Ռեկտորի պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանի «Գյուլնազ տատի հեքիաթները» …

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) ռեկտորի պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանը, որին մի խումբ դասախոսներ մեղարդում են գրագողության մեջ, ընդունում է, որ իր դոկտորական ատենախոսության տեսական մասում խնդիրներ կան՝ ընդծելով, որ հղումներ են բացակայել, սակայն գրագողության մեղադրանքները ճիշտ չի համարում: Այս մասին գրում է azatutyun.am -ը ( այստեղ):

Ռուբեն Հայրապետյանը կարծում է, որ իր ատենախոսության բուն հետազոտական մասը գիտական արժեք ունի, իսկ գրագողության մեջ մեղադրողների շարքում կան մարդիկ, որոնք ընդհանրապես իրենց ատենախոսությունների հեղինակը չեն.

«Ցավոք, ոլորտը կարգավորող մեր օրենսդրությամբ գրագողություն հասկացություն չկա: Այն շահարկումները, որ կատարվում են կապված գրագողության և այլնի հետ, իրականում վերաբերվում են տեսական հատվածի այն գաղափարներին, մտքերին որտեղ հղումների հետ կապված խնդիրներ կան, կամ դրանք բացակայել են», — ասում է ռեկտորի պաշտոնակատար Հայրապետյանն ու շարունակում.

«Քննադատում են, որ իմ ատենախոսության տեսական հատվածներում կան հղումների հետ կապված խնդիրներ, և այս ամբողջ խնդիրը ներկայացնում են էնպիսի քողի ներքո, որ բոլորը լսեն և ասեն՝ վայ, ատենախոսությունն արտագրված է: Հարգելիներս, պետք է կոնտեքստը հասկանալ: Մարդը, որը ամենաակտիվ բողոքողներից մեկն է, երբ որ ես թերթերից մեկին հարցազրույցի ընթացքում ասելի էի, որ գիտեմ, որ մարդիկ իրենց ատենախոսության հեղինակը չեն և էսպիսի պնդումներ են կատարում, նույն օրը գնացել է իր ատենախոսության հեղինակի մոտ՝ ճշտելու համար, թե արդյոք որևէ մեկը գիտի դրա մասին թե ոչ»:

Հայրապետյանն ասել է նաև, որ ոլորտը կարգավորման կարիք ունի․

«Պետք է կարգ մշակել, որտեղ ատենախոսները, իրենք համարելով նախկին օրինաչափությունները սխալ, սեփական կամքով կարող են հրաժարվել իրենց գիտական աստիճանից: Սա ինձ համար միակ լուծումն է»:

Մտքի ինչպիսի ֆանտաստիկ թռիչք:

Ինչպիսի բառապաշար՝ Ցիցերոնը գլուխը քարն է տվել:

Գիտությունից հեռու մարդը, լսելով երիտասարդ ռեկտորի ելույթը, հավանաբար. կմտածի. լավ այս երիտասարդ դոկտորից, ու պրոֆեսորից նաև, ի՞նչ են ուզում: Տեսեք թե ի՞նչ վարժ ու անկաշկանդ է խոսում, պատկերավոր նաև, ու տպավորիչ:

Բայց արի ու տես, որ իրականում, երիտասարդ ռեկտորը, պարզապես «լեզվին է տալիս»: Նրա խոսքում չկա որևէ առողջ միտք, տրամաբանություն չկա: 

Ռեկտորի պաշտոնակատար Հայրապետյանին ասում են «ինչո՞ւ ես կեղծել կենսագրությունդ ու գրագողություն արել՝ իսկ նա, թե՝ “բա դու ինչո՞ւ ես խաչապուրի խժռել»:

Ու դա ասում է բուհի շատ հարգարժան դասախոսներից մեկ՝ Գագիկ Շահնազարյանի հասցեին:

Այստեղ հարկ եմ համարում ասել, որ ես՝ Գագիկ Ներսիսյանս, հաճախ այնքան երկար եմ մնում լաբորատորիայում, որ հաճախ ստպված եմ լինում, հենց այնտեղ սուրճ խմել:  Ու այստեղ, ոչ մի ամոթ բան չկա: Այդպես են կարծում նաև իմ գործընկերներն ու ուսանողները: Եվ  եթե որևէ մեկը համարձակվի ինձ ասել՝ լաբորատորիայում սուրճ է «ԼԱԿՈՒՄ», ես նրան ….

