Ինչո՞ ւ ճարտարապետաշինարարական համալսարանի ասպիրանտ Արթուր Մուսայելյանը չի կարողանում պաշտպանել իր ատենախոսությունը. BUH.AM

Ներկայացնում ենք տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Պետրոս Համբարձումյանի դիտարկումները, ճարտարապետաշինարարական համալսարանում հասունացող նոր սկանդալի վերաբերյալ: Այս մասին նա գրել է BUH.AM կայքում.

Համալսարանից այսօր հավաստի տեղեկություններ ստացանք այն մասին, որ տարկետման իրավունքով առկա ուսուցման ասպիրանտ Արթուր Արամայիսի Մուսաելյանը, ում ուսումնառության ժամկետն ավարտվում է օրերս, չի կարողանալու պաշտպանել իր ատենախոսությունը՝ համապատասխան քանակի տպագրված աշխատանքներ չունենալու հիմնավորմամբ:

Առաջին հայացքից նորմալ, հնարավոր իրավիճակի տպավորություն կարող է ստանալ ընթերցողը: Սակայն, միայն առաջին հայացքից: Քանի որ, երբ սկսում ես ծանոթանալ մեզ տրամադրված փաստաթղթերին, պարզ է դառնում, որ համալսարանում շնորհալի երիտասարդի գիտական ուղին խեղվել է ի սկզբանե, այդպիսով կանխորոշելով նրան այսօր կանգնեցնել “կոտրած տաշտակի”  առջև, գուցե և նրա մեջ սպանելով գիտությամբ զբաղվելու ցանկությունը:

Տեսեք, թե Արթուր Մուսաելյանի ատենախոսության համար ինչ թեմա է հաստատվել. “Напряженное состояние полупространства с трещиной и штампом на поверхности под динамическом воздействием при антиплоской деформации”. Ասպիրանտի գիտական ղեկավարն է ֆիզմաթ. գիտությունների դոկտոր Կարո Աղայանը:

Հավանաբար ատենախոսության պաշտպանությունը ցանկացել են իրականացնել Ե 23.01 — “Շինարարական կոնստրուկցիաներ, շենքեր, կառույցներ, շինարարական նյութեր և շինարարական մեխանիկա” մասնագիտությամբ: Բայց միթե՞ այս թեման համապատասխանում է շինարարական մեխանիկային: Իհարկե ոչ: Հազար անգամ ոչ: Սա ընդհանրապես, ” Ե 00.00 — “Տեխնիկական գիտություններ” բնագավառից չէ, այլ “ուղն ու ծուծով” Ա 02.00 “Մեխանիկա” բնագավառից է: Հաստատել ատենախոսության այսպիսի թեմա ու տալ տեխնիկական բուհի շրջանավարտին, նշանակում է կանխամտածված դատապարտել նրան անհաջողության, իր հնարավորությունների նկատմամբ վստահության կորստի, ու ի վերջո՝ ստեղծված իրավիճակում հայտնվելու անխուսափելիության: 

Հիմնավորեմ ասածս. նախ թեման 99,9 տոկոսով տեսական է և միայն անուղղակի կերպով կարող է առնչվել ինժեներական խնդիրներին, ուստի այսպիսի խնդիր կարող է առաջադրվել պետական համալսարանի, այլ որ թե ճարտարապետաշինարարական համալսարանի շրջանավարտին, երկրորդ. այսպիսի ուղղվածության աշխատանք կատարելու համար, անհրաժեշտ է մաթեմատիկայի հատուկ կուրսերի խորը իմացություն, որը չի կարող ունենալ ընդամենը 4 կիսամյակ մաթեմատիկա ուսուցանող բուհի շրջանավարտը: Իհարկե, պատմության մեջ քիչ չեն դեպքերը, երբ պոլիտեխնիկի շրջանավարտները հաղթահարել են այդ արգելքը՝ Թորգոմ Խաչատրյան, Օգսեն Սապոնջյան, Գրիգոր Գուրզադյան ու շատ ուրիշներ, սակայն դա արվել է մաթեմատիկայի և այլ տեսական առարկաների լրացուցիչ, երկարաժամկետ ուսումնառության անխուսափելի գործընթացից հետո: Այսպիսի թեմա տեխնիկական բուհի շրջանավարտի համար հաստատելը, կարելի է որակավորել, որպես այս ոլորտում՝ գիտխորհրդի նախագահի՝ ռեկտոր Գագիկ Գալստյանի բացարձակ անտեղյակության արդյունք: Ուրիշ բան չէր էլ կարող ակնկալվել այն բուհի գիտական խորհրդից, որը լցված է չինովնիկներով ու կրթության և գիտության հետ կապ չունեցող բազմաթիվ անձանցով, ում ներկայության պայմաններում կարող ուժերը դառնում են անտարբեր ու իներտ:

