Գերազանց ավարտած ասպիրանտ եմ, որի թեկնածուական պաշտպանությունը չի կազմակերպվում. Aravot.am

Առավոտ-ին է դիմել Ճարտարապետության եւ շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ասպիրանտ Արթուր Մուսայելյանը, որտեղ, մասնավորապես, ասված է.

2016 թ. պետական պատվերով առկա ուսուցմամբ ընդունվել եմ Ճարտարապետության եւ շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ասպիրանտուրա Ե.23.01 «Շինարարական կոնստրուկցիաներ, շենքեր, կառույցներ, շինարարական նյութեր եւ շինարարական մեխանիկա» մասնագիտությամբ, որի մեջ մտնում է ուսուցումը եւ թեկնածուական պաշտպանությունը:

Ասպիրանտուրան ավարտել եմ գերազանցությամբ։ Բոլոր քննությունները եւ որակավորման (ատեստավորման) քննությունը, որի մեջ մտնում է ատենախոսության էությունը եւ գիտական նորույթը, նույնպես հանձնել եմ գերազանցությամբ։

Քանի որ ես եղել եմ պետական պատվերով ասպիրանտ, մեր պետությունը ֆինանսավորում է, որ համալսարանը ապահովի իմ ուսումը եւ թեկնածուական պաշտպանությունս։ Սովորելու ընթացքում ես գրել եմ 6 գիտական հոդված, ատենախոսություն, սեղմագիր բարձր գիտական մակարդակով։ Այսինքն՝ ես կատարել եմ ինձանից կախված բոլոր պարտականությունները գիտական աստիճան ստանալու համար, բայց հաստատության կողմից չեն կատարվել աշխատանքներ, որ ինձ հասցնեն տրամաբանական ավարտին (թեկնածուական պաշտպանության)։ Իմ վերջին 2 հոդվածները, որոնք գրվել են ղեկավարի հսկողության տակ, փետրվար-ապրիլ ամիսներից գտնվելով ՃՇՀԱՀ տեղեկագրում՝ չեն վիճարկվել, բայց միեւնույն ժամանակ չեն հրատարակվել, իմ թեկնածուականի պաշտպանությունը ձախողելու նպատակով։

07.03.2019 թ.-ին գրավոր դիմել եմ ռեկտոր Գագիկ Գալստյանին՝ բազմաթիվ անգամ բանավոր դիմելուց հետո։

Գագիկ Գալստյանը եւ ռեկտոր է, եւ ՃՇՀԱՀ տեղեկագրի գլխավոր խմբագիր, եւ մասնագիտական խորհրդի նախագահ։

Ամեն ինչ գտնվում է նրա հսկողության տակ, ես նրան դիմել եմ որպես հաստատության ղեկավարի, այն մասին, որ իմ ղեկավարը, իմ ամբիոնի վարիչը, գիտական աշխատանքների գծով պրոռեկտորը, ասպիրանտուրայի բաժնի վարիչը, գիտական քարտուղարը չեն կատարում իրենց պարտականությունները իմ ասպիրանտական գործով, որի մեջ մտնում է իմ գիտական հոդվածների հրատարակումը եւ պաշտպանության կազմակերպումը մինչեւ հունիսի 14-ը, դիմելուց հետո բազմաթիվ անգամ գնացել եմ նրա մոտ ընդունելության նույն հարցով եւ այդպես էլ արձագանք չեմ ստացել։

Այս նույն հարցով արդեն դիմել եմ ԲՈԿ՝ կից ներկայացրել եմ՝ 1. ինքնակենսագրությունը, 2. 2 գիտական հոդված (չհրատարակված), 3. ատենախոսությունը, 4. սեղմագիրը, 5. դիմում-բողոքը ռեկտորին, 6. դիմումը ամբիոնի վարիչին։

Բողոքել եմ նախարարություն եւ կառավարություն, որպեսզի հարցին շտապ լուծում տրվի։ Նախարարությունը, կառավարությունը խոստացել են լուծում տալ իմ թեկնածուական պաշտպանության կազմակերպման համար։

Բողոքելուց հետո համալսարանում ռեկտոր Գագիկ Գալստյանի հանձնարարությամբ կազմակերպվում են հանդիպումներ, որոնք կրում են ցրողական բնույթ, արդյունքում իմ բարձրացրած հարցը լուծում չի ստանում։

Լինելով գերազանց ավարտած ասպիրանտ եւ առաջինը հանրապետությունում իմ մասնագիտությամբ, մնացել եմ միայն ես, ում համար չեն կազմակերպել իմ թեկնածուական պաշտպանությունը։

Իմ կենսագրությունը եւ գիտական աշխատանքը համեմատելով արդեն պաշտպանած եւ պաշտպանության մեջ գտնվող մարդկանց հետ՝ պարզ երեւում են կոռուպցիոն մեծ ռիսկեր։

Չեմ ցուցաբերել անօրինական «այլ» մոտեցումներ եւ գտնվել եմ այս վիճակում։ Ձեր ուշադրությունն եմ հրավիրում այն փաստի վրա, որ ես ներկայացնում եմ փաստաթղթեր, որոնց վրա կա իրենց ստորագրությունները, իսկ իրենք միայն իմ բողոքելուց հետո, կարող են տալ տարբեր պատասխաններ իրենց կողմից միակողմանի ստորագրությամբ (ռեկտորի ենթակայության տակ գտնվող մարդկանց կողմից)։

Իմ գիտական ղեկավարը փոխանակ կատարի իր բուն աշխատանքը, որի համար նա վարձատրվել է պետության կողմից, կատարում է ռեկտորի հրամանները, որոնք ուղղված են իմ դեմ։

Որակավորման (ատեստավորման) քննությունը, որի մեջ մտնում է ատենախոսության էությունը եւ գիտական նորույթը, 5 ժամ հանձնաժողովի կողմից քննվելուց հետո ստացել եմ գերազանց։ (Ասպիրանտուրայում 300 ժամ, 10 կրեդիտ մաթեմատիկան ակադեմիկոս Սուրեն Մխիթարյանի կողմից արժանացել եմ 20-ից 20 բալի)։

Վստահ եմ, որ արդարությունը կհաղթի։ 

Արթուր  ՄՈՒՍԱՅԵԼՅԱՆ

Աղբյուրն՝  այստեղ

Կարդացեք նաև “Ինչո՞ ւ ճարտարապետաշինարարական համալսարանի ասպիրանտ Արթուր Մուսաելյանը չի կարողանում պաշտպանել իր ատենախոսությունը” հոդվածը՝ BUH.AM”-ում:

Facebook Comments