Գայանե Մադաթյան-Մկրտումյան. Անհամբեր սպասում եմ վճռաբեկ դատարանի որոշմանը, որից հետո ազատ կլինեմ իմ գործողությունների մեջ

Հայաստանում դեռ երկար կհիշեն Վարդանանց փողոցում՝ շինանյութի շուկայի մոտ, 2015թ. հոկտեմբերի 25-ին տեղի ունեցած այն ողբերգական վրաերթը, որի հետևանքով 38-ամյա տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր  Մհեր Մկրտումյանը մահացավ, իսկ նրա կինը՝ տնտեսագիտության թեկնածու Գայանե Մադաթյանը դարձավ հաշմանդամ՝ խնամքին ունենալով երեք անչափահաս երեխա:

Պրոֆեսոր Մհեր Մկրտումյանը ավագ որդու՝ Միքայելի հետ

Այդ օրվանից հետո, չորս տարի շարունակ, Գայանե Մադաթյանը պայքարում է իր ընտանիքի օրինական իրավունքները Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտոր Գագիկ Գալստյանի հավակնոտ ոտնձգություններից պաշտպանելու համար, ով իր հակաօրինական գործողություններով հավակնում է կառուցվող բնակարնից զրկել երեք անչափահաս երեխաներին ու իրենց հաշմանդամ մորը: 

Այս հարցերի վերաբերյալ Անահիտ Ավետիսյանին պատմում է Գայանե Մադաթյան-Մկրտումյանը

-Ամուսինս՝ տաղանդավոր անձնավորություն էր: Ծնվել ու մեծացել էր Հայաստանի ամենագեղեցիկ գյուղերից մեկում՝ Ենոքավանում: Ավարտելով տնտեսագիտական համալսարանը, նա կարճ ժամանակահատվածում պաշտպանում է թեկնածուական, ապա՝ դոկտորական ատենախոսություն և ստանում պրոֆեսորի գիտական կոչում: Մհերը ջրային կոմիտեի աշխատակազմի ղեկավարն էր և միաժամանակ զբաղվում էր գիտամանկավարժական գործունեությամբ։ Նա դասախոսել է Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում: 2013թ.  իրականացվող երիտասարդ մասնագետների աջակցման ծրագրով ամուսինս և մեկ տասնյակից ավելի երիտասարդ դասախոսներ և գիտաշխատողներ մրցույթային կարգով ստացան 42 ամիս շարունակ 190 հազար ՀՀ դրամ գումար ստանալու իրավունք, որը պետք է օգտագործվեր բնակարան ձեռք բերելու համար։ 2014թ.-ին Գագիկ Գալստյանը դառնալով Բուհի ռեկտոր՝ առանց որևէ հիմքի, միմիայն անձնական դրդապատճառներով, հաշվապահությանը բանավոր հանձնարարում է դադարեցնել ծրագրով նախատեսված գումարները ամուսնուս փոխանցելը՝ չնայած այն հանգամանքին, որ նա հանրապետությունում ամենաերիտասարդ տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսորն էր:

Ամուսնուս մահից հետո, ես դիմեցի Բուհի ռեկտորին, խնդրելով տրամադրել ամուսնուս Ծրագրից հանելու և պարգևագումարները չտրամադրելու իրավական հիմքերը։ Չստանալով ոչ մի պատասխան, դիմել եմ Մարդու իրավունքների պաշտպանին, ՀՀ կրթության և գիտության նախարարին և համոզվելով, որ ամուսնուս վճարները դադարեցվել են ապօրինաբար (չկա որևէ հրաման կամ այլ իրավական հիմք), դիմեցի դատարան (Դատական Գործ N: ԵԿԴ/0703/02/17):

Մհեր Մկրտումյանը կնոջ՝ Գայանե Մադաթյանի հետ

Առաջին ատյանի դատարանը իմ հայցն ամբողջությամբ բավարարեց՝ հօգուտ Գայանե Մադաթյանի համալսարանից բռնագանձել կառուցվող բնակարանի համար չվճարված գումարը: Վերաքննիչ դատարանը վճիռը թողեց ուժի մեջ: Երկու Դատարանների վճիռներից հետո ես լիահույս էի, որ մեր երկրում վերականգնվել է արդարությունը, սակայն մեծ էր զարմանքս, երբ Վճռաբեկ դատարանն այս պարզ գործը վարույթ ընդունեց, որի համար շատ անհանգստացած եմ։

Ես չունեմ որևէ հովանավոր և մտավախություն ունեմ, որ կարող են ինձ “թույլ օղակ” համարել, ու անտեսելով շուրջ չորս տարվա անտեղի քաշքշուկները,  “գրչի մեկ հարվածով” արդարացնել ամենակարող ռեկտոր Գագիկ Գալստյանի կողմից կատարված և արդեն իսկ բացահայտված հերթական անօրինական արարքը:

՞նչն է Ձեր մտահոգությունների պատճառը.

— Զրուցել եմ բազմաթիվ մասնագետների հետ: Բոլորը հակված են կարծելու, որ երբ վճռաբեկը գործը վարույթ է ընդունում, ապա հիմնականում՝ բեկանելու համար: 

Անհանգստությանս համար կա ևս երկու կարևոր հանգամանք. նույն խնդրի հետ կապված, դատարանում քննվում է 100 տոկոսով նմանատիպ ևս մեկ շահառուի գործ: Այն նույնպես դրական վճռով անցել է առաջին ատյանը և վերաքննեիչը: Այդ գործը վճռաբեկը նույնպես վարույթ է ընդունել: Ընդ որում, նույն օրը՝ իմ գործի հետ միասին՝ 2019թ. հուլիսի 31-ին: Եվ գիտե՞ք ինչն է զարմանալին. երկու գործով էլ վճռաբեկ դատարանի զեկուցող դատավորները՝   Գոռ Հակոբյանը և Էդգար Սեդրակյանը քվեարկել են բողոքը վարույթ ընդունելու հարցին դեմ և փոխարինվել այլ դատավորներով: Սա նույնպես հիմք է տալիս ենթադրելու, որ … Ամեն դեպքում, անհամբեր սպասում եմ վճռաբեկ դատարանի որոշմանը, որից հետո ազատ կլինեմ իմ գործողությունների մեջ:

՞նչ լրացուցիչ քայլեր եք ձեռնարկում Ձեր և Ձեր երեխաների իրավունքները պաշտպանելու համար.

— Պատրաստվում եմ դիմել Բարձրագույն դատական խորհուրդ, նաև՝ Վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանին, որպեսզի այս գործի օրանականությունը հսկողության տակ վերցնեն:

Գործի լուսաբանմանը կխնդրեմ նաև ակտիվորեն ներգրավել մամուլը, իրավապաշտպան կազմակերպություններին:

Չեմ կարծում, որ որևէ մեկը այնքան անխոհեմ գտնվի, որ այս հասարակ հարցով, վերցնի իր վրա 4 դատարանների որոշումները բեկանելու պատասխանատվությունը:

Հարցազրույցը վարեց Անահիտ Ավետիսյանը 

 

 

Rector.am Սկզբունքային հարց է: Կարծում եմ, որ “ԼԱՎ ԵՄ ԱՆՈՒՄ” -ի ժամանակները Հայաստանում անվերադարձ անցնում են: Ռեկտոր Գագիկ Գալստյանի և նրա նմանների ժամանակը՝ նույնպես: Rector.am-ն իր ուշադրության կենտրոնում կպահի այս հարցը և բոլոր մանրամասներով՝ դրվագ առ դրվագ տեղեկատվություն կներկայացնի այս գործի մանրամասների ու դատական քննության հետագա ընթացքի մասին: 

Rector.am

 

 

Facebook Comments