Պրոֆեսոր Հովհաննես Թոքմաջյան. Աստծունը՝ Աստծուն, Կեսարինը՝ Կեսարին

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում սկիզբ առած խուլ դժգոհությունները, կապված բուհի  պրոռեկտոր Մարինե Ղազարյանին գիտական աստիճան շնորհելու գործընթաց սկսելու կապակցությամբ (այստեղ , այստեղ), նոր զարգացումներ են ստանում:

Այս հարցում, ռեկտոր Գալստյանին, առաջին մոտեցմամբ, չէր հաջողվել խնդիրը լուծել “ներքին խոհանոցում”, կիրառելով իրեն հոգեհարազատ` “Լավ եմ անում” գործելաոճը:

Մարինե Ղազարյանի ատենախոսության նախնական ուսումնասիրությունը կազմակերպելու և եզրակացություն ներկայացնելու նպատակով ԲՈԿ-ը հաստատել էր տ.գ.դ., պրոֆեսոր Արկադի Բարխուդարյանին, տ.գ.դ., պրոֆեսոր Ռազմիկ Փետեոտյանին, տ.գ.դ., պրոֆեսոր Հովհաննես Թոքմաջյանին:

Եթե ռեկտոր Գալստյանը կարող էր հույս ունենալ օգտագործելով ադմինիստրատիվ լծակներ, ինչ որ կերպ ազդել իր ենթակայությամբ աշխատող Արկադի Բարխուդարյանի և Ռազմիկ Փետևոտյանի վրա ու նրանցից “կորզել” ցանկալի որոշում, ապա Հովհաննես Թոքմաջյանի վրա ազդելու նա որևէ տարբերակ չունի:

Համալսարանում խոսում են, որ պրոռեկտոր Մարինե Ղազարյանին գիտությունների թեկնածու դարձնելու համար, ռեկտոր Գագիկ Գալստյանը գնացել է նախարար Արայիկ Հարությունյանի մոտ և աջակցություն խնդրել՝ վերանայելու ԲՈԿ-ի կողմից ատենախոսության նախնական քնարկման նպատակով հաստատված կազմը և պրոֆեսոր Թոքմաջյանի փոխարինել: Ասում են, որ խնդրին լուծում տալու համար, սպասում են արտերկրից ԲՈԿ-ի նախագահ Սմբատ Գոգյանի վերադարձին: 

Անդրադառնալով, այս խոսակցություններին, Գագիկ Ներսիսյանը զրուցեց տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հովհաննես Թոքմաջյանի հետ.

-Ի՞նչ կասեք ստեղծված իրավիճակի մասին.

Իմ թեկնածությունը հաստատել է ԲՈԿ-ը, ԲՈԿ-ն էլ կարող է այն փոխել: Չեմ կարծում, որ այդ մասին արժի խոսել: Ոնց կորոշեն, այնպես էլ թող լինի: Իմ գործընկերներին նույնպես, խորհուրդ կտամ, չկենտրոնանալ այդ հարցի շուրջ: Այստեղ կարևորն այլ է՝ այն հիվանդագին ռեակցիան, որը հաջորդեց իմ նշանակմանը, ճարտարապետության և շինարարության համալսարանի ղեկավարության կողմից: Պարզ է, չէ՞, որ պատշաճ պատրաստված ատենախոսության պարագայում, որևէ նշանակություն չունի, թե ով է նայում աշխատանքը: Եթե ոչ օբյեկտիվ կարծիք տրվի, այն անմիջապես կօգտագործվի քո դեմ: 

 -Կարծո՞ւմ եք, որ ատենախոսությունը պատշաճ պատրաստված չէ.

-Չեմ կարող առանց աշխատանքին ծանոթանալու կարծիք հայտնել: Սակայն մի բան ակնհայտ է՝ ատենախոսությունը 10 օր, ապօրինաբար, հանձնաժողովի անդամին չտալը, դրա օրինակը գիտքարտուղարի մոտ չթողնելը, հանձնաժողովի ու խորհրդի անդամներին հայցորդի կողմից “հանձնարարականներ” տալը, բոլոր այն խոսակցությունները, թե ովքեր և ինչպես են աշխատել այդ ատենախոսության վրա, թե ինչպիսի փութաջանությամբ էր ռեկտոր Գալստյանն այս օրերին պայքարում, հանձնաժողովի կազմից ինձ հանելու համար, հիմք են տալիս եզրակացնելու, որ այդ աշխատանքը  պիտի նայվի՝ մանրակրկիտ ու հիմնավոր: Կմնա՞մ եռյակի անդամ, դա կանեմ հիմիկվանից: Կհանեն ինձ եռյակի կազմից՝ դա կանեմ, որպես շարքային անձ՝  այն 40 օրերի ընթացքում, երբ աշխատանքը, օրենսդրությամբ սահմանված կարգով կլինի համալսարանի գրադարանում: Ու ոչ-ոք դա արգելել ինձ չի կարող: Ինձ չեն կարող արգելել նաև, մասնակցել պաշտպանությանը, հարցեր տալ ատենախոսին ու հայտնել իմ կարծիքը: Ինչպես ասում են՝ Աստծունը ՝ Աստծուն, Կեսարինը՝ Կեսարին:  

-Եթե հանձնաժողովի անդամ նշանակված չլինեիք, նույնպե՞ս կանեիք դա.

-Հավանաբար ոչ: Եթե ես պաշտոնապես, պետության (տվյալ դեպքում՝ ԲՈԿ-ի) կողմից եռյակի կազմում նշանակված չլինեի, ապա, թերևս, էթիկայի կանոների համաձայն, ձեռնպահ կմնայի խառնվել այս գործին: Սակայն հիմա իրավիճակն այլ է. ինձ նշանակել է ԲՈԿ-ը, ես պաշտոնապես դիմել եմ գիտքարտուղարին՝ ատենախոսությունը ստանալու խնդրանքով, այն ինձ չեն ներկայացրել: Հիմա, եթե ինձ ասեն, կներեք, սակայն Դուք, ԲՈԿ-ի կողմից, չպիտի նայեք Մարինե Ղազարյանի ատենախոսությունը, ես դա կնդունեմ ի գիտություն: Ու դրանից հետո, ազատ կլինեմ հետագա  իմ բոլոր գործողություններում:

-Ի՞նչ տեղի կոնենա, եթե Ձեզ հանեն եռյակի կազմից.

-Արդեն պատկերացնում եմ, թե ինչպիսի մեթոդներով է Գագիկ Գալստյանը գործընկերներիցս “ստանալու” իր ուզած որոշումը: Սակայն հոգ չէ: Իրավիճակն հիմա այնտեղ այլ է, ու ամեն ինչ դեռ նոր-նոր է սկսվում: Սակայն, մի խնդիր էլ կա. քննարկվող ատենախոսությունից բացի, շատ ավելի կարևոր բան ցույց տվեց այս օրերի անցուդարձը:

…՞…

-ես համոզվեցի, որ ատենախոսության քննարկումներից ինձ հեռացնելու ռեկտոր Գագիկ Գալստյանի վարքագիծը, միայն այս հարցին չէ, որ վերաբերում է:

-Ա՞յլ…

-Այլ այն ամենին, ինչ կապված է Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի հետ: Ես վերջնականապես հասկացա, որ այնտեղ լրջագույն խնդիրներ կան, ու Գագիկ Գալստյանը մտահոգ է այդ ամենով:

-Ու ի՞նչ եք մտածում անել:

-Այսուհետ, ես հետևողականորեն զբաղվելու եմ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի հետ կապված բոլոր հարցերով: Ես պատասխանատու եմ այդ բուհի առջև, իմ ուսուցիչների ու գործընկերների առջև՝ նույնպես:   

Հովհաննես Թոքմաջյանի հետ զրուցեց Գագիկ Ներսիսյանը

Facebook Comments