ՇԱՐՔԻ ՎԵՐՋԻՆ ՄԱՐԴԸ …

Վաղուց ժամանակն է գրելու այն անձանց մասին, ովքեր ճանապարհ հարթեցին դեպի ՀԱՂԹԱՆԱԿ…

Շատ հերոսների մասին է գրվել: Նրանցից մի մասի հիշատակը հավերժացվել է փողոցներ ու դպրոցներ անվանակոչելով, կիսանդրիներ ու արձաններ տեղադրելով:

Սակայն, շատ են նաև նրանք, ում մասին թեև որոշ բան ասվել է, սակայն շատ հպանցիկ ու քիչ:

Նոր սերունդը գրեթե ոչինչ չգիտի այդ մարդկանց արածի մասին: Հիմա, յուրաքանչյուրիս պարտքն է, պատմել բոլոր նրանց մասին, ում անձամբ ճանաչել ենք… ու դա մենք պիտի անենք հիմա, որովհետև այլևս ժամանակ չենք ունենալու…

Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից 75 տարի է անցել, սակայն Ռուսաստանը  մինչ օրս այդ հաղթանակին նվիրված ֆիլմեր է նկարում, գրքեր գրում… ու ճիշտ է անում: Նրանք հստակ հասկանում են, որ այն պահին, երբ կմոռանան այդ հաղթանակի մասին, անմիջապես նոր պատերազմ կստանան…

Արդվի

Ափսոս միայն, որ ֆաշիզմի դեմ հաղթանակի գործում, մեր հայրենակիցների ավանդի մասին արդեն ավելի ու ավելի քիչ է խոսվում:

Այսօր, ես ուզում եմ պատմել Հայրենական և Արցախյան պատերազմներում իր նշանակալի ավանդը բերած, մի զարմանահրաշ մարդու մասին, ում հիշում եմ այնքան ժամանակ, ինչքան որ ինձ եմ հիշում.

Ես 4 տարեկան էի, երբ ամուսնանալով մորաքրոջս՝ Սուսաննա Գրիգորյանի հետ՝ մեր ընտանիք մտավ Աշոտ Քալանթարի Քալանթարյանը. երիտասարդ, ամրակազմ, գեղեցիկ, գրագետ, բացառիկ ազնվության տեր մի անձնավորություն, ում վիճակված էր հսկայական դեր խաղալ իմ աշարհայացքի կազմավորման և որպես մարդ ձևավորման գործում:  

Աշոտ Քալանթարյանը տոհմիկ ազնվականների գերդաստանից է. նրա նախապապը՝ կոմս Միխայել Տարիելի Լորիս-Մելիքովն է, ով Ալեքսանդր II-ի օրոք Ռուսաստանի դիկտատորն էր: Այդ գերդաստանից է սերում նաև Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:

Աշոտ Քալանթարյանը ծնվել է 1925թ. ապրիլի 1-ին, Արդվիում: 1941թ. ավարտելով ռազմաօդային ուսումնարանը՝ 16 տարեկան հասակում, մեկնում է ռազմաճակատ: Թռիչքների նկատմամբ նրա անսահման սերը հետագայում փոխանցվեց նաև ինձ:

1941թ. Գլխավոր թռիչքները դեռ առջևում են

Պատերազմից անմիջապես հետո, երիտասարդ սպան ընդունվում է Մոսկվայի էներգետիկայի ինստիտուտ, որը փայլուն ցուցանիշներով ավարտելուց հետո, ամբողջ կյանքում զբաղվում է ռազմական արդյունաբերության խնդիրներով: 

