Մահացել է Գոհար Հովսեփյանը

Հայսատանի բուհական համակարգն ու գիտությունը ծանր կորուստ կրեցին: Այսօր, 65 տարեկան հասակում, իր մահկանացուն կնքեց ճանաչված քիմիկոս, քիմիական գիտությունների թեկնածու Գոհար Շահենի Հովսեփյանը:
Գոհար Հովսեփյանը 1972-1977թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի քիմիական ֆակուլտետում: 1976-1978թթ. անցել է Երևանի պետական համալսարանում կազմակերպված ֆրանսերենի կուրս՝ ստանալով նաև քիմիկոս թարգմանչի որակավորում: 1980-1984թթ. սովորել է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Ընդհանուր և անօրգանական քիմիայի ինստիտուտ»ի ասպիրանտուրայում:
1989թ. Թբիլիսիի Պետական համալսարանում պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն:
1977- 2012թթ. աշխատել է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի “Ընդհանուր և անօրգանական քիմիայի ինստիտուտում”, որպես ավագ գիտաշխատող։
2012թ.-ից, աշխատել է Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի «Քիմիա, կապակցող նյութեր և սիլիկատներ» ամբիոնի դոցենտ։
Գոհար Հովսեփյանը շուրջ 90 գիտական աշխատանքների հեղինակ էր, որոնք հրատարակվել են Հայաստանում, Ռուսաստանում, Ուկրաինայում, Վրաստանում, Լեհաստանում, Ռումինիայում, Չինաստանում: Նա 055 “Ջրաբանություն” մասնագիտական խորհրդի անդամ էր:
Գոհար Հովսեփյանի վառ հիշատակը միշտ կմնա նրա ուսանողների, ընկերների ու հարազատների սրտերում:
Գոհար Հովսեփյանի հոգեհանգիստը տեղի կունենա սեպտեմբերի 23-ին, Շահումյանի գերեզմանատան ճանապարհին գտնվող “Լուար” սգո սրահում: