Գրագողությունը տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանի դոկտորական ատենախոսությունում. Դրվագ 4

Պարզվում է, որ ռեկտորի ատենախոսության միայն տեսական մասում չէ, որ կան արտագրություններ: Այսպես, ռեկտորի պաշտոնակատար Հայրապետյանը նշում է, որ կատարել է լայնածավալ հարցումներ, որի արդյունքները ամփոփվել են SPSS համակարգչային ծրագրերի միջոցով և որ ապացույցներն ամբողջությամբ առկա են: Այստեղ, խոսքը վերաբերվում է ատենախոսության 4.3 ենթագլխին, որը գրեթե ամբողջությամբ (բովանդակությամբ, տրամաբանությամբ և ստացված արդյունքներով) կրկնում է  Ջեսս Ֆլեմինգի, Տոմաս Ստրակաի և Ստեֆան Միլլերի աշխատությունը (Հավելված 11), իսկ որոշ հատվածներ ուղղակի արտագրված է այդ աշխատությունից,  որն ի դեպ ատենախոսության օգտագործված գրականության ցանկում դարձյալ ներառված չէ ( այստեղ):

Էկոնոմետրիկայի ոլորտում հայտնի երկու մասնագետների կարծիքով “ատենախոսության վերոնշյալ ենթագլխի հարցաթերթիկների մշակման համակարգված տվյալների և ստացված արդյունքների հավաստիությունը հնարավոր չէ որևէ կերպ ճշգրտել”: Այդ առումով, նրանք նշում են մի շարք փաստարկներ և հանգում են եզրահանգման,որ “ընդհանուր առմամբ, սույն ենթագլխում ներկայացված աղյուսակները թույլ չեն տալիս լիարժեք գնահատել ստացված արդյունքները, քանի որ դրանք դուրս բերված չեն SPSS – ի ձևաչափով, նույնիսկ ներկայացված չեն հավելվածներում: Այնպիսի կարծիք է ստեղծվում, որ տնտեսաչափական վերլուծությունում ներկայացվել են արդյունքներ, որոնք անհրաժեշտ են եղել Ռ. Հայրապետյանին և որոնք շատ մոտ են սկզբնաղբյուրի  հաշվարկների արդյունքում ստացված թվերին, այլ ոչ թե ստացվել են բարդ մաթեմատիկական ապարատի կիրառման շնորհիվ: Այս փաստը մտահոգիչ է նաև այն առումով, որ սույն ենթագլխում իրականացված հետազոտության արդյունքներով հեղինակը ներկայացնում է երկու գիտական նորույթ.

  • երկակի լոգիտ ռեգրեսիայի մեթոդաբանության կիրառմամբ կատարվել է տեղական ինքնակառավարմանը բնակիչների մասնակցության բազմագործոնային վերլուծություն և մշակվել է պոտենցիալ մասնակցությունը կանխատեսող տնտեսաչափական մոդելը,
  • քանակական հետազոտության միջոցով բացայատվել է բնակիչների եկամուտների մակարդակի և կառավարմանն ուղղակի մասնակցության միջև կապը:

      Այսպիսով, վերը նշված  «նորույթները» գրագողության, բովանդակության և ստացված տվյալների առումներով չեն կարող հավակնել լինելու որպես գիտական նորույթ:

Գագիկ Ներսիսյան

 

 

Facebook Comments