Գրագող ռեկտորը կլքի այդ պաշտոնը. Նախարար

Ազատություն ռադիոկայանից՝ ֆեյսբուքյան մամլո ասուլիսին, ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն օրերս ասել է.

«Գրագողությունն անընդունելի է, և գրագողը չի կարող լինել հայաստանյան որևէ բուհի ռեկտոր, ընդ որում, եթե խոսքը գնում է լայնամասշտաբ գրագողության մասին: Եվ այս խմբերը թող իրենց համար շատ հստակ ֆիքսեն: Երկրորդը՝ ցանկացած ոք, ով ռեկտորի պաշտոնում կլինի, եթե նրա մոտ նման դեպքեր հայտնաբերվեն, ինքը նույնպես կլքի այդ պաշտոնը» (այստեղ):

ՀՀ կառավարության անդամի այս հայտարարությունը ենթադրում է, որ ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտոր Գագիկ Գալստյանն առաջիկա օրերին պետք է պաշտոնանկ արվի:

Ազգային Ժողովում, հարց ու պատասխանի ժամանակ, պատասխանելով պատգամամավոր Անի Սամսոնյանի հարցին, նախարար Արայիկ Հարությունյանն ասել է, որ այս դեպքի համար կա ԲՈԿ-ի հանձնաժողովի եզրակացությունը:

Սակայն, ամեն ինչ չէ, որ այդքան պարզ է: ԲՈԿ-ի հանձնաժողովը եզրակացությունն ստորագրել և նախարարություն է ուղարկել ավելի քան մեկ ամիս առաջ: Սակայն, այն մինչ օրս պահվում է գաղտնի: Ավելին, ռեկտոր Գագիկ Գալստյանն, ում պաշտոնավարման ժամկետը լրանում է մի քանի օր հետո, պատրաստվում է երկրորդ անգամ առաջադրվել այդ պաշտոնին:

Սա առաջացրել է համալսարանի աշխատակիցների դժգոհությունը: Այս հարցով նախարար Հարությունյանին է դիմել բուհի դոցենտ Արմեն Բաբայանը.

«Հարց է առաջանում, ինչո՞ւ  է հանձնաժողովի եզրակացությունը գաղտնի պահվում հասարակությունից: Համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի մոտ այդ անորոշութունը ձևավորում է խորը հիասթափություն: Խնդրում եմ տրամադրել Գագիկ Գալստյանի  ատենախոսության վերաբերյալ ԲՈԿ-ի եզրակացության լուսապատճենը: Մենք իրավունք ունենք իմանալու թե ով է ղեկավարում մեր բուհը»:

Առաջիկա օրերին պարզ կդառնա՝ կպահապանի արդյոք նախարար Հարությունյանն իր խոսքը, որ գրագողը չի կարող լինել հայաստանյան որևէ բուհի ռեկտոր, թե այս անգամ ևս, ինչպես մնացած բոլոր դեպքերում, կաշխատի ռեկտոր Գալստյանի «ԿԱԽԱՐԴԱԿԱՆ ՓԱՅՏԻԿԸ» և նա կշարունակի պաշտոնավարել, կարծես իսկի ոչինչ  չի էլ եղել:

 

Գագիկ Ներսիսյան

Facebook Comments