Ճարտարապետաշինարարականի հոգաբարձուների խորհրդի նախագահ Վլադ Ասատրյանը պատասխանել է պրոֆեսոր Պետրոս Համբարձումյանին ու հակադարձվել

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի պրոֆեսոր Պետրոս Համբարձումյանը 19.06.2019թ. դիմել էր բուհի հոգաբարձուների խորհրդի նախագահին ու անդամներին:

Պրոֆեսոր Համբարձումյանի կողմից առաջադրվել են հետևյալ հարցերը ( այստեղ).

Առաջին. Համալսարանն առկա ուսուցման մագիստրատուրայի թերբեռնված, նեղ մասնագիտական խմբերում, 2014թ. հունիսից սկսած, կիրառում է դասախոսների 25% վարձատրման գործառույթ: Այսինքն՝ այդ խմբերում անց են կացվում նախատեսվածից 4 անգամ ավելի պակաս պարապմունքներ, ինչը հանգեցնում է ուսման որակի անխուսափելի անկման: Նվազեցված տոկոսով վարձատրման պրակտիկայի կիրառումը հակաօրինական է։ Պետության կողմից բուհին պետպատվերով  տրամադրվող գումարը ներառում է ուսումնական պլանով նախատեսված պարապմունքները: Փաստորեն, կիրառելով նվազեցված տոկոսով վարձատրման պրակտիկան, ստացած գումարի դիմաց իր կողմից ստանձնած պարտավորությունների մի մասը Համալսարանը 5 տարի շարունակ չի իրականացրել՝ պետությանը պատճառելով խոշոր չափերի վնաս: Նույնպիսի վնաս կրում են նաև վճարովի ուսուցման համակարգում սովորող ուսանողները: Բացի այդ, գիտական քարտուղար Լևոն Հայկազի Լևոնյանի կողմից վավերացված և Համալսարանի կնիքով կնքված, թերբեռնված պարապմունքների չափաքանակներին վերաբերող նույն որոշման երկու փաստաթուղթ գոյություն ունի: Այսինքն՝ գործ ունենք առերևույթ կեղծիքի հետ: Պրոֆեսոր Համբարձումյանը խնդրում է պարզել. գիտքարտուղար Լևոն Լևոնյանն ո՞ւմ հանձանարարությամբ, ե՞րբ և ի՞նչ նպատակով է վավերացրել երկու իրարամերժ փաստաթղթեր և ռեկտոր Գագիկ Գալստյանի դիրքորոշումն իրենց նպատակին չօգտագործված գումարները հետ վերադարձնելու  վերաբերյալ:

Երկրորդ. Ռեկտոր Գալստյանի պաշտոնավարման օրոք Համալսարանից դուրս են գրվել բազմաթիվ աշխատող հաստոցներ: Դրանց մի մասը հանձնվել է որպես մետաղի ջարդոն: Այն հանգամանքը, որ հաստոցները եղել են աշխատունակ և օգտագործվել են, գիտեն շատերը: Դրանք դուրս են գրվել, կազմելով համապատասխան ակտեր: Ընդ որում, չեն գրանցվել այն հաստոցները, որոնք համալսարանին տրվել են որպես նվիրատվություն, մասնավորապես, Հիդրավլիկայի ամբիոնի հաստոցներից մեկը, որը ժամանակին նվեր էր ստացել պրոֆեսր Վաղարշակ Հովսեփյանը և գտնվում էր միանգամայն սարքին վիճակում: Պրոֆեսոր Համբարձումյանը խնդրել է պարզել. ո՞վ է հանձնարարել կազմել դուրս գրման ակտերը, ի՞նչից ելնելուվ են դրանք արձանագրվել որպես անաշխատունակ, որտե՞ղ են հիմա դրանք և ո՞ւմ կողմից են շահագործվում:

