ՄԵՆՔ ԽՈՍՏԱՆՈՒՄ ԵՆՔ (Այդին Մորիկյանի սաներից մեկի գրառումը)…

Այսօր Այդին Մորիկյանի ծննդյան օրն է: Նա ապրեց ընդամենը 51 տարի …

Ներկայացնում ենք նրա ուսանողներից մեկի անաղարտ գրառումը ՄԵԾ ՄԱՐԴՈՒ մասին… Հնարավոր չէ կարդալ առանց փշաքաղվելու. 

Չկայացած երկխոսություն

-Բարև Ձեզ: Կներեք, որ չէի եկել Ձեր հոգեհանգստին: Չեմ էլ կարողանում արտասանել այդ մահաշունչ բառը: Ես պարզապես…

-Հա, իհարկե, կզարմանայի, որ դու մի բան չմտածեիր: Այ, չգալուդ համար պատճառ հորինելու վրա ժամանակ կորցնելու փոխարեն կարող էիր գալ ու հիմա չամաչել,– հանկարծ լսվեց ԻՐ ձայնը:

-Ես… ես…  ես մեղավոր եմ: Ցանկանում էի գալ, բայց վախեցա, բացի այդ… Հազար ամոթ ինձ…

-Մի° մտածիր: Մի՞թե ես նման բաներից պիտի վիրավորվեմ կամ…  Քեզնից պատմիր, հեչ խելք հավաքեցի՞ր…

-Չի ստացվում: Անընդհատ ուզում եմ, բայց, միևնույն է, ինչ–որ բան խանգարում է, մի բան ճիշտ չի աշխատում: Իսկ Դուք մեզ մենակ թողեցիք ու գնացիք: Բա ճի՞շտը: Ո՞վ պիտի դա երևան հանի:

— Դուք… դուք դա պիտի անեք: Բա ես ինչո՞ւ ցույց տվեցի ճանապարհները: Չորս տարի ձեզ հետ ծերացա, որ այսօր գաք ու այսպիսի հարց տա՞ք ինձ…

-Չէ, դա պարզապես նախաբանն էր: Դուք գիտեք, ես առանց դրա չեմ կարողանում: «Ժամանակն է լրջանալու, ժամանակն է լրջանալու…

Այս բառերը դեռ արձագանքում էին գլխումս, բայց սա ի՞նչ էր կամ էլ՝ որտեղի՞ց դուրս եկավ: 

Ի՞նչ անել:

Ոչի՞նչ: Չէ որ, այդպես, կդավաճանեմ ՆՐԱՆ:

Հենց ԱՅՍ պահից զգացի, թե որքան փոքր եմ ես ու ՄԵԾ ՈՒՍՈՒՑՉԻՍ գործը երբեք հանձն չեմ կարող առնել. չէ՞ որ կարող եմ ձախողել: ԱՅՍ պահից, շուրջս պտտվող աշխարհը փոխվեց, փոխվեցին մարդիկ: Ծաղիկը, կարծես, էլ այնպես չէր բուրում… ծառերն էլ, ասես, էլ այնպես կանաչ չէին, իսկ մարդիկ, ասես, այնպես չէին ժպտում. կամ թե՝ փոխվել էի ես` առաջին անգամ զգացել իրական ցավը, իրական հիասթափությունն ու իրական մոլորությունը:

Արդեն պարզ զգում էի ՄԵԾԻ պակասն այս հողի վրա: Իսկ ինչո՞ւ չկա: Այս հարցի պատասխանը չունեմ և հիմա: Սա թերևս այն մշտական հնչող հարցերից է, որ դատապարտված է անպատասխան մնալու:

Գնաց մի ՄԱՐԴ, ու նրան սգաց մի քանի սերունդ…

Պարոն Մորիկյան, Դուք գնացիք, սակայն մնաց Ձեզնով դաստիարակված մի ողջ սերունդ, ու հենց այդ սերունդը մեր փոքրիկ երկիրը կդարձնի ճշմարտության երկիր:

Մենք Ձեզ խոստանում ենք…

Facebook Comments