ՓԱՌՔ ՄԵՐ ՀԵՐՈՍՆԵՐԻՆ

Այսօր սկսվեց ապրիլյան քառօրյա պատերազմը:

Շփման գծի ողջ ճակատով ռազմական գործողություններ են ընթացել Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի և Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի միջև:

Առավել թեժ մարտեր են ընթացել Հադրութի և Մարտակերտ ուղղություններով։

Ադրբեջանական կողմը կիրառել է իր զինանոցում եղած ռազմական տեխնիկայի գրեթե բոլոր հնարավոր տեսակները: 

2016 թ. ապրիլի 3-ին՝ ժամը 06։00-ից սկսած, առաջնային գծի հարավային ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերը հրթիռահրետանային միջոցների և զրահատեխնիկայի կիրառմամբ շարունակել են ագրեսիվ ռազմական գործողությունների վարումը։

Ադրբեջանական կողմը ապրիլի 3-ին հայտարարություն է տարածել, որ միակողմանի դադարեցնում է կրակը, սակայն շարունակել է մարտական գործողությունները և Մարտակերտի խաղաղ բնակիչների հրետակոծումը։

Ապրիլի 3-ի լույս 4-ի գիշերը շփման գծի ողջ երկայնքով ադրբեջանական կողմը ականանետերով ու հրանոթներով շարունակել է արկակոծել հայկական զինված ուժերի առաջնային դիրքերն ու մերձակա հայկական բնակավայրերը:

Ապրիլի 4-ի լույս 5-ի գիշերը առաջնային գծի հարավային ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերը կիրառել են «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ:

Այնուհետև հաստատվել է հրադադար, դադարեցվել են ռազմական գործողությունները:

Ապրիլի 5-ի լույս 6-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հիմնականում պահպանվել է ապրիլի 5-ի ժամը 12-ին ձեռք բերված կրակի դադարեցման շուրջ պայմանավորվածությունը:

Ապրիլի 6-ի լույս 7-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Թալիշի) ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերը ձեռնարկել են դիվերսիոն հետախուզական գործողություն։ Տալով մեկ զոհ՝ հետ են շպրտվել:

Ապրիլի 8-ին, համաձայն նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության, հայկական և ադրբեջանական կողմերը, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ԵԱՀԿ Մինսկի խմբի գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականների միջնորդությամբ, իրականացրել են զոհվածների որոնողական աշխատանքներ, որոնց ընթացքում կրակի դադարեցման շուրջ պայմանավորվածությունների խախտում չի արձանագրվել։

2016 թվականի ապրիլյան մարտերի հետևանքով հայկական կողմը ունեցել է ավելի քան 100 զոհ և կորցրել է մոտ 800 հա տարածք:

Աղբյուրն` այստեղ

Facebook Comments