Երրորդ. Համալսարանում 2015թ. սկսվել և կիսատ է մնացել ճաշարանի շինարարությունը, որի համար բուհը, փաստաթղթով, մեծ գումարի (50 միլիոն դրամից ավելի) անհատույց նյութեր է ստացել ճարտարապետական և շինարարական կրթության աջակցության հիմնադրամից, որի տնօրենը Գագիկ Գալստյանի նախագահությամբ գործող, շինարարների միության տնօրեն, «Մեդիս Շար» ՍՊԸ-ի տնօրեն Գուրգեն Մինասյանն է: Սակայն Azdarar.am –ում այդ նվիրատվության մասին համապատասխան տեղեկատվությունը բացակայում է:   Պրոֆեսոր Համբարձումյանը խնդրում է պարզել. ի՞նչ քանակի և գումարի նվիրատվություն է ստացել համալսարանը ճարտարապետական և շինարարական կրթության աջակցության հիմնադրամից, ի՞նչ փաստաթղթերի հիման վրա են դրանք ներկայացված: Եվ վերջապես ինչո՞ւ Գագիկ Գալստյանը դադարեցրեց ճաշարանի շինարարությունը և ինչո՞ւ այն, պատրաստ լինելով հանդերձ, մինչ օրս շահագործման այն չի հանձնվում: Կապված է արդյո՞ք դա վերը նշված նվիրատվության շարժառիթների  բացահայտման հետ, որը շատերի կարծիքով բուհի մասնաշենքի առաջին (կիսանկուղային) հարկի սեփականաշնորհման հիմք պետք է հանդիսանար Գագիկ Գալստյանի համար:

Համալսարանի հոգաբարձուների խորհրդի անդամներին նաև տեղյակ է պահվել, որ Երևան քաղաքի քաղաքացիական գործերով առաջին ատյանի դատարանում, ռեկտոր Գագիկ Գալստյանի դեմ ներկայացված հայցադիմումներով, վերը բերված հարցերին առնչվող երեք գործերով քննություն է ընթանում: 

Ստորև ներկայացնում ենք բուհի հոգաբարձուների խորհրդի նախագահ Վլադ Ասատրյանի 01.07.2019թ., N01-05-01/01-04  պատասխանը, պրոֆեսոր Համբարձումյանի գրությանը, որի վրա, չգիտես ինչո՞ւ դրված է նաև ռեկտոր Գագիկ Գալստյանի ստորագրությունը:

Նախ, անհրաժեշտ ենք համարում ասել, որ  հարիր չէ օգտագործել «… հիմնադրամի աշխատակից Պետրոս Համբարձումյանին» դիմելաձևը: Պետրոս Համբարձումյանը պրոֆեսոր է, գիտությունների դոկտոր, նա համալսարանի հիմնասյուներից է… իսկ  հիմնադրամի աշխատակիցը՝  Գագիկ Գալստյանն է, ով ժամանակավորապես համալսարանում ռեկտոր է աշխատում: Պետրոս Համբարձումյանի դոկտորական ատենախոսությունը, ռեկտորի դիսերտացիայի պես լցված չէ արտագրություններով, նա պրոֆեսոր դառնալու ճանապարհին, տասնյակ տարիներ բարեխղճորեն դասավանդել է բուհում, երբ Գագիկ Գալստյանը գեթ մեկ անգամ լսարան մտած չկա առ այսօր:

Անցնենք պատասխանի բուն տեքստին. «… նշված գործողությունների օրինականության վերաբերյալ Երևանի ընդհանուր իրավասության դատարանում քննվում են քաղաքացիական գործեր: Այդ պատճառով և արդարադատության շահերից ելնելով՝ չի կարող նշված գործողություններին ու հարցադրումներին գնահատականներ տրվել և տեղեկատվություն տրամադրվել մինչև վերջնական դատական ակտի կայացումը»

Ավելի անհեթեթ հիմնավորում դժվար է գտնել: Նախ բոլոր դատական գործերն ունեն կոնկրետ պահանջներ և միայն մասնակիորեն են ներառում պրոֆեսոր Համբարձումյանի հարցադրումների ողջ սպեկտորը: Բացի այդ, համալսարանը քաղաքացիական երեք գործերում ընդգրկված է որպես երրորդ անձ (պատասխանողը ռեկտոր Գալստյանն է), իսկ համալսարանի մեջ են մտնում և հոգաբարձուների խորհուրդը, և համալսարանի աշխատակիցները, ովքեր իրավունք ունեն իմանալու թե ով՝ ի՞նչ է արել իրենց բուհի հետ: Իրավունք ունեն իմանալու հենց հիմա, գործող ռեկտորի պաշտոնավարման ժամանակ, այլ ոչ թե անորոշ ժամանակ հետո, երբ… թույլ տվեք բաց չնշել ժողովրդական հայտնի ասացվածքը:

