Հովհաննես Թոքմաջյան. Պահպանելով հանդերձ շփումների սահմանափակման արգելքը, այն արդարացում չպետք է դարձնենք գործ չանելու համար… ուսումնական գործընթացը ձախողելու համար…BUH.AM

Շուշիի տեխնոլոգիական համալսարանի ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանը ուղերձով դիմել է ուսանողներին ու բուհի աշխատակիցներին։ Այս մասին գրում է BUH.AM -ը։

Ուղերձում, մասնավորապես, ասվում է.

Հարգելի գործընկերներ, սիրելի ուսանողներ.

Կորոնավիրուսի տարածման հետ կապված, համաշխարհային ճգնաժամի արդի պայմաններում, հարկ եմ համարում խնդրանքով դիմել Ձեզ և հորդորել ուժ գտնել իրականացնելու այս իրավիճակից բխող անհրաժեշտ գործողություններ՝ հասարակության և պետության կողմից  մեր առջև դրված խնդիրները լուծելու համար:

Մեր ժողովուրդը պատերազմների միջով արժանապատվորեն է անցել և իրավունք է ձեռք բերել իր ՀԱՅՐԵՆԻՔՈւՄ ապահով և բարեկեցիկ կյանքով ապրելու համար:

Սակայն, ճակատագիրը հերթական փորձությունն է պատրաստել ինչպես մեր, այնպես էլ աշխարհի բոլոր ժողովուրդների համար:

Պահպանելով հանդերձ անմիջական շփումների սահմանափակման արգելքը, այն արդարացում չպետք է դարձնենք գործ չանելու համար… ուսումնական գործընթացը ձախողելու համար…

Ստեղծված իրավիճակում, պարապմունքները ստիպված ենք իրականացնել հեռավար եղանակով:

Հիմա, առավել քան երբևէ, պիտի հասկանանք, որ աշխարհն այլևս չի լինելու նույնը՝ ինչ առաջ էր: Հետևաբար, այսօր, իրական գործի փոխարեն, մենք ձևական քայլեր անելու իրավունք չունենք:

Առաջարկում եմ բոլորին, համալսարանի գործունեության ապահովման հետ կապված, յուրաքանչյուր քայլ կատարելիս, առաջնորդվել պատասխանատվության պատշաճ զգացումով: Այլապես դժվար կլինի մեզ համատեղ շարունակելու այն ճանապարհը, որը միասին ենք սկսել: Սա վերաբերում է ինչպես ուսանողներին, այնպես էլ՝ դասախոսներին ու համալսարնի բոլոր աշխատակիցներին:

Արձանագրելով, որ կարևորագույնը մեր ժողովրդի անվտանգությունն ու առողջության ապահովումն է, առաջին հերթին անհրաժեշտ է անվերապահորեն կատարել այս ուղղությամբ պետական իրավասու մարմինների հրահանգները և պահպանել անձնական հիգենայի կանոնները:

Համալսարանի պրոռեկտորներին, դեկաններին, բոլոր ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարվում է ամբողջ ծավալով կազմակերպել իրենց պարտականությունների իրականացումը՝ ելնելով ստեղծված իրավիճակի առանձնահատկություններից:

Առցանց դասախոսություններն՝ ըստ հայտարարարված դասացուցակի, պետք է շարունակվեն իրականացվել zoom.us համակարգում՝՝ բաց էկրաններով: Դասախոսությունների ձայնագրությունները և տնային հանձնարարությունները, պարտադիր կարգով, պետք է տեղադրվեն համալսարանի պաշտոնական կայքում: Յուրաքանչյուր դասախոսի աշխատանք կգնահատվի՝  հեռավար դասավանդման արդյունավետության ցուցանիշներից ու դասախոս — ուսանող հետադարձ կապի մակարդակից ելնելով:

Աղբյուրն՝ այստեղ

Facebook Comments