Հովիկ Վարդումյան. Այսպիսի մարդկանցով ենք մենք հաղթել պատերազմը (Այսօր Աշոտ Քալանթարյանի ծննդյան օրն է)

Աշոտ Քալանթարյանն 95 տարեկան կդառնար այսօր։

Ծնվել է 1925 թվականի ապրիլի 1-ին Լոռու մարզի Արդվի գյուղում: Տոհմիկ ազնվական է, Ռուսաստանի դիկտատոր, Կոմս Լորիս Մելիքովի շառավիղներից է։ Հայրենական և Արցախի պատերազմների մասնակից: Մարտական ուղին սկսել է դեռևս 10-րդ դասարանից: Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին ռազմական օդաչու էր: Ունի 16 շքանշան ու մեդալ: Հայրենական մեծ պատերազմից հետո, ավարտել է Մոսկվայի էներգետիկայի ինստիտուտն ու ամբողջ կյանքում զբաղվել ռազմական ճարտարագիտության խնդիրներով։

«Երբ պատերազմի ավարտից հետո տուն էինք վերադառնում, պատրաստ էինք համբուրվելու խորհրդային ցանկացած զինվորի հետ: Գնացքի մեջ ես և ընկերս մեր ունեցած ամբողջ ուտելիքը բաժանեցինք ադրբեջանցի երեխաներին: Հետո եկան նրանց ծնողներն ու ծեծեցին մանուկներին, որ մեր պես պիղծ քրիստոնյաների ձեռքից բան են կերել: Երբ նրանցից խույս տալու համար տեղափոխվում էինք այլ վագոն, տեսանք որ դանակներով սպանել էին պատերազմից վերադարձող մի հայ զինվորի, ու ոտքերով հարվածելով, փորձում էին գնացքից դիակը ցած նետել: Մենք ընդհարվեցինք… Դա իմ առաջին կռիվն էր նրանց հետ. Աշոտ Քալանթարյան»:

Աշոտ քեռու, ինչպես ղարաբաղցիք կոչում էին նրան, երկրորդ կռիվը սկսվեց 1989- դեկտեմբերին, Հադրութի շրջանում: Հետո այդ կռիվը շարունակեց Սիսիանում, Վայքում, Կապանում, պաշարված Գետաշենում, Շահումյանում…

Լինելով պրոֆեսիոնալ ինժեներ-զինագործ` թշնամու խոր թիկունքում բազմիցս ականապատեց, իսկ ազատագրումից հետո ականազերծեց տարածքներ` հրամանատարության հանձնարարությամբ:

Մեծ աղետը, որ կարող էր տեղի ունենալ Մարտունաշենում ու Գետաշենում, կանխվեց այն բանից հետո, երբ Աշոտ Քալանթարյանը շարքից անսպասելիորեն պայթեցրեց Մարտունաշենի «Սպիտակ տունը»: Իսկ Գետաշենից դեպի Շահումյան հեռացավ միայն վերջին խմբի հետ` ճանապարհին այրելով այն ամենը ինչ չպետք է ընկներ հակառակորդի ձեռքը:

Աշոտ Քալանթարյանին չանհանգստացրեց այն փաստը, որ Արցախ մեկնելու, կոմկուսի անդամությունից հրաժարվելու և զենքի արտադրություն կազմակերպելու պատճառով իրեն հեռացրել էին «Էլեկտրապրիբոր» միավորման գլխավոր ինժեների պաշտոնից: Հետո, մարտնչող տղաների պահանջով նրան «վերականգնեցին» այդ կազմակերպությունում, բայց ընդամենը՝ որպես երկրորդ կարգի բեռնակիր:

Խորհրդային Հայաստանը կարող էր «հպարտանալ», որ ունի Հայրենական պատերազմի լեգենդար մասնակից, Մոսկվայի էներգետիկ ինստիտուտի դիպլոմով, ով աշխատել էր Աբովյանի Չափիչ սարքերի գործարանում, որպես գլխավոր կոնստրուկտոր, Հրազդանի Ռադիոբաղադրիչների գործարանում՝ գլխավոր ինժեներ, Երևանի «Ավիահամալիր» գործարանում` արտադրության պետ, «Էլեկտրապրիբոր» միավորման Աշտարակի մասնաճյուղի տնօրեն  աշխատած՝  « երկրորդ կարգի բեռնակիր»:

Արցախյան պատերազմի ավարտից հետո էլ, քեռի Աշոտն աշխատում էր «Հայկ-1» ձեռնարկությունում` որպես նմուշի գլխավոր կոնստրուկտոր: Այսպիսին են երկրի պաշտպանության համար կյանքը չխնայած մարդիկ:

Ներկա սերնդին դաստիարակելու համար ամենևին պետք չեն մտացածին հերոսներ, նրանք մեր կողքին են եղել… ու կմնան մեր կողքին ընդմիշտ,  ինչպես ամենատարեց երկրապահներից մեկը` ԱՇՈՏ ՔԱԼԱՆԹԱՐԻ ՔԱԼԱՆԹԱՐՅԱՆԸ:

Հովիկ Վարդումյան

 

Facebook Comments