Արցախն ունի ինստիտուցիոնալ հավատարմագրում անցած բուհ. Rector.am-ի զրուցակիցն է Շուշիի տեխնոլոգիական համալսարանի ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանը

Հարց. Շուշիի տեխնոլոգիական համալսարանն Արցախում դարձավ առաջին բուհը, որը ստացավ ինստիտուցիոնալ հավատարմագրում: Սա սպասվա՞ծ արդյունք էր.

Պատասխան. Ավելի քան. սա Շուշիի տեխնոլոգիական համալսարանի աշխատակիցների և ուսանողների հետևողական, ծանր աշխատանքի արդյունքն է: Շատերն էին կասկածում, որ դա մեզ կհաջողվի, ես երբեք չեմ կասկածել:

Հարց. Համալսարանին շնորհվել է պայմանական՝ 2 տարվա ինստիտուցիոնալ հավատարմագրում: Ի՞նչ է դա նշանակում.

Պատասխան. Պայմանական ինստիտուցիոնալ հավատարմագրում տրվում է 2 տարի ժամկետով, եթե փորձագիտական զեկույցում նշված թերություններն էական են՝ բարձր ռիսկայնությամբ, և դրանց վերացումը հրատապ է, սակայն դրանք կարող են վերացվել 2 տարվա ընթացքում: 2 տարի ժամկետով պայմանական հավատարմագրում շնորհելու վերաբերյալ որոշման հրապարակումից հետո երկամսյա ժամկետում ուսումնական հաստատությունը ներկայացնում է փորձագիտական զեկույցում նշված թերությունների վերացման գործողությունների` հաստատության կողմից հաստատված ծրագիրը և համապատասխան ժամանակացույցը:

Հարց. Բարձր ռիսկայնությունը շենքային պայմաններ ու լաբորատորիաներ չունենա՞լն է.

Պատասխան. Հիմա նաև դա: Շուշիի տեխնոլոգիական համալսարանն ինստիտուցիոնալ հավատարմագրման գործընթացն սկսել է 2018 թվականի դեկտեմբերին՝ առաջինը Արցախում: Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը, հիմք ընդունելով ԱՀ կառավարության 05.12.2017թ. որոշմամբ հաստատված պետական հավատարմագրման կարգի տՕՊՑՀԸԱՆպահանջները և Շուշիի տեխնոլոգիական համալսարանի 18.01.2019 ներկայացված ինստիտուցիոնալ հավատարմագրման դիմում-հայտի վերաբերյալ ՈԱԱԿ-ի Ինստիտուցիոնալ և ծրագրային փորձաքննության բաժնի եզրակացությունը, որոշել է ընդունել հայտը, քանի որ այն բավարարում է Հավատարմագրման կարգի պահանջներին: Որոշումը ստորագրել է ՀՀ մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի տնօրեն Ռուբեն Թոփչյանը: 

Ասեմ, որ այդ ժամանակ համալսարանը ընդամենը 2,5 տարեկան էր: Սկսելով ինստիտուցիոնալ հավատարմագրման գործընթացը, մենք հստակ գիտակցում էինք, որ հավատարմագրման պրոցեսն իրականացվելու է բակալավրիատում շրջանավարտների բացակայության պայմաններում, ուստի չենք կարող հավակնել 2 տարուց ավելի ժամկետով հավատարմագրման: Ինձ համար, ում ղեկավարությամբ իրականացվել են Հայաստանի երկու կարևոր բուհերի՝ ճարտարապետաշինարարականի ու պոլիտեխնիկի եվրոպական ինստիտուցիոնալ հավատարմագրման հիմնական գործընթացները, ակնհայտ էր, որ հնարավորինս արագ պետք է մտնել այս պրոցեսի մեջ, որպեսզի համալսարանի աշխատակիցներն ու ուսանողները ադապտացվեն նոր իրողություններին, գիտակցեն իրենց տեղն ու առաջիկա անելիքները: Եվ դա, մեծ հաշվով, մեզ հաջողվեց. համալսարանն իր “տարիքի” ու  կարողությունների շրջանակներում հաջողությամբ անցավ հավատարմագրման բոլոր փուլերը և վաղուց արդեն ստացած պիտի լիներ 2 տարվա հավատարմագրումը, եթե …

Հարց. չսկսվե՞ր պատերազմը.