Ամոթը՝ ԳՈՂՈՒԹՅՈՒՆՆ Է, որը արել է ռեկտորի պաշտոնակատարը, և դեռ համարձակվում է «հոխորտալ» պարկեշտ մարդկանց վրա:

Անդրադառնալով ռեկտոր Ռուբեն Հայրապետյանի ատենախոսության հետ կապված խնդրին, Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Սմբատ Գոգյանն ասում է. «Համաձայն «ՀՀ գիտական աստիճանաշնորհման կանոնակարգի» համապատասխան դրույթի, «Ատենախոսության մեջ հայցորդը պարտավոր է նշել այն հեղինակներին և աղբյուրները, որոնցից նա փոխառել է առանձին դրույթներ կամ նյութեր»։ Փաստացի, ոչ մի տարբերություն չկա, թե աշխատանքի որ մասում հեղինակը չի նշում սկզբնաղբյուրները։ Չնայած այդ ամենին, խնդիրն առկա է աշխատանքի տարբեր հատվածներում։ Առկա են թարգմանաբար նյութեր օգտագործելու և սկզբնաղբյուրները չնշելու վերաբերյալ հավաստի թվացող նյութեր» այստեղ, իսկ ռեկտորի պաշտոնակատարը հակադարձում է՝ «Ցավոք, ոլորտը կարգավորող մեր օրենսդրությամբ գրագողություն հասկացություն չկա»:

Եվս մեկ ուշագրավ փաստ՝ գրագողության և զեղծարարության մասին: Ռուբեն Հայրապետյանը գրում է. «Այն շահարկումները, որ կատարվում են կապված գրագողության և այլնի հետ, իրականում վերաբերվում են տեսական հատվածին:  Հարգելիներս, պետք է կոնտեքստը հասկանալ»: 

Սակայն պարզվում է, որ ռեկտորի ատենախոսության միայն տեսական մասում չէ, որ կան արտագրություններ: Այսպես, ռեկտորի պաշտոնակատար Հայրապետյանը նշում է, որ կատարել է լայնածավալ հարցումներ, որի արդյունքները ամփոփվել են SPSS համակարգչային ծրագրերի միջոցով և որ ապացույցներն ամբողջությամբ առկա են: Այստեղ, խոսքը վերաբերվում է ատենախոսության 4.3 ենթագլխին, որը գրեթե ամբողջությամբ (բովանդակությամբ, տրամաբանությամբ և ստացված արդյունքներով) կրկնում է  Ջեսս Ֆլեմինգի, Տոմաս Ստրակաի և Ստեֆան Միլլերի աշխատությունը (Հավելված 11), իսկ որոշ հատվածներ ուղղակի արտագրված է այդ աշխատությունից,  որն ի դեպ ատենախոսության օգտագործված գրականության ցանկում դարձյալ ներառված չէ: Այս մասին, առավել մանրամասն, կանդրադառնանք առաջիկայում:

Եվ կրկին նույն «խժռելու» գաղափարը. մարդիկ ասում են Դուք գրագողություն եք արել, պրոն ռեկտորի պաշտոնակատար, իսկ նա, թե՝ «Մարդիկ իրենց ատենախոսության հեղինակը չեն և էսպիսի պնդումներ են կատարում, նույն օրը գնացել է իր ատենախոսության հեղինակի մոտ՝ ճշտելու համար, թե արդյոք որևէ մեկը գիտի դրա մասին թե ոչ»:

Գիտե՞ք այդպիսի բան կա՝ բացահայտեք: Ի՞նչ կապ ունի այդ բոլորը, Ձեր արտագրությունների հետ:

Թե չէ՝ «պադեզդը՝ կեղտոտ ա», «Հիտլերը տանը չի»… լավ հետո. Դուք էս ժողովրդին ո՞ւմ տեղն եք դրել: Գնացեք, Գյուլնազ տատի էդ հեքիաթները Ձեր շրջապատում պատմեք:

 

Գագիկ Ներսիսյան

 

 
Facebook Comments