Չի կարող Հայաստանի Հանրապետությունում ուսանողի վրա դուռ փակած ռեկտորը կամ կրթական պրոցեսը կուսակցականացրած ռեկտորը, ղեկավարությունը շարունակի աշխատել. Վարչապետ

Կառավարության 25.03.2019թ. նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ թեև կրթության ոլորտում կան հրատապ լուծման կարիք ունենող խնդիրներ, բայց դա չի նշանակում, որ պետք է չմտածված որոշումներ կայացնել. «Մենք պետք է բաց լինենք առաջարկների, դիտողությունների, քննադատությունների համար և պետք է կշռենք փաստարկները և գանք դրանց հիման վրա եզրակացությունների»: 

«Սրանք չափազանց բարդ հարցեր են, բայց այդ բարդությունը չի նշանակում, որ մենք ինչ-որ պահից պետք է հրաժարվենք կամ հոգնենք այդ աշխատանքով զբաղվելուց: Այս հարցերը խորքային են, որոնք կանխորոշելու են մեր պետության, հանրության ապագան։ Մենք պետք է շատ սուր հարցերն ուղիղ քննարկենք հանրության հետ՝ բաց, անկեղծ մթնոլորտում: Հակառակ դեպքում մենք տեղապտույտի վիճակում կհայտնվենք»,-ասել է Նիկոլ Փաշինյանը:

Կառավարության ղեկավարն ընդգծել է նաև, որ ամբողջ կրթական համակարգը պետք է ապաքաղաքականացվի՝ սկսած բուհական համակարգից մինչև դպրոցական: 

«Եվ մենք պետք է շատ հստակ ասենք սա: Օրինակ՝ այն ռեկտորները, որոնք բարձրագույն կրթական համակարգը դարձրել են ինչ-որ կուսակցական բջիջներ, այն ռեկտորները, որոնք ուսանողների վրա դռներ են փակել, նրանք նոր Հայաստանում անելիք չունեն: Սա իմ շատ հստակ դիրքորոշումն է, և մենք չպետք է վախենանք այդ դիրքորոշումն ասել: Թող դռներից, իրենց սեղաններից ու բազկաթոռներից ճանկռեն, բայց իրենք նոր Հայաստանում անելիք չունեն: Թող գնան իրենց համար գտնեն այլ աշխատանք, այլ անելիք, այլ առաքելություն: Չի կարող Հայաստանի Հանրապետությունում ուսանողի վրա դուռ փակած ռեկտորը կամ կրթական պրոցեսը կուսակցականացրած ռեկտորը, ղեկավարությունը շարունակի աշխատել: Չի կարող այդպիսի բան լինել: Հեղափոխությունը սկսել է այս պահանջով և ավարտվելու է այս պահանջով: Չկա տարբերակ: Այո, սա քաղաքական որոշում է և այդ քաղաքական որոշումը մի շաբաթ ուշ, թե շուտ կիրագործվի: Որևէ մեկը հանկարծ չմտածի, թե մենք կմոռանանք ինչի համար ենք հավաքվել, հույս չունենան»— նշել է Նիկոլ Փաշինյանը:

Աղբյուրն` այստեղ

Facebook Comments