Մենք պիտի՞ անդրադառնանք Հայաստանում պաշտպանված դոկտորական դիսերտացիաներին. ում մոտենում ենք՝ պարզվում է կեսը կեղծ է: Վարչապետ

ՀՀ ԲՈԿ-ի հանձնաժողովն ուսումնասիրել է Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտոր Գագիկ Գալստյանի դոկտորական ատենախոսությունում առկա գրագողության դեպքերը և համապատասխան եզրակացություն է ներկայացրել նախարար Արայիկ Հարությունյանին: 

Rector.am-ի աղբյուրների համաձայն ռեկտորի աշխատանքում գրագողության առկայությունը հաստատվել է: Ավելին, հայտնաբերվել են գրագողության նոր դրվագներ, ինչպես նաև ատենախոսությունում տեղ գտած այլ նեգատիվ երևույթներ:

Թեև ԲՈԿ-ի հանձնաժողովը եզրակացությունն ստորագրել և նախարարություն է ուղարկել ավելի քան մեկ ամիս առաջ, սակայն, այն մինչ օրս պահվում է գաղտնի: Ավելին, ռեկտոր Գագիկ Գալստյանն, ում պաշտոնավարման ժամկետը լրանում է մի քանի օր հետո, պատրաստվում է երկրորդ անգամ առաջադրվել այդ պաշտոնին ( այստեղ):

Սակայն ռեկտոր գալստյանի շուրջ օղակը սեղմվում է: Այսօր, դոկտորական ատենախոսությունների թեմային է անդրադարձել վարչապետ Նիկոլ Փաշինյանը.

Մենք պիտի՞ անդրադառնանք Հայաստանում պաշտպանված դոկտորական դիսերտացիաներին: Ում մոտենում ենք՝ պարզվում է կեսը կեղծ է: Ես տարբերակ չեմ տեսնում առանց սրան անդրադառնալու, որ կարող ենք կրթության կամ գիտության ոլորտում մի բան անել,- այս մասին այսօր ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ «Ինչ անել-2. տնտեսական հեղափոխություն՝ ընկալումը եւ գործարկումը» խորհրդաժողովին,- Անգրագետ մարդը չպետք է դասարան մտնելու հնարավորություն ունենա ( այստեղ): 

Հիշեցնենք, որ Գագիկ Գալստյանը ռեկտորի պաշտոնում, 5 տարի ժամկետով, ընտրվել է 2014թ. հոկտեմբերի 31-ին: 2014թ. նոյեմբերի 19-ին ՀՀ կառավարությունը հաստատել է այդ որոշումը:

Արդեն իսկ պարզ է, որ այս թյուրիմացության ավարտին մնում են հաշված օրեր:

 

Գագիկ Ներսիսյան

 

 

Facebook Comments