Արդյո՞ք նախարար Արայիկ Հարությունյանը խոստումներ է տվել ռեկտոր Գագիկ Գալստյանին. Պրոռեկտոր Մարինե Ղազարյանի ատենախոսության շուրջ ձևավորված թնջուկը մետաստազներ է տալիս

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում սկիզբ առած խուլ դժգոհությունները, կապված բուհի  պրոռեկտոր Մարինե Ղազարյանին գիտական աստիճան շնորհելու գործընթաց սկսելու կապակցությամբ (այստեղ , այստեղ), նոր զարգացումներ են ստանում:

Այս հարցում, ռեկտոր Գալստյանին, առաջին մոտեցմամբ, չէր հաջողվել իր կողմից պլանավորված խնդիրը լուծել “ներքին խոհանոցում”, կիրառելով իրեն հոգեհարազատ` “Լավ եմ անում” գործելաոճը:

Մարինե Ղազարյանի ատենախոսության նախնական ուսումնասիրությունը կազմակերպելու և եզրակացություն ներկայացնելու նպատակով ԲՈԿ-ը հաստատել էր տ.գ.դ., պրոֆեսոր Արկադի Բարխուդարյանին, տ.գ.դ., պրոֆեսոր Ռազմիկ Փետեոտյանին, տ.գ.դ., պրոֆեսոր Հովհաննես Թոքմաջյանին:

Հաստատված երեք մասնագետներն էլ փորձառու են և շատ ճանաչված: Արկադի Բարխուդարյանը և Հովհաննես Թոքմաջյանը ԽՍՀՄ դոկտորներ են. Բարխուդարյանն իր դոկտորական ատենախոսությունը պաշտպանել է 1990թ.` Մոսկվայում, Թոքմաջյանը` 1991թ.` Լենինգրադում:  Բացի այդ, հենց Հովհաննես Թոքմաջյանն է եղել եռյակի մյուս անդամի` Ռազմիկ Փետեոտյանի և Մարինե Ղազարյանի գիտական ղեկավար, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Մհեր Մարկոսյանի դոկտորականի գիտական խորհրդատուն, այնպես որ հրաշալի ծանոթ է նրանց կողմից կատարվող աշխատանքներին (այստեղ): 

Եթե ռեկտոր Գալստյանը կարող էր հույս ունենալ օգտագործելով ադմինիստրատիվ լծակներ, ինչ որ կերպ ազդել իր ենթակայությամբ աշխատող Արկադի Բարխուդարյանի և Ռազմիկ Փետևոտյանի վրա ու նրանցից “կորզել” ցանկալի որոշում, ապա Հովհաննես Թոքմաջյանի վրա ազդելու նա որևէ տարբերակ չունի:

Այստեղ, իր պրոտեկցիոնիստական, կեղտոտ, ծրագիրն իրականացնելու համար,  ռեկտոր Գալստյանին մնում էր մեկ ճանապարհ՝ ամեն գնով Հովհաննես Թոքմաջյանին հանել եռյակի կազմից: 

Ճարտարապետության և շինարարության համալսարանում խոսում են, որ այս հարցը լուծելու համար, ռեկտոր Գագիկ Գալստյանը գնացել է նախարար Արայիկ Հարությունյանի մոտ և աջակցություն խնդրել՝ Մարինե Ղազարյանի ատենախոսության նախնական ուսումնասիրությունը կազմակերպելու նպատակով վերանայել ԲՈԿ-ի կողմից հաստատված կազմը և պրոֆեսոր Թոքմաջյանի փոխարինել:

Ասում են, որ խնդրին լուծում տալու համար, սպասում են արտերկրից ԲՈԿ-ի նախագահ Սմբատ Գոգյանի վերադարձին: Սակայն Մարինա Ղազարյանը չի ուղում սպասել: Հիմա արդեն, նա գիպերակտիվացել է, և ամեն տեղ հայտարարում է, որ իր ատենախոսության եռյակը օրերս կփոխվի և ինքը մեկ-երկու օրից կստանա իրեն անհրաժեշտ որոշումը:

Ակնհայտ է, որ պրոռեկտոր Մարինա Ղազարյանի ատենախոսության շուրջ ձևավորված թնջուկը սկսել է մետաստազներ տալ:

Հիշեցնենք, որ գործող կարգի համաձայն, խորհրդի գիտական քարտուղարը պետք է մասնագետներին ուղարկի քննարկվող ատենախոսությունը, ովքեր 15 օրվա ընթացքում ատենախոսության վերաբերյալ եզրակացություններ պետք է ներկայացնեն: Մարինե Ղազարյանի դեպքում, արդեն անցել է 10 օր, սակայն գիտական քարտուղար Էմիլ Խաչատրյանը նյութերը չի ուղարկել մասնագետներին՝ դրանք չունենալու պատճառով: Սակայն, ըստ գործող կարգի, Մարինա Ղազարյանը, գիտքարտուղարին դրանք պարտավոր էր ներկայացնել նախապես:

