ԵՐԻՏԹԵՎԻ ՈՒՍԽՈՐՀՈՒՐԴՆԵՐԸ

Ո ՞վքեր ու ինչպե՞ս ստեղծեցին երիտթևի ուսխորհուրդները։

Հասցեատերերը լիքն են։

Պատասխան տվող չկա։

Հիմա բոլորը մեծ ու աղմկոտ պատմությունների են սպասում։

Ուսխորհուրդների հարցը մնացել է ստվերում։ Ու էդպես՝ այդ ամբողջը կանցնի կգնա՝ համալսարանների հիմքում թողնելով դեռ չերևացող մի ավերակ, որը հետո փորձանք պիտի դառնա մեր սերունդների համար։

Ոչինչ պատահաբար չսկսվեց։

Մտածված, հեռուն գնացող ծրագիր էր՝ խմբակային շահերի սպասարմանն ուղղված։ Հետո ինչ, որ երկրի վաղվա օրն են վտանգում։

Գուցե՞ դա եղավ այն օրը` 2010թ․ հոկտեմբերի 28-ին, երբ Ազգային ժողովը բարձրագույն կրթության օրենքը փոփոխեց, ասելով․ այսուհետ ուսխորհուրդների կանոնադրությունը կրթության նախարարն է հաստատելու, ոչ թե համալսարանի գիտխորհուրդը։

Ու այդպիսով երիտթևի ուսխորհուրդները դարձան քաղաքական լծակ չինովնիկների ձեռքին։

Մեզ ոչ գործ անող գիտնականներ են պետք, ոչ էլ՝ գրագետ դասախոսներ։ Մեզ պետք չէ պրոգրեսիվ ուսանողություն։

Մեզ խոնհար ու ամորֆ պրոֆեսուրա է պետք։  

Ու երիտթևի ուսխորհուրդները սկսեցին «գործել»։

Հետո եկավ «հասունացման» պահը։ Ոսխորհրդի «առաջնորդները» առնվազն ռեկտորների տեղակալներ ու խորհրդականներ պիտի դառնային։

Ու ռեկտորները հանձնվեցին։  

Ուսխորհորդներնրի նախագահները նշանակվեցին այդ պաշտոններին ու սկսեցին ղեկավարել բուհերը։

Ալեհեր մազերով յոթանասունամյա կամազուրկ որոշ ռեկտորներ չգիտակցեցին նույնիսկ, թե մեջքի ետևից, սարկազմով, ինչ են խոսում իրենց մասին՝ «․․․ հա ճանաչում եմ նրան՝ այսինչ ուսխորհրդի նախագահի մոտ ռեկտոր է աշխատում»։

Որոշ բուհերում եղավ նաև մյուս ծայրահեղությունը, երբ ռեկտորի նկատմամբ քծնանքն ու երեսպաշտությունը դարձավ դոմինանտ:

Երկու դեպքն էլ արատավոր է ու անընդունելի:

Երկուսն էլ` կազմալուծում են կրթական համակարգը:

Ու երբ, ամենամոտ ապագայում, ռեկտորները հրաժեշտ կտան պաշտոններին, իրենց շատ դժվար է լինելու շարունակել ապրել` բարոյազուրկ այդ բեռի տակ կքված։

Բայց դա լինելու է վաղը, իսկ այսօր դեռևս  համալսարաններում երիտթևի իրական իշխանությունն է։

Գագիկ Ներսիսյան

P․s․ Լեզվաբանական համալսարանի մի խումբ ուսանողներ ուսխորհրդին հատկացված չհրկիզվող պահարանից օրերս հայտնաբերել են ՀՀԿ 56 անդամատոմս։ Համալսարանի ռեկտորը հետևյալ պատասխանն է տվել «Դա նախկին ուսանողներինն է»։

 

 

Facebook Comments