Պրոֆեսոր Համբարձումյանը բաց նամակով դիմել է բուհի հոգաբարձուների խորհրդի նախագահ Վլադ Ասատրյանին ու խորհրդի անդամներին

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի պրոֆեսոր, տեխնիկական գիտությունների դոկտոր Պետրոս Համբարձումյանը բաց նամակով դիմել է բուհի հոգաբարձուների խորհրդի նախագահ Վլադ Ասատրյանին ու խորհրդի անդամներին:

Հոգաբարձուների խորհրդի հարգելի նախագահ, պարոն Վլադ Ասատրյան

Հոգաբարձուների խորհրդի հարգելի անդամներ

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում վերջին 5 տարիներին տեղի են ունենում գործընթացներ, որոնք հարիր չեն մեր բուհի ավանդույթներին ու չեն համապատասխանում այն տեսլականին, ինչին ձգտել ենք տասնամյակներ շարունակ: Համալսարանի ռեկտոր Գագիկ Գալտյանը և իր վարչակազմը շարունակաբար կատարում են գործողություններ, որոնց օրինականությունը կասկածների տեղիք է տալիս:

Շուրջ 45 տարի լինելով համալսարանում, ուսանողի կարգավիճակից հասնելով մինչև պրոֆեսոր, ես չեմ ուզում և չեմ կարող աչք փակել այն երևույթների դեմ, որնք տեղի են ունենում համալսարանում՝ ռեկտոր Գագիկ Գալստյանի անմիջական ղեկավարությամբ:

Իմ մտահոգությունները բազմիցս հայտնել եմ նաև լրատվության զանգվածային միջոցներով: Պաշտոնապես դիմել եմ նաև բուհի հոգաբարձուների խորհրդի նախագահին ու խորհրդի անդամներին: Ի պատասխան, ստացել եմ հոգաբարձուների խորհրդի նախագահ Վլադ Ասատրյանի ու ռեկտոր Գագիկ Գալստյանի 01.07.2019թ. թիվ 01-05-01/01-04 գրությունը, որով մերժվել է ինձ տեղեկատվություն տրամադրել, քանի որ այդ հարցերին առնչվող դատարանում քաղաքացիական գործեր են քննվում:

Հայտարարում եմ, որ քննվող գործերը միայն մասամբ են առնչվում իմ հարցադրումներին: Բացի այդ, որևէ իրավական սահմանափակում չկա և չի կարող լինել համալսարանին գործունեությանն առնչվող տեղեկատվություն ստանալու համար, քանի որ թափանցիկությունն ու հրապարակայինությունը համալսարանների գործունեության հիմնական սկզբունքներից է: Այնպես, որ Վլադ Ասատրյանի ու Գագիկ Գալստյանի պատասխանը տրամաբանությունից դուրս է ու հիմնազուրկ: Բացի այդ հոգաբարձուների խորհրդի նախագահը չի կարող դուրս գալ օրենքով իրեն վերապահված լիազորություններից ու պաշտոնական կարծիք հայտնել այլ կերպ, քան հոգաբարձուների խորհրդի որոշմամբ ձևավորված կարծիքն է:

Ելնելով վերոգրյալից և հաշվի առնելով, որ ՀՀ հիմնադրամների մասին օրենքի 25 հոդվածի առաջին մասի 10-րդ կետի և համալսարանի կանոնադրության 29 կետի 5 ենթակետի պահանջներով, հոգաբարձուների խորհրդին է վերապահված հիմնադրամի ֆինանսատնտեսական գործունեության վերահսկումը.

Խնդրում եմ հոգաբարձուների խորհրդի նախագահ Վլադ Ասատրյանին, հոգաբարձուների խորհրդի քննարկմանը ներկայացնելու նպատակով, համալսարանի ֆինանսատնտեսական գործունեության վերահսկման շրջանակներում ստեղծել ժամանակավոր հանձնախումբ՝ ուսումնասիրելու համար հետևյալ հարցերը.

