Եռատոնին ընդառաջ. Ուսանողուհի Ժասմեն Աբրահամյանի շարադրությունը …

Հայերս դարեր շարունակ մաքառել ենք մեր ազատության, անկախության և հայրենի հողի համար:

Մեր պատմության յուրաքանչյուր դարաշրջան նշանավորվել է մարտունակ զինվորներով և հայրենյաց պաշտպաններով:

Դարեր շարունակ սերունդները դաստիարակվել են Վարդան Մամիկոնյանի, Անդրանիկ Օզանյանի, Գարեգին Նժդեհի, Դրաստամատ Կանայանի, և այլոց հերոսական կերպարներով: Բռնակալ Բելին գետին տապալած Հայկ նահապետի օրինակը  ոգեշնչման անսպառ աղբյուր է եղել հայրենյաց պաշտպանների համար:

Բազմադարյան պայքարի շնորհիվ մեր ժողովուրդը 1918թ. մայիսի 28-ին վերականգնեց իր անկախությունը, որի փորձաքարը դարձան մայիսյան հերոսամարտերը: Հայրենական մեծ պատերազմում նվաճված հաղթանակը նաև մեր հայրենակիցների մեծ ավանդի շնորհիվ ունեցանք:

Սերունդների հաջորդականության անխախտ կապն իր արտահայտությունը գտավ հինավուրց Շուշիի քաղաքի ազատագրմամբ, որը հայտնի է նաև «Հարսանիք լեռներում» կոդային անվանմամբ: Ինչպես 75 տարի առաջ մեր պապերն էին ազատագրում Բեռլինը, այնպես էլ մեր հայրերը Շուշին հետ բերեցին երկարամյա գերությունից:

Մայիսի 9-ը յուրաքանչյուր հայի համար լոկ ամսաթիվ չէ, այլ նաև միասնության և մարտական փառքի խորհրդանիշ է, լուսավոր ապագայի կերտման փարոս:

Այս տոնը խաղաղ ապրելու և արարելու, ինքնության և հարատևության համար պայքարող հայ ժողովրդի հաղթանակների խորհրդանիշն է: Հայ ժողովուրդը մեծ շուքով է նշում Հայրենական մեծ պատերազմում խորհրդային ժողովուրդների, այդ թվում` հայերի հաղթանակի տոնը, Շուշիի ազատագրման հերթական տարեդարձը և Արցախի պաշտպանության բանակի օրը: Հայրենական պատերազմի տարբեր ռազմաճակատներում արիաբար մարտնչել և այդպիսով հաղթանակի գործում իրենց ավանդն են ունեցել հայազգի բազում կտրիճներ, որոնցից շատերը պարգևատրվել են մարտական շքանշաններով ու մեդալներով, դարձել են «Փառքի շքանշանի» ասպետներ, արժանացել բարձրագույն՝ Խորհրդային Միության հերոսի կոչման:

Նրանց անմար սխրանքը և հայրենավեր գործը պատվով են շարունակել 1990-ական թվականների Հայոց հայրենական պատերազմի հերոսները:

Նրանց շարքում է նաև հայրս` Հրայր Սուրենի Աբրահամյանը:

Նա անվարան մարտնչել է թուրք հրոսակաների դեմ և աչքի ընկել մարտական գործողություններում: Թվում էր, թե նրա կենսագրությունն էլ խորհրդային միլիոնավոր քաղաքացիների կանխատեսելի կենսագրությունների նման է լինելու, սակայն այն լիովին փոխվեց, երբ հակառակորդը պատերազմով սպառնաց ոչ միայն մեր հայրենիքի անվտանգությանը, այլև հենց իսկ արցախցիների ֆիզիկական գոյությանը: Եվ մեր մյուս հայրենակիցների նման նա նույնպես դիմեց զենքի, կամավորագրվեց զինված ինքնապաշտպանության սուրբ գործին: Հայրենիքի նվիրյալը` հայրս, անցել է կյանքի կարճ, սակայն դժվարին ու պատվարժան ճանապարհ: Նրա մարտական ուղին հիշվելու է դարեդար, իսկ նրա փառապանծ անունը մեր սրտերում է մշտապես:     

Հայրս պարգևատրվել է «Մարտական Խաչ», առաջին աստիճանի  շքանշանով, «Շուշիի ազատագրման համար» և «Մարշալ Բաղրամյան» մեդալներով:

Մայիսյան հաղթանակները շարունակական են, դրանք հավիտյանս ուղեկցելու են իր բնօրրանում, հայրենի հողում ապրող ու արարող հայ ժողովրդին:

 

Ժասմեն Հրայրի Աբրահամյան

ՇՏՀ, Ագրոբիզնես, IV կուրսի  ուսանողուհի

Աղբյուրն այստեղ

Facebook Comments