն էր, իսկ Հանոյում 2014թ. աշնանը նախատեսված գագաթաժողովին, մենք արդեն չմասնակցեցինք…

Ուզում եմ նաև հավելել, որ այս երկու կառույցների հետ համագործակցությունը մեծ ազդեցություն ունեցավ համալսարանի երվրոպական հավատարմագրման գործընթացում… 2014 թ.-ից (տեղեկացնեմ, որ նույն տարում ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանին փոխարինելու եկավ Գագիկ Գալստյանը), հետաքրքրությունը նման աշխատանքների հանդեպ նվազեց  ու այդ երկու հզոր կառույցների հետ համագործակցությունն ընդհատվեց … Այդ համագործակցության ողջ բեռն ինձ վրա էր դրված, ես ICOLD-ի Հայաստանի ազգային ներկայացուցչության նախագահն էի: Մեծ ցավ եմ ապրում, որ նման խոշոր կազմակերպությունների հետ այլևս չենք համագործակցում”,-ասել է պրոֆեսոր Արեստակ Սարուխանյանը ( այստեղ, այստեղ):

Այսինքն, ի՞նչ. բուհը գիտական կենտրոն դարձնող ռեկտորը գալիս, ու փակում է բուհի գիտական համագործակցության ամենախոշոր ծրագիրն ու հետո խոսո՞ւմ է գիտությամ մասին: 

Ի պատասխան այս խնդրով Գագիկ Սարգսյանի 31.01.2019թ. բարձրացրած հարցի, ռեկտոր Գալստյանը պատասխանում է. Համալսարանը չի համագործակցում ICOLD և IAHR կազմակերպություններին: Համալսարանի անդամակցությունը համարվել է ոչ նպատակահարմար՝ ֆինանսական լրացուցիչ ծախսերի, համալսարանի ուսումնագիտական գործընթացի ոչ բավարար օգտակարության տեսանկյունից:

Բայց արի ու տես, որ այս կազմակերպությունների անունները կարևոր են եղել բուհի համար, և համալսարանի պաշտոնական կայքից, որպես համագործակցող կազմակերպություններ, հեռացվել են 5 տարի անց՝ բարձրացած աղմուկից հետո՝ 2019թ. փետրվար ամսին: 

Սակայն խնդիրը միայն այդ բուհին չէ, որ առնչվում է: Հենց ճարտարապետաշինարարական համալսարանում էր գործում ICOLD-ի հայաստանյան ներկայացուցչությունը: Ռեկտոր Գագիկ Գալստյանի անտրամաբանական քայլերի հետևանքով, գիտական համագործակցության բնագավառում տուժել է նաև Հայաստանի միջազգային վարկը: 

Դժվար է պատկերացնել, որ արտերկրի մեր գործընկերները կարողանան հասկանալ, որ Հայաստանում, ճարտարապետաշինարարական համալսարանի պես կարևոր բուհը ղեկավարվում է բդեշխության կանոններով՝ “ԼԱՎ ԵՄ ԱՆՈՒՄ” սկզբունքով գործող մի անձնավորության կողմից, ում ատենախոսությունը լեփ-լեցուն է արտագրություններով, ով իր պաշտոնավարության օրոք էապես նվազեցրել է բուհի հետազոտական գործունեության մակարդակը:

Եվ այդ անձնավորությունը դեռ շարունակում է պաշտոնավարել  ռեկտորի պաշտոնում՝ ճարտարապետաշինարարական համալսարանի կառավարումը վերածելով անճաշակ մի շոուի:

Ահա և քեզ ռեկտոր Գագիկ Գալստյան՝ միամիտ մարդկանց վստահությունը չարաշահող՝ իսկական մի խաբեբա. կամ, այլ կերպ ասած՝ ՇԱՌԼԱՏԱՆ: 

Սա ծաղր է բուհի ու նաև՝ մեր երկրի համար:

Շարունակությունը՝ հաջորդիվ:

 

Գագիկ Ներսիսյան 

Facebook Comments