Ամփոփենք վերն ասվածը. պրոֆեսոր Պետրոս Համբարձումյանը համալսարանի հետ առնչվող կարևորագույն հարցերով դիմել է հոգաբարձուների խորհրդի նախագահին ու անդամներին, այլ ոչ թե ռեկտոր Գալստյանին: Ընդ որում հենց ռեկտոր Գալստյանի կողմից կատարած բազմաթիվ կասկածելի գործողությունների հետ առնչվող հարցերով: Ու, այ քեզ բան,  ում գործողությունների դեմ ուղղված են հարցադրումները, ինքն էլ պատասխանում է դրանց:

Հորդորում ենք հոգաբարձուների խորհրդի հարգարժան նախագահին, ևս մեկ անգամ ծանոթանալու Հիմնադրամների մասին ՀՀ օրենքին ու համալսարանի կանոնադրությանը, որով հստակ տարանջատված են Հոգաբարձուների խորհրդի ու ռեկտորի լիազորությունները:

Հենց հոգաբարձուների խորհուրդն է իրականացնում համալսարանի գործունեության, այդ թվում՝ ֆինանսատնտեսական գործունեության վերահսկողությունը (Կանոնադրություն, կետ 28, ենթակետ՝ 5),   ռեկտորի՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը հակասող հրամանների, հրահանգների և ցուցումների կասեցումը կամ դրանք ուժը կորցրած ճանաչելը (Կանոնադրություն, կետ 28, ենթակետ՝ 11): 

Հիշեցնենք նաև, որ հոգաբարձուների խորհրդի նախագահը, իրավասություն չունի միայնակ, առանց խորհրդի որոշման, կարծիք կամ եզրակացություն ներկայացնել առաջադրված հարցերի վերաբերյալ (Կանոնադրություն, կետ 33): 

Այնպես որ, բուհի հոգաբարձուների խորհրդի նախագահի և ռեկտորի համատեղ ստորագրած գրությունն, ի պատասխան պրոֆեսոր Պետրոս Համբարձումյանի կողմից, բուհի հոգաբարձուների խորհրդի նախագահին ու անդամներին արված հարցադրումների, իրավական ուժ ունենալ չի կարող:

Փաստորեն, օրենսդրությամբ իրեն վերապահված լիազորություններն իրականացնելու փոխարեն, բուհի հոգաբարձուների խորհրդի նախագահը, ռեկտորի հետ համատեղ ստորագրում է նույն ռեկտորի վարչակազմի կողմից, պրոտեկցիոնիզմի դասական ավանդույթներով սարքած մի գրություն, որն ըստ էության, միտված է ոչ թե բաձրացված հարցերը պարզաբանելու ու շտկելու, այլ ռեկտոր Գալստյանի հակաօրինական գործողությունները թաքցնելու համար: 

Հարգելի պարոն Ասատրյան, Դուք հանրապետությունում ու արտերկրում ճանաչված շինարար եք, ունեք պարկեշտ ու սկզբունքային մարդու համբավ: Ընտրելով Ձեզ ճարտարապետաշինարարական համալսարանի հոգաբարձունեի խորհրդի նախագահ, բոլորը լիահույս են, որ Ձեր գործողություններն ուղղված են լինելու բուհի վարկանիշի բարձրացմանը և բնականոն գործունեության ապահովմանը: Դուք այդ բուհի շրջանավարտ եք, դրա մի մասնիկը: Մի թողեք, Գագիկ Գալստյանի պես պատահական անձանց, ում այսօր գուցեև դեռ ընկեր եք համարում (կարճ ժամանակ հետո կգա իմաստության պահը), արատավորել, ոչնչացնել ու ապականել Ձեր ու Ձեր ընկերների ստեղծածն ու Ձեր ուսուցիչների հիշատակը… 

Բարին ընդ Ձեզ:

Գագիկ Ներսիսյան

 

 

 

Facebook Comments