Ղարաբաղյան շարժման առաջին ամիսներն էին. գորբոչովյան դրածոները դեռ ղեկավարում էին երկիրը։ Նախկին կենտկոմի շենքի դիմաց Բաղրամյան պողոտայի երկայնքով և գիտությունների ակադեմիայի ողջ շրջակայքում ասեղ գցելու տեղ չկար։ Աշոտ Քալանթարյանը, ինչպես և ողջ հայ մտավորականությունը այնտեղ էր։ Տարբեր հարթակներից բարձրախոսներով հնչում էին ոգեշնչող և շարժումը ղեկավարող ելույթներ։ Եվ հանկարծ, նրա ականջին է հասնում  հարազատ մի ձայն։ Ելույթ ունեցողը նրա կինն էր՝ երկրաբանական գիտությունների դոկտոր  Սուսաննա Գրիգորյանը, ով այդ օրերին գիտությունների ակադեմիայի երկրաբանության ինստիտուտի գիտաշխատողներից էր: Մորաքրոջս աշխատասենյակի մինչև հատակ ձգվող պատուհանը դեպի կենտկոմ էր նայում, և այնտեղ, բոլոր աշխատակիցները գտնվում էին շարժման հորձանուտում: Նրա հետ էր աշխատում նաև Սիմոն Աչիգյոզյանը: Սակայն Քալանթարյանն ու Աչիգյոզյանը դեռևս իրար չեն ճանաչում: Նրանք կհանդիպեն ռազմաճակատում՝ Խաչիկ գյուղի ինքնապաշտպանական մարտերի օրերին։ Նրանց ընկերությունը շարունակվեց մինչեւ Սիմոնի հերոսական մահը։

Մարտունաշենի մարտերում

Աշոտ Քալանթարյանի երկրորդ պատերազմը սկսվեց 1989թ. դեկտեմբերին՝ Հադրութի շրջանում: Ապա այն շարունակվեց Սիսիանում, Վայքում, Կապանում, պաշարված Գետաշենում, Շահումյանում…Աշոտ Քալանթարյանը (ղարաբաղցիները նրան Քեռի Աշոտ էին կոչում) թշնամու խոր թիկունքում բազմիցս ականապատեց, իսկ ազատագրումից հետո ականազերծեց տարածքներ: Առանձնահատուկ գործողություններ նրա կողմից իրականացվեցին լեգենդար Թաթուլ Կրպեյանի հանձնարարությամբ: Երբ Աշոտ Քալանթարյանի ներկայությամբ խոսում էին Գետաշենի հանրահայտ Սպիտակ տան պայթեցման մասին, որն իր զինակիցների հետ, իրականացրել էր առանձնապես բարդ պայմաններում, նա իրեն այնպես էր պահում, կարծես թե դրա հետ ոչ մի կապ չի էլ ունեցել: Գետաշենը, վերջիններից մեկը  թողեց Աշոտ Քալանթարյանը։ Մայիսի 7-ին փոքր խմբով նրանք շարժվեցին դեպի Շահումյան՝ ճանապարհին այրելով այն ամենն ինչ չպետք է ընկներ հակառակորդի ձեռքը:

Մի քանի շաբաթ թաքնվեցին Շահումյանի անտառներում, քանի որ սովետական բանակի ու ադրբեջանական օմոնի կողմից որոնվող առանձնահատուկ վտանգավոր անձանց ցուցակում էր։ Երկու օր անց, մայիսի 9-ին, Մոսկվայի կարմիր հրապարակում շքերթի ժամանակ Սովետական երկրի ղեկավար Միխայիլ Գորբոչովը կենտրոնական հեռուստատեսությամբ նրա մասին ասաց բառացի հետևյալը. …իսկ հայրենական պատերազմն անցած որոշ սպաներ, ում կուրծքը զարդարում են մարտական շքանշաններ ու մեդալներ, դավաճան սեպարատիստներ են դարձել: Պետք է հալել այդ մեդալներն ու…

Առանձնահատուկ մեծ է Աշոտ Քալանթարյանի դերը 1989-1994թթ. Հայաստանում զինաթերքի արտադրություն կազմակերպելու գործում: Ամանորի տոներին, նրանց տանը, տոնածառի համար որպես հիմք էր ծառայում հակատանկային ականի պատյանը:

Ուզում եմ, այս հոդվածն ավարտել, ներկայացնելով մի հատված “Քեզ պատերազմ կտանեմ” էսսեից, որը գրվել է իրական դեպքերի հիման վրա.