  1. 2014-2019թթ. ի՞նչ հաստոցներ ու մամլիչներ են դուրս գրվել համալսարանի հաշվեկշռից: Ի՞նչ հիմքերով է իրականացվել դուրսգրման գործընթացը: Որ ամբիոններից կամ ստարաբաժանումներից է այն իրականացվել (կոնկրետ համարներով և մակնիշներով): Որտե՞ղ և ի՞նչ վիճակում են հիմա դրանք:
  2. 2014-2019թթ. ի՞նչ հաստոցներ ու մամլիչներ են տարվել համալսարանից, որոնք նվիրաբերված են եղել համալսարանին, սակայն նրա հաշվեկշռում գրանցված չեն եղել (կոնկրետ համարներով և մակնիշներով): Որտե՞ղ և ի՞նչ վիճակում են հիմա դրանք:
  3. Ե՞րբ են համալսարանից տարվել 1-ին և 2-րդ կետերով նշված այն հաստոցները և մամլիչները, որոնք հանձնվել են որպես մետաղի ջարդոն: Մանրակրկիտ ուսումնասիրել հաստոցները և մամլիչները, որպես մետաղի ջարդոն հանձնելու կասկածելի գործընթացը:
  4. Ի՞նչ արժեքի և ինչպիսի՞ անվանումների նվիրատվություն է ստացել համալսարանը Ճարտարապետական ու շինարարական կրթության աջակցման հիմնադրամից 2015-2017թթ.-ին, ուումնասիրել նվիրաբերված գույքի փաստաթղթերի հիմքերը: Ինչո՞ւ մինչ այժմ շահագործման չի հանձնվում համալսարանի ճաշարանը:
  5. Թերբեռնված խմբերում նվազեցված ժամաքանակներով պարապմունքների հետևանքով ինչքա՞ն է կազմել պետությանը և վճարովի համակարգի ուսանողներին պատճառված վնասը` համալսարանի կողմից ստանձնած պարտավորությունները թերի կատարելու հետևանքով:
  6. Քանի իրավախորհրդատու, իրավաբան կամ փաստաբան է աշխատում համալսարանում, ի՞նչ հաստիքներով, և որքա՞ն միջոցներ են ծախսվում համալսարանի բյուջեից, նրանց տարեկան ծախսերը հոգալու համար:
  7. Որքա՞ն է կազմել ռեկտոր Գագիկ Գալստյանի և պրոռեկտոր Մարինե Ղազարյանի գոծուղումների ծախսերը 2014-2019թթ.՝ ըստ տարիների և ֆինանսավորման աղբյուրների: Փաստացի ի՞նչ ժամկետներով են այդ երկու անձնավորությունները բացակայել Հայաստանի Հանրապետությունից, համընկնում են արդյո՞ք այդ ժամկետները նրանց գործուղման և արձակուրդում լինելու ժամկետների հետ:
  8. Քանի ստորաբաժանում է եղել համալսարանում մինչև հիմնադրամ դառնալը և որքա՞ն է այն ներկայումս: Քանի լսարան է փակվել, չինովնիկների համար կաբինետներ սարքելու նպատակով:
  9. Ովքե՞ր և ի՞նչ չափի պարգևատրումներ են ստացել համալսարանից 2014-2019թթ.:
  10. Ինչո՞ւ համալսարանի պաշտոնական կայքում չի տեղադրված համալսարանի 2014-2019թթ. գործունեության մասին ամբողջ տեղեկատվությունը (առկա է միայն 2018թ. հաշվետվությունը):

Առաջադրելով այս հարցերը, կարծում եմ, որ Վլադ Ասատրյանը հստակ գիտակցում է այն պատասխանատվությունը, որը ստանձնել է համալսարանի հագաբարձուների խորհրդի նախագահի պաշտոնում ընտրվելիս: Ուստի լիահույս եմ, որ նա պիտի գործի պահպանելով օրենքի տառը, վեր կանգնելով ռեկտոր Գագիկ Գալտյանի նկատմամբ պրոտեկցիոնիզմի ցուցաբերման դրսևորումներից: Այդպիսով հնարավոր կլինի ապահովել բարձրացված հարցերի անկողմնակալ, թափանցիկ ուսումնասիրությունների իրականացումը և դրա արդյունքների հիման վրա շահագրգիռ, լայն քննարկման կազմակերպումը:

Պարոն Ասատրյան, հոգաբարձուների խորհրդի հարգելի անդամներ, մեր հայրերի, եղբայրների և քույրերի կողմից տասնյակ տարիների ընթացքում ստեղծված համալսարանի պահպանումը և զարգացման ապահովումը կաևորագույն գործառույթ է: Այն այսօր վտանգված է: Համոզված եմ, որ Դուք լիարժեք կկատարեք օրենքով և համալսարանի կանոնադրությամբ Ձեզ վերապահված լիազորությունները:

Հարգանքով՝

Պետրոս Համբարձումյան

տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

08.07.2019թ.

P.s. Rector.am-ում կարդացեք նաև այս խնդրին առնչվող հետևյալ հոդվածները` այստեղայստեղայստեղայստեղայստեղ:

Facebook Comments