Գրագողությունը խաթարում է գիտական կադրերի պատրաստման գործընթացը

Գրագողությունը նույն գողությունն է, սակայն, առավել քողարկված ու վտանգավոր իր հնարավոր ազդեցությամբ և հետևանքներով: Առավել մտահոգիչն այն է, որ հասարակությունը լուրջ չի վերաբերվում գողության այս տեսակին և չի ընկալում դրա վտանգավորության աստիճանը: Երկու կիլոգրամ կարտոֆիլ գողացած կինը կանգնում է դատարանի առջև, ավտոմեքենայի հայելի գողացած երեխան, բռնվելիս, առնվազն, ծեծ է ուտում, իսկ գրագողությամբ ատենախոսություն պաշտպանած, ու այդպիսով պաշտոնավարման համար անհրաժեշտ գիտական աստիճանն ստացած անձնավորությունը, ռեկտոր է աշխատում:

Ռեկտոր Գագիկ Գալստյան

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի  ազգային համալսարանի ռեկտոր Գագիկ Գալստյանը ձեզ օրինակ: Արտագրության 50 դրվագ ենք ներկայացրել նրա դոկտորական ատենախոսությունում: Ոչ մեկի պետքը չի: Ի՞նչ է եղել որ: Կարգին էլ մարդ  է, թանկանոց կոստյում ունի, փողկապ է կրում, կոկիկ հագնված է: Բան եք գտել:

Այ, երբ, որ երկու նախադասություն իրար կապել չկարողացող այդ մարդը, վաղը ձեր երեխաներին ու թոռներին մասնագիական խեղանդամ կսարքի, գլխներիդ կտաք, սակայն, արդեն ուշ կլինի: 

Հուլիսի 4-ին, «Փաստ» թերթը գրել է. «Ատենախոսությունների գրագողության թեման վերջին շրջանում ամենաակտիվ քննարկվածներից է, ընդհուպ՝ ԱԺ-ում քննարկումներ ծավալվեցին դատավորներից մեկի՝ 17 էջանոց «պլագիատի» թեմայով: Հարցը, սակայն, կարծես նորանոր անձանց է «ընդգրկում»:

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյան

«Փաստ» թերթի տեղեկություններով, օրերս բարձրագույն որակավորման կոմիտեին են ներկայացվել փաստեր, մասնավորաբար Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանի «Մասնակցային կառավարման զարգացման ուղղությունները տեղական ինքնակառավարման համակարգում» դոկտորական ատենախոսության մեջ ընդհանուր առմամբ մոտ 60 էջ «copypaste»-ի վերաբերյալ: Ըստ  «Փաստ»-ի տեղեկությունների, առաջիկայում այս հարցը «կդրվի» վարչապետ Նիկոլ Փաշինյանի սեղանին» (Աղբյուրն՝ այստեղ):

Պատկերացնում ե՞ք ինչ է կատարվում. հանրապետության ատենախոսությունների հետ առնչություն ունեցող, առավելագույնը, 10 բուհերից 2-ի ռեկտորները խնդիրներ ունեն գրագողության առումով: Սա որևէ արդարացում ունենալ չի կարող:

Օրերս, aravot.am -ը, գրել էր, որ ՀՀ  ԲՈԿ-ի նախագահ Սմբատ Գոգյանը «Մեդիա կենտրոնում» պատասխանելով այն հարցին, թե իր պաշտոնավարման ընթացքում գրագողության քանի դեպք է հայտնաբերել, քանի ատենախոսություն է մերժվել կամ հետ ուղարկվել խորհուրդներ, պատասխանեց. «Հստակ թիվը չեմ կարող ասել, թե քանի գործ է մերժվել, բայց արդեն առաջին դեպքը կա, որ հայցորդը նորից դիմել է պաշտպանության համար: Գործող կարգով, եթե մարդուն մերժում են, նա իրավունք ունի մեկ տարի հետո կրկին դիմել, և հիմա գրագողության հետքերը վերացնելով դիմել է: Ցավոք, մասնագիտական խորհուրդը կհաստատի, և չենք կարողանա դեմն առնել: Մասնագիտական հանրությունը պետք է ասի, որ քո աշխատանքի մեջ գիտական արժեք չկա»:  Սմբատ Գոգյանն ասել էր նաև, որ իր համար շշմեցուցիչ էր, երբ վերջերս մեկի ատենախոսությունը մերժեցին. «Նա բողոք ներկայացրեց, հանձնաժողով ստեղծեցին, որն էլ ավելի շատ գրագողության աղբյուրներ հայտնաբերեց ատենախոսության մեջ, փաստորեն 75 էջից 50-ը գրագողություն էր, բայց այժմ այդ մարդը պատրաստվում է մեզ դատի տալ: Ասում է` դուք իրավունք չունեք մեզ մերժելու» (Աղբյուրն՝ այստեղ): Եվ գիտեք, որն է այստեղ սարսափելին. մեր իրողության մեջ այդ անձնավորությունը մեծ հավանականություն ունի հաղթելու դատը: Իսկ հասարակությունը, լավագույն դեպքում, իներտ կմնա:

ՀՀ ԲՈԿ-ի նախագահ Սմբատ Գոգյանը նշել է, որ տիրապետելով այն փաստին, որ գրագողություն է արված, նույնիսկ որևէ ընթացակարգ և կամ պատժելու մեխանիզմներ չկան: «Ոչ թե մենք նրանց ներում ենք, այլ պատժելու մեխանիզմներ չկան: Ստացվում է, որ ուղղակի բացահայտումներ ենք անելու ու դրանով ավարտենք ամենը: Եթե մարդուն ասում ենք՝ քո հանցանքը բացահայտվել է. երկու ընտրություն ունի, կամ կասի՝ «հա, ինչ անեմ», կամ էլ փորձի սահուն հեռանալ»,-ընդգծել է ԲՈԿ-ի նախագահը և ասել, որ այս դեպքում միայն բարոյական պատասխանատվություն կրելը լիարժեք չէ (Աղբյուրն՝ այստեղ):

Տխուր պատկեր է:

Գագիկ Ներսիսյան

Facebook Comments