Անահիտ Բախշան. Բուհերի հոգաբարձուների խորհուրդները կանոնադրությամբ իրենց վերապահված իրավասությունները չեն ուզում կատարել

Rector.am-ի հյուրն է ճանաչված հասարակական և քաղաքական գործիչ Անահիտ Բախշյանը:

-Տիկին Բախշյան, երբ մեր համալսարաններն անցան կառավարման հիմնադրամի ձևին, դա դիտվեց, որպես բարձրագույն կրթական համակարգի կառավարման ազատականացման լուրջ նախադրյալ: Ամբողջ աշխարհում բուհերը, հիմնականում, հիմնադրամներ են: Դրանց կառավարման մարմինները հստակ տարանջատված են` հոգաբարձուների խորհուրդ և ռեկտոր: Ի՞նչ բերեց այդ փոփոխությունը Հայաստանի բուհական համակարգին.

-Հայաստանում այս մոդելը դեռևս չի աշխատում: Ոչ մի բուհում հոգաբարձուների խորհուրդն ամբողջ ծավալով չի իրականացնում իր գործառույթները՝ դառնալով ռեկտորի կցորդը: Հիմնականում, ուսանողների օբյեկտիվ ձայնը լսելի չէ այնտեղ, ու դա ամենակարևորն է: Հոգաբարձուների խորհուրդը, որպես կանոն, ռեկտորի գործունեության նկատմամբ չի իրականացնում իր վերահսկողական գործառույթը։ Ըստ էության, սա շատ բուհերում պրոտեկցիոնիզմի դրսևորում է: Դրանք, իրենց գործելավոճով հակված են ռեկտորի պաշտոնը դարձնել անձեռնմխելի, այդ կերպ ռեկտորի համար ստեղծելով ամենաթողության և «ինչ ուզեմ՝ կանեմ»՝ մթնոլորտ: Կարծում եմ, որ մենք չունենք բուհերի մասին առողջ օրենք: Դրա նախագիծն արդեն քանի տարի է գրվում, արտագրվում է, այնուամենայնիվ, շարունակում է մնալ հում`՝ պտտվելով չլուծված խնդիրների կիզակետում: Ո՞րը պիտի լինի կրթության քաղաքականության իրականացման ամենակարևոր լծակը: Կարծում եմ, հենց՝ թափանցիկ գործող ու իրապես ռեկտորից անկախ հոգաբարձուների խորհուրդը: Այն չպիտի կազմավորվի այնպես, ինչպես դա արվում է այսօր: Խորհրդում հավասարակշռված հարաբերակցությամբ ներկայացուցիչներ պիտի ունենան գործատուները, բուհի շրջանավարտները, հասարակական կազմակերպությունները: Գիտության և տնտեսության մեջ մասնագետների պահանջը պետք է թելադրի շուկան և բուհը ճկուն կերպով պիտի արձագանքի այդ պահանջարկին, որտեղ վճռորոշ ձայն պետք է ունենան գործատուները: Սակայն աչքաթող պիտի չարվի նաև ֆունդամենտալ գիտությունը: Այդ խորհրդի մեջ կարևոր դեր պիտի ունենան նաև քննադատական մտածողությամբ, չքծնող և միայն սեփական շահերով չառաջնորդվող դասախոսներն ու ուսանողները: Տարբեր այդ բևեռները պիտի ունենան հավասարապես առողջ մոտիվացիա: Այդ սկզբունքներն այսօր չկան: Հստակեցում չկա: Չնայած իշխանությունը փոխվել է Հայաստանում, բայց քանի որ կրթության և գիտության ոլորտներում չունենք հստակ ռազմավարություն, չունենք «Կրթության մասին» օրենքով պահանջվող, Ազգային ժողովի կողմից ընդունված ոլորտի երկարաժամկետ ծրագիր-օրենք, կառավարման մեջ շարունակում է կարևոր մնալ քաղաքական իշխանության ստանձնած դերը: Ամեն ինչ շարունակվում է հարմարեցվել քաղաքական իշխանությանը: Ցավոք, քծնողների բանակ ինչքան ասես կա ռեկտորների մեջ: Նրանք քծնելու ճանապարհին ամեն ինչ ուրանում են և հարմարվում քաղաքական իշխանությանը: Արդյունքում, մենք այսօր ունենք մի այնպիսի իրավիճակ, որ վախենում եմ մտածել, թե ինչ է լինելու հինգ տարի հետո: Առանց հստակ ռազմավարության, այսպես խարխափելով, առաջ ենք գնում: Որքան էլ կառավարությունը վստահեցնում է կրթության և գիտության կարևորության մասին, այս պահին գիտության ներկայացուցիչները բողոքում են ոլորտի ֆինանսավորումից և բարձրագույն կրթության մակարդակից ։

-Դուք ասում եք, որ օրենքը քննարկման չի մտնում: Իսկ գուցե՞ այն դեռ չծնված` հնացել է և մեզ նոր կրթական օրենսգիրք է անհրաժեշտ.