…Ավտոշարասյունը դեռ նոր էր տեղ հասել, երբ հրաման ստացվեց լուսաբացին աննկատ անցնել ճակատի գիծը և պայթեցնել թշնամու ճամբարի ետնամասում գտնվող կամուրջը:

Առաջադրանքն իրականացնելու էր  փորձառու սպա, երկու պատերազմների մարտական բովով անցած Աշոտ Քալանթարյանի ջոկատը, որի կազմում էր նաև Արամը:

«Թշնամին կարող է նկատել ու ոչնչացնել ջոկատին, այդ պատճառով գնալու ենք անաղմուկ, մեկ շարքով»,- դեռևս լույսը չբացված տղաներին շարք կանգնեցրեց Քալանթարյանը, ինքը տեղ գրավեց ջոկատի ետնամասում ու հրաման տվեց առաջ շարժվել:

Լույսը հազիվ էր բացվել, երբ կամուրջը ականապատեցին: Միացնելով ժամանակի ռելեն, հրամանատարը տղաներին նորից շարք կանգնեցրեց, ինքն էլի ընկավ նրանց ետևը, և ջոկատը սկսեց վերադառնալ դեպի դիրքերը:

Պայթյունի ալիքը տեղահան արեց կամուրջի սյուները, որոնք ահարկու դղրդյունով շուռ եկան գետի մեջ:

— Հրամանատար,- Քալանթարյանին մոտեցավ Արամը, երբ ամեն ինչ արդեն ավարտվել էր,- ինչո՞ւ և գնալուց, և ետ

վերադառնալիս, Դու ջոկատի ետևից էիր գնում:

— Թշնամին կարող էր մեզ նկատել: Գնալուց՝ կենդանի մնալու ամենաշատ շանսն ունի շարքի վերջին մարդը: Քանի որ ես ձեզանից ամենափորձառուն եմ, վտանգի դեպքում, ես պետք է կենդանի մնայի, որպեսզի առաջադրանքը կատարվեր: Ետ վերադառնալիս, ջոկատի վերջին մարդն էր լինելու ամենախոցելին… դե… մի խոսքով՝ առաջադրանքն արդեն կատարված էր… ուրեմն՝ ամենախոցելին ես պետք է լինեի՝ քանի որ ձեզանից ամենատարեցն եմ…  պարզ թվաբանություն է, տղաս…  

Այս դեպքի մասին Աշոտ քեռու զինակիցներն, առավել շատ են սիրում պատմել. ու այդպես էլ դեպի հավերժություն գնաց ՇԱՐՔԻ ՎԵՐՋԻՆ ՄԱՐԴԸ… 

Դեռ կլինեն առիթներ, և մենք կխոսենք թե ինչպես Աշոտ Քալանթարյանի ու նրա նվիրյալ զինակիցների կողմից ստեղծվեցին հանրահայտ ականները, բազմաթիվ այլ զինատեսակներ: Ներկա սերնդին դաստիարակելու համար ամենևին պետք չեն մտացածին հերոսներ, նրանք մեր կողքին են ու մեր սրտերում:

Հովհաննես Թոքմաջյան

տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Գրաֆիկան՝ ՀՀ ժողովրդական նկարիչ Հենրիկ Մամյանի:

Հետգրություն. Աշոտ Քալանթարյանը կյանքի վերջին օրերն ապրեց հերոսաբար: Նռնակների փորձարկումներից, որպես “հիշատակ” մնացած բազմաթիվ բեկորներն արեցին իրենց սև գործը. թեև բժիշկները կարողացան փրկել ոտքերը, սակայն աջ ձեռքը պահպանել չհաջողվեց: Եվ  խաղաղ մի երեկո, երբ տեսակցության էի գնացել նրան, գրապահոցից հանեց  հաստափոր մի թղթապանակ ու տվեց ինձ… դա իմ կյանքի անցած ճանապարհն էր: 40 տարիների ընթացքում, նա հետևողականորեն հավաքել էր դպրոցական տարիների շարադրություններիցս սկսած մինչև Ազգային Ժողովում ու միտինգներում քաղաքական իմ ելույթները… 

Facebook Comments