Այսինքն, այս պահին արդեն ունենք կոպտագույն խախտում, որի հիմնական պատասխանատուն 030 մասնագիտական խորհրդի նախագահ, ռեկտոր Գագիկ Գալստյանն է:

Ինչքանո՞վ է համապատասխանում իրականությանը, մեծ հասարակական հնչեղություն ունեցող ու վառոդի տակառ հիշեցնող այս  խնդրում, նախարար Արայիկ Հարությունյանի անունը շոշափելը, ցույց կտա ժամանակը:

Շատ դժվար է հավատալ, որ պետական կամ քաղաքական որևէ անձ իր անունը ուզենա կապել, մինչև կոկորդը կեղծիքների ու կասկածելի գործարքների մեջ խրված ռեկտոր Գագիկ Գալստյանի հետ: Նամանավանդ, գիտական աստիճանավորման ոլորտում, որտեղ ռեկտոր Գագիկ Գալստյանի դոկտորական ատենախոսությունում արձանագրվել են արտագրության տասնյակ դեպքեր:

Մարինե Ղազարյանի ատենախոսության խնդիրների հետ կապված, Rector.am-ը զրուցել է բազմաթիվ անձանց հետ, որոնց կարծիքը կներկայացնենք ժամեր անց: 

  Գագիկ Ներսիսյան

P.s. Ստորև ներկայացնում ենք համապատասխան դրույթներ ԲՈԿ-ի՝ ԳԻՏԱԿԱՆ ԱՍՏԻՃԱՆՆԵՐ ՇՆՈՐՀՈՂ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ-ից ( այստեղ): 

12. Հայցորդն իր մասնագիտությանը համապատասխանող գիտական քարտուղարին ներկայացնում է՝
ա) ատենախոսության տպագիր և էլեկտրոնային տարբերակները,
բ) ատենախոսության նախնական քննարկման համար պահանջվող փաստաթղթերը (հավելված 2, 6),
գ) 3 մասնագետների անուն, որոնք տվել են համաձայնություն իրականացնել ատենախոսության նախնական ուսումնասիրությունը և տալ եզրակացություն: 
13. Ատենախոսությունը ստանալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում գիտական քարտուղարը
ստուգում է փաստաթղթերի ամբողջականությունը և ատենախոսության ֆայլն ու երեք մասնագետների անուններով ցուցակն ուղարկում ԲՈԿ: ԲՈԿ-ը ցուցակից ընտրում է առնվազն երկու մասնագետի և անհրաժեշտության դեպքում համալրելով երրորդով հաստատում մասնագետներին: Գիտական քարտուղարը մասնագետներին է ուղարկում ատենախոսությունը, ովքեր տասնհինգ օրվա ընթացքում ատենախոսության վերաբերյալ ներկայացնում են եզրակացություններ: Եզրակացության մեջ նշվում են`
ա) ատենախոսության համապատասխանությունը հաստատված թեմայի թվանիշին (անհրաժեշտության
դեպքում նշելով առկա այլ թվանիշերի մասնաբաժինները),
բ) հրատարակված հոդվածներում ատենախոսության հիմնական դրույթների ընդգրկման
ամբողջականությունը,
գ) ատենախոսության համապատասխանությունը <<ՀՀ-ում գիտական աստիճանաշնորհման
կանոնակարգի>> 10-րդ կետին:
Եթե մասնագետներից երկուսը չեն ներկայացնում եզրակացությունը, ապա ԲՈԿ-ը նշանակում է նոր
մասնագետներ:
Գիտական քարտուղարի և եզրակացություն ներկայացրած մասնագետների համատեղ քննարկման
արդյունքում կայացվում է ատենախոսությունը պաշտպանության ընդունելու վերաբերյալ որոշում:
Եզրակացություն չներկայացրած մասնագետը չի կարող ընդգրկվել տվյալ հայցորդի պաշտպանության
մասնագիտական խորհրդի կազմում: Անհրաժեշտության դեպքում գործող մասնագիտական խորհրդի կազմը փոխվում է՝ կազմակերպության և գիտական քարտուղարի առաջարկությամբ:
14. Ատենախոսությունը պաշտպանության չընդունելու դեպքում հայցորդին հանձնվում են ներկայացված
փաստաթղթերը և պաշտպանության մերժումը հիմնավորող որոշումը` կցելով մասնագետների եզրակացությունները և քվեարկության արդյունքները: Նյութերի կրկնօրինակը պահվում է ԲՈԿ-ում՝ ատենախոսության ֆայլի հետ մեկտեղ:

Facebook Comments