— Այստեղ իսկապես մտածելու բան կա: Ինչքան քննարկում ենք բարձրագույն կրթության մասին օրենքի նախագիծն, այնքան ավելի շատ հարցեր են ծնվում, քան, պատասխաններ են տրվում: Գուցեև իսկապես պետք է ընդհանրապես այն դնել մի կողմ, և զրոյից կրթական օրենսգիրք գրել: Մյուս կողմից, ո՞վ պիտի Կրթության մասին նոր օրենսգրքի անհրաժեշտությունը հիմնավորի: Մենք այս պահին ունե՞նք ոլորտի գիտահետազոտական, վերլուծական հզոր կառույց, որը կզբաղվի երկրի առաջ ծառացած կրթության և գիտության քաղաքականության նորագույն խնդիրներով: Չունենք, այդպես ո՞նց կլինի, ոլորտի հզոր, կրեատիվ մտածելակերպով անհատներն էլ շատ չեն մնացել, եղածների ասելիքն էլ կորչում է ընդհանուր տեղեկատվական լավայի մեջ ու չի կարևորվում: Սակայն այդ կառույցն օդ ու ջրի չափ անհրաժեշտ է, ի վերջո այս ճանապարհով գնալու մեկնարկը պիտի տրվի:

-Երբ հոգաբարձուների խորհուրդը չի իրականացնում իրեն վերագրված ֆունկցիաները, ինչպե՞ս դրա դեմ պայքարել այսօր, մինչև օրենսդրական դաշտի շտկումը:

— Ո՞վ պիտի գնահատական տա հոգաբարձուների խորհրդի գործունեությանը: Դժվարանում եմ ասել: Բուհերը Սևանա լճի նման կեղտոտվում են ու այդպես էլ չեն ինքնամաքրվում, ինչպես՝ Սևանը: Ինչո՞ւ չեն ինքնամաքրվում, որովհետև հենց այդ խորհուրդների ձևավորման կարգն է խոչընդոտը, որպես կանոն, այնտեղ հավաքվում են մարդիկ, ովքեր ունեն այլ շահեր, քան բուհի որակյալ կրթությանը միտված շահերն են։ Ինչ այնտեղ կատարվում է, կոծկվում, մնում է ներսում, առանձին պատառիկներ, խոսակցություններ դուրս են գալիս, բայց չկա մի մարմին, որը գնա ու զբաղվի այդ խնդրով, բացի այդ, ինքնամաքրման գործընթացը չի իրականանում, որովհետև սկզբունքային մարդիկ միշտ, ամենուրեք փոքրամասնություն են, իսկ այդ հարցերի բարձրաձայնումը լինում է քվեարկությամբ ու փոքրամասնության ձայնը խեղդվում է:

Նշեմ, որ «Հիմնադրամների մասին» օրենքում 2016թ․մի փոփոխությամբ Օրենքի 38-րդ՝ « Հիմնադրամների գործունեույթան վերահսկողությունը» հոդվածի 1-ին մասի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը» բառերը փոխարինվել են «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն» բառերով։ Այսինքն բուհերի վերահսկողությունը դրվել է Պետեկամուտների կոմիտեի վրա։ Դե արի ու մի՛ հարցրու, կրթությունն ո՜ւր, «պետեկամուտներն» ո՜ւր։ Տեսնես այդ կառույցը բուհի ո՞ր գործառույթը պիտի վերահսկի և ինչպե՞ս: Հասկանալի չէ, մանավանդ, բուհը անդամություն չունեցող ոչ առևտրային կազմակերպություն է։ Ես կարծում եմ, երբ նույն օրենքով են առաջնորդվում թե՛ բուհերը, թե՛ այլ հիմնադրամներ, ստացվում է մի շփոթ, որն այսօր ունենք։

Հասարակական վերահսկողությունն ամբողջ աշխարհում ամենակարևորներից է, որը մեզ մոտ շատ թույլ է: Մարդիկ, լավագույն դեպքում, սոցցանցերի մակարդակով կարող են իրենց վրդովմունքն արտահայտել, բայց դրանք պատկան մարմինների կողմից պարզապես լսելի չեն, որը, հաճախ ու ցավոք, կրթության լիազորված մարմնի անտարբերության մասին է փաստում։ Մասնավորապես, վերջին ամիսներին ճարտարապետության և շինարարության Հայսատանի ազգային համալսարանի մի խումբ պրոֆեսորներ, բուհի ռեկտորի գործունեության հետ կապված բավականին լուրջ հարցեր են բարձրացրել մամուլում: Ինչպես շատ բուհերում, այստեղ նույնպես, Հոգաբարձուների խորհուրդը, նույնիսկ կանոնադրությամբ իրեն վերապահված իրավասությունները չի ուզում կատարել։ Կարծում եմ, որ այս համալսարանի հոգաբարձուների խորհուրդն անհապաղ պիտի հանձնախում ստեղծի բարձրացված հարցերն ուսումնասիրելու համար: Ընդ որում, այդ հարցերն առաջ քաշած պրոֆեսորներն անպայմանորեն պիտի մասնակցեն հանձնախմբի աշխատանքներին: Եթե դա տեղի չունեցավ, ապա պետք է գտնվեն համապատասխան