Ատենախոսության վերաբերյալ ասպիրանտ Մուսաելյանի գիտական ղեկավար Կարո Աղայանը, օրերս,  մեկ տասնյակից ավել դիտողություններ է ներկայացրել.  ատենախոսության վերնագիրը փոխել, անոտացիան նորից գրել, խնդրի դրվածքը վերանայել, հավասարման եզրային պայմանները գրել նոր առնչության միջոցով, ներմուծել նոր ֆունկցիա և թռիչքները, կատարել Ֆուրիեի ձևափոխություն, գրել նոր բանաձևեր ու ստանալ դրանց լուծումները, կատարել թվային հաշվարկներ, և այլն… Եվ այս դիտողությունները ասպիրանտին ներկայացվում են 2019թ. հուլիսի 10-ին, այսինքն այն ժամանակ, երբ ասպիրանտուրայում ուսումնառության նրա ժամկետն արդեն ավարտված է:

Համալսարանում բոլորը գիտեն, որ Կարո Աղայանի արված դիտողություններից, ռեկտոր Գագիկ Գալստյանը ոչինչ չի կարող հասկանալ, սակայն գիտքարտուղար Լևոն Լևոնյանը և նրա հետ միասին  ևս մի քանի մասնագետներ պիտի հստակ արձագանքեին սրան ու ասեին. էս ի՞նչ եք անում: Երեք տարի ասպիրանտուրայում սովորելու տարիներին ինչո՞վ եք զբաղվել, որ վերջնագծում ատենախոսության ամբողջ ծավալին համադրելի նոր առաջադրանք եք ձևավորում:

Սակայն նրանք այս մասին լռել են՝ թողնելով երիտասարդ մարդու ճակատագիրը ինքնահոսի: Եթե ասպիրանտը չէր կարող այս թեմայով գիտական հետազոտությամբ զբաղվել, ապա ժամանակին պիտի փոխվեր և թեման և, եթե անհրաժեշտության դեպքում՝ գիտական ղեկավարը:

Իսկ եթե ասպիրանտը չէր ուզում գիտական հետազոտությամբ զբաղվել, ապա նա, ատեստավորման արդյունքներով, վաղուց պիտի հեռացված լիներ ասպիրանտուրայից:

Չի արվել ոչ մեկը և ոչ՝ մյուսը:

Չէր էլ կարող այլ կերպ լինել, քանի դեռ համալսարանի ղեկին, ուսումնագիտական գործառույթներից հեռու, պատահական մի անձնավորություն է նստած, որի կառավարման տարիներին շուրջ երկու անգամ բուհում կրճատվել է տպագրվող գիտական հանդեսների քանակը, գիտական հոդվածները չեն անցնում պատշաճ փորձաքննություն և հաճախ լեփ-լեցուն են ինտերնետից “քոփի-փեստ” արած նյութերով,  երբ համալսարանում գիտության նկատմաբ արհամարհական կայուն վերաբերմունք է ձևավորվել:

Եվ ո՞վ պիտի այս խնդիրները համակարգի. ԻՆՔԸ՝ գրագողության մեջ ներքաշված ռեկտոր Գագիկ Գալստյանը:

Առնվազն, անլուրջ է:

Ռեկտոր Գագիկ Գալստյանի պաշտոնավարման տարիներին դադարեցվել է համագործակցությունը հայտնի միջազգային գիտական կազմակերպությունների հետ (այդ մասին, տ.գ.դոկտոր, պրոֆեսոր Արեստակ Սարուխանյանի դիտարկումներն  այստեղ): 

Գագիկ Գալստյանի կառավարման օրոք, համալսարանում ոչ-ոք տեխնիկական գիտությունների դոկտորի գիտական աստիճան չի ստացել, ասպիրանտների, դոկտորանտների, հայցորդների թիվը կտրուկ նվազել է՝ շուրջ 2 անգամ:

Այս բոլորը չե՞ն կարող, թե՞, համառորեն չեն ուզում նկատել համալսարանի հոգաբարձուների խորհրդի անդամները ու ոլորտի այլ պատասխանատուներ:

Եկեք միահամուռ շարունակենք հանդուրժել Ճարտարապետաշինարարական համալսարանի ղեկին Գագիկ Գալստյանին ու նրա վարչախմբին:  

Շարունակենք ապրել նույն կրավորական կեցվածքով, և արդյունքում կունենանք ավերված հետազոտական դաշտ ու երիտասարդների՝ բազմաթիվ խեղված ճակատագրեր:

Մենք վատամարդ դուրս չգանք, գիտության  հերն էլ անիծած:

Պետրոս Համբարձումյան

տ.գ.դոկտոր, պրոֆեսոր

Աղբյուրն՝  այստեղ

Facebook Comments