Պատասխան. նախ թագավարակը, հետո՝ պատերազմը: Համալսարանը պատերազմում ունեցավ 52 զոհ. սա  ամենաբարձր տեսակարար ցուցանիշն է Հայաստանի ու Արցախի բոլոր բուհերի մեջ… համալսարանն ապրեց Շուշիի անկումը՝ թողնելով այնտեղ իր 5 կորպուսները և գրեթե ամբողջ գույքը: Այս իրավիճակում, բուհի աշխատակիցներն ու ուսանողներն իրենց մեջ ուժ գտան, անմիջապես պատերազմի դադարից հետո՝ նոյեմբեր ամսի 12-ից վերսկսել ուսումնական ու գիտական պրոցեսը: Ուսումնական նպատակներով մեզ ժամանակավոր տարածք տրամադրվեց Ստեփանակերտի թիվ 2, այնուհետ՝ 9-րդ դպրոցում (հավերժ շնորհակալ ենք այդ դպրոցներին), դասերի մի մասն իրականացվում էր ՇՏՀ երևանյան ներկայացուցչությունում, ինչպես նաև՝ հեռավար եղանակով:

Սակայն համալսարանին սպասվում էր նոր անակնկալ. բուհի հավատարմագրման պրոցեսը “սառեցվեց” աբսուրդային մեկնաբանությամբ. “Շուշիի տեխնոլոգիական համալսարնն ընկել է Շուշիի հետ միասին. բուհը չունի ոչ շենք, ոչ գույք, ու ոչ ոք չգիտի, արդյո՞ք գործում է այն”: Սա ամենամեծ անարգանքն է մեր զոհերի, պատերազմում մարտնչած տասնյակ ուսանողների ու դասախոսների նկատմամբ: Եվ այս վիրավորանքից գոյացած վերքը երբեք չի սպիանալու, ԵՐԲԵՔ: 

Հարց. դժվար է հավատալ, որ որևէ մեկը կարող էր այդպես մտածել.

Պատասխան. Ոչ միայն մտածել, այլև՝ արտահայտվել, թուրիմածության մեջ դնելով հասարակությանը և պաշտոնատար անձանց: Համոզված եմ, որ դա արվել է միտումնավոր կերպով: Այլապես, որպես առաջին քայլ, կարելի էր բացել համալսարանի պաշտոնական կայքը և տեսնել, որ բուհը գործում է՝ հրապարակելով իր դասացուցակները, նյութեր առկա և հեռավար պարապմունքների մասին, մասնակցում է միջազգային գիտաժողովների, տպագրվում է հեղինակավոր, այդ թվում՝ SCOPUS համակարգի գիտական հանդեսներում, իրականացնում է ուսանողական բազմաթիվ միջոցառումներ…  

Հարց. գիտե՞ք ովքեր են դա արել.

Պատասխան. Ոչ, չգիտեմ, ու դա կարևոր էլ չէ: Պարզապես մեր երկրում պետք է ստեղծվի այնպիսի մթնոլորտ, որտեղ  պիտի տեղ չունենան զրպարտությունը, չարախոսությունը, դատարկաբանությունը, բամբասանքը, նախանձը: Այս երևույթները խորը արմատներ են գցել մեր հասարակության մեջ ու խալխլում են ցանկացած առաջընթացի հիմքերը: Ինքս մեղքի իմ բաժինն ունեմ այս հարցում, երբ 25 տարի առաջ, լինելով ՀՀ ԱԺ առաջին գումարման պատգամավոր և պետաիրավական հանձնաժողովի անդամ, չհասկացա, որ զրպարտության հոդվածը երբեք չէր կարելի ապաքրեականացնել: Մեր համալսարանն այդ բոլորի միջով անցել է, և շարունակում է անցնել հենց ստեղծման պահից: Սակայն մեր ուսանողներն ու դասախոսներն արդեն սերտել են Ուինսթոն Չերչիլի դասը՝ երբեք չեք հասնի նպատակակետին, եթե ամեն հաչող շան վրա քար նետեք: 

Հարց. իսկ Դուք համոզվա՞ծ եք որ կհասնեք Ձեր նպատակակետին, որ համալսարանը կունենա նոր շենք, լաբորատորիաներ, գույք, հանրակացարան.

Պատասխան. համալսարանը շենք ունի՝ հինգ մասնաշենք Շուշի քաղաքի Աշոտ Բեկորի 4 հասցեում: Իսկ մինչև այնտեղ վերադառնալը, մենք անշուշտ կունենանք և շենք, և լաբորատորիաներ և գույք… դրանք լուծելի հարցեր են… մենք, մեր երկրային կյանքում, չենք ունենա միայն համալսարանի 52 զոհված տղաների  կողքին լինելու երջանկությունը… ՍԱ Է ԽՆԴԻՐԸ… 

Հարց. Ի՞նչ եք անելու առաջիկայում.

Պատասխան. Շատ գործ կա անելու: Իսկ հավատատարմագրման առումով՝ 2 տարի հետո անցնելու ենք լիարժեք ինստիտուցիոնալ հավատարմագրում, այնուհետ՝ եվրոպական… անցնելու ենք անկախ նրանից,  որևէ պաշտոնիայի սրտով է դա, թե՞ ոչ… 

Հարց. Ի՞նչ կուզենաք ավելացնել.

Պատասխան. Շնորհավորում եմ մեր ուսանողներին ու գործընկերներին, շնորհակալություն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր կանգնած են ու կանգնելու են մեր համալսարանի կողքին… իսկ մնացյալը՝ լռություն:

Facebook Comments