Կրթությունն անհնար է պատկերացնել առանց շատ ուժեղ հետազոտական բաղադրիչի. Վարչապետ

ՀՀ վարչապետի ելույթից.
Ինչքանո՞վ է գիտությունն ինտեգրված կրթությանը և մասնավորապես, բարձրագույն կրթությանը:
Վերջին շրջանի բոլոր այցերին այնպես ենք դասավորում, որ պարտադիր փորձում ենք այցելել եվրոպական կամ աշխարհի առաջատար կրթական հաստատություններ: Այդ այցերի, շփումների արդյունքում իմ եզրակացությունն այն է, որ ժամանակակից աշխարհում միտումները գնում են միանշանակորեն այն ուղղությամբ, որ կրթությունն անհնար է պատկերացնել առանց շատ ուժեղ հետազոտական, այսինքն՝ գիտական բաղադրիչի:
Ցավոք, մեր այսօրվա գիտական համակարգը որոշակիորեն, ոչ ամբողջությամբ կտրված է բուհական համակարգից, այսինքն՝ մեր կրթական համակարգում հետազոտական բաղադրիչի էական պակաս ունենք:
Մեր ռազմավարությունը լինելու է այդպիսին՝ մենք փորձելու ենք հնարավորինս շատ և հնարավորինս արդյունավետ հետազոտական, այսինքն՝ գիտական ուղղությունն ինտեգրել բարձրագույն կրթական ուղղությանը:
Այս առումով ցանկանում եմ ընդգծել նաև, որ մեր պատկերացումը հետևյալն է. որոշակի գործառույթներ, որոնք ավանդաբար ընկալված են որպես կառավարական գործառույթներ, պետք է պատվիրակենք բուհական, գիտակրթական համակարգին, որը հնարավորություն կտա նախ գիտնականներին ավելի ինտեգրված լինել տնտեսության և հանրային կյանքի կառավարման մեջ և նույն հնարավորությունը կստեղծի նաև ուսանողների համար՝ ստանալու ոչ միայն տեսական գիտելիքներ, այլև փորձելու այդ տեսական գիտելիքները կիրառել գործնականում:
Աղբյուրն՝ այստեղ
P.S. Այստեղ մի հարց է մնում բաց. ո՞ւմ հետ և ինչպե՞ս: Եթե սա պիտի արվի գիտական որևէ ավանդ չունեցող կամ ատենախոսություններն արտագրությունների տասնյակ դրվագներով լցրած ռեկտորների միջոցով, ապա որևէ առաջընթաց այս առումով ակնկալել հնարավոր չէ:
Անհրաժեշտ է ներդնել գործուն մեխանիզմներ և մշակել ճանապարհային քարտեզ այս ուղղությամբ առաջ շարժվելու համար: Եվ պետք է փնտրել կոմպենտենտ անձանց, ովքեր կկարողանան և կլիազորվեն ստանձնել այս բարդ գործընթացի պատասխանատվությունը:
Rector.am