ՄԵԾԵՐԸ հեռանում են. մահացել է Հենրիկ Գարոյանը …

Կյանքից հեռացել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի երախտավորներից մեկը՝ Հենրիկ Գարոյանը…

Հենրիկ Բաբկենի Գարոյան.

Ծնվել է 1934 թ. հուլիսի 18-ին Երևանում:

1952 — 1957 թթ. սովորել է Երևանի Պոլիտեխնիկական ինստիտուտում ՝ ջերմագազամատակարարում և օդափոխություն մասնագիտությամբ:

1952 – 1957 թթ. ակտիվ մասնակցություն է ցուցաբերել ինստիտուտի ուսանողական ինքնագործ խմբերի ստեղծման աշխատանքներում ՝ հանդիսացել է Պոլիտեխնիկական ինստիտուտի ինքնագործ սիմֆոնիկ նվագախմբի ակտիվ մասնակիցներից մեկը:

1962 թ. ընդունվել է ք.Մոսկվայի Կոմունալ տնտեսության Ակադեմիա: 1965 թ. նույն Ակադեմիայում պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն:

1967 թ. տեղափոխվել է Երևանի Պոլիտեխնիկական ինստիտուտի  “Ջերմամատակարարման և օդափոխության”՛ ամբիոն:

1975 — 1989 թթ. եղել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի կուսկազմակերպության առաջին քարտուղարը:

1989 – 2013 թթ. աշխատել է Ջերմագազամատակարարում և օդափոխություն ամբիոնում՝ որպես դոցենտ:

 

Հենրիկ Բաբկենի Գարոյան. ԻՆՔՍ ԻՆՁ ՀԵՏ

 

Ծնվել եմ 1934 թ. հունիսի 18-ն Երևանում: Հորական կողմըս ծագումով ներկայիս Իրանի տարածքում գտնվող Խոյ նահանգի Սալմաստ գյուղից է: Մորական կողմըս՝ բնիկ Գյումրեցի են: Մեր ազգանունն, սկզբում, եղել է Ղարոյան, սակայն հետագայում անձնագրային վարչությունում փոխել են Գարոյանի:

Ծնողներիս մասին. հայրս եղել է Հայաստանի առաջին վարորդներից մեկը: Այն ժամանակ վարորդներին Հայաստանում անուններով գիտեին, քանզի նրանց համբավը նույն էր ինչպես տիեզերագնացներինը 1960-ականներին: Հիշում եմ նա պատմում էր, որ գյուղեր մեքենայով գնալուց, գյուղաբնակները հավաքվում էին մեքենայի շուրջ և որոշ դեպքերում բերում մեքենայի արջև խոտ էին դնում: Սա հորինվածք չէ՝ սա իրականություն է:

Հայրս եղել է Հայաստանի Կենտկոմի առաջի քարտուղար՝ Աղասի Խանջյանին սպասարկող մեքենայի վարորդը: Ինձ հասած տեղեկություններով, որի մասին բացի նեղ ընտանեկան միջավայրից չեմ արտահարտվել, Աղասի Խանջյանին Լավրենտի Բերիան սպանել է իր մեքենայում, կողքը նստած: Իմ այս տեղեկությունը տարբերվում է պաշտոնական վարկածից, սակայն ավելի արժանահավատ է:

Մայս տիրապետում էր շատ լավ ձայնի, որի շնորհիվ նրան աշխատանքի վայրից ուղարկել էին սովորելու Երևանի պետական կոնսերվատորիա: Սակայն երկու տարի սովորելուց հետո հանդիպել է հորս և թողել ուսումը:

Քեռիս եղել է Գյումրիի ճանաչված դերձակներից մեկը և պետական թատրոնի ձևարարը: Մյուս քեռիս, ով զոհվեց պատերազմում, Հրաչյա Ղափլանյանի մտերիմ ընկերն էր. Երևան այցելելիս քեռիս Ղափլանյանի հետ միասին անպայման մեր տուն էին գալիս: 

Երևանն այն ժամանակ փոքրիկ քաղաք էր՝ կենտրոնացած հրապարակի շուրջ: Ազգային պատկերասրահի՝ որն այն տարիներին դեռ վերանորոգված չէր և չուներ այսօրվա վեհ տեսքը, ետնամասում գտնվում էր հողից կառուցվաց մասնավոր տների մի թաղամաս: Մեր բակում էր բնակվում հայտնի լեզվաբան Երվանդ Տեր-Մինասյանը: Երվանդ Տեր-Մինասյանի կինը՝ Սիրանույշը հայտնի բանաստեղծ և մանկավարժ Հովհաննես Հովհանիսյանի քույրն էր՝ ով ճեմարանում դասավանդել էր Ավետիք Իսահակյանին: Ավետիք Իսահակյանը և Երվանդ Տեր-Մինասյանը մտերիմ ընկերներ էին։ Իսահակյանը հաճախ այցելում էր Տեր-Մինասյանենց տուն և մի անգամ, բակում խաղալուց նկատեցի, որ նա բակով անցնում է՝ դեպի Տեր-Մինասյանենց տուն: Մեր տանն այդ օրը փոքրիկ հավաքույթ էր: Անմիջապես վազեցի տուն և հավաքույթի մասնակիցներին ասեցի, որ Իսահակյանը մեր բակում է: Բոլոր հյուրերը դուրս եկան բակ և հրվիրեցին Իսահակյանին մեր խնջույքին: Այն ժամանակ խմում էին միայն գինի և փոքրիկ բաժակներով. օղի խմելու սովորությունը դեռ չկար: Իսահակյանը բարձրացրեց բաժակը և ասաց։ 

Հաճախել եմ թիվ 29 միջնակարգ դպրոցը, հետագայում այն անվանակոցվեց՝ Աբովյանի անվան: Միաժամանակ սովորել եմ Սպենդիարովի անվան երաժշտական դպրոցում հաճախելով ջութակի դասարան: Երաժշտական կրթությունը շարունակել եմ երաժշտական տեխնիկումում (հետագայում այն կրել Չայկովսկու անունը):

Դպրոցն ավարտելուց հետո 1952 թ. ընդունվեցի պոիտեխնիկական ինստիտուտ: 

Ինստիտուտն ավարտելուց հետո 3 տարի ժամկետով գործուղվեցի նախագծային ինստիտուտ ՀայՊետՊրոեկտ: Երեք տարի աշխատելուց հետո, վերադարձա պոլիտեխնիկական ինստիտուտ՝ ջերմամատակարարում և օդափոխություն ամբիոն և ընդունվեցի աշխատանքի որպես լաբորանտ: Ամբիոնի վարիչն էր Լիպարիտ Տիգնանի Ղուլոյանը, հետո նրան նրան փոխարինեց Գրիգորի Իվանի Մելիքյանը: Այդ տարիներին իմ պարտականությունների մեջ էր նաև մեր ուսանողներին Խորհրդային Միության տարբեր ինժեներական ինստիտուտներ պրակտիկայի տանելը: Մոսկվա այցերից մեկի ժամանակ Կոմունալ տնտեսության Ակադեմիայում ընդունվեցի ասպիրանտուրա։ Թեկնածուական ատենախոսությունս պաշտպանեցի 1965 թ.: Հետո վերադարձա պոլիտեխնիկական ինստիտուտ որտեղ և դասավանդել և աշխատել եմ մինչև 2013 թ.:

Ընդունելով աշխատանքում բոլոր բացթողումներս, ինչը անխուսափելի է, և հպարտանալով հաջողություններով, իմ անցած ուղղին համարում եմ հաջողված, որովհետև իմ երկրի համար կարողացել եմ անել իմ ուժերի առավելագույնը։ Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը մրցակցում էր և որոշ հարցերում գերազանցում էր Խորհրդային Միության լավագույն ինժեներական ինստիտուտներին՝ Մոսկվայի, Լենինգրադի, Նովոսիբիրսկի: Մեր շրջանավարտները իրենց գիտելիքների շնորհիվ միշտ եղել պահանջված բոլոր խոշոր և բարդ շինարարություններում:

Ներկայումս, խորհրդային տարիների ընթացքում տեղի ունեցածին ընդունված է մոտենալ միայն քննադատաբար: Սակայն, պատմությունը այն է, ինչ կա: Անտեսել այն ձեռբերումները, որ ունեցել ենք այդ տարիներին չի կարելի: Հայրենասիրությունը և Հայրենիքին ծառայելը դա զուտ խոսքեր չեն: Ամեն մեկը, հատկապես հայրենասիրությունից շատ խոսացողները, պետք է կարողանան իրենց հարց տան. իսկ ի՞նչ եմ արել անձամբ ես իմ Հայրենիքի համար: Ի՞նչ եմ փոխանցում մեր սերունդներին: Իմ հաջողություններից առավելագույնը համարում եմ այն, որ կարողացել եմ օժանդակել մի քանի սերնդի դաստիրակությանը:

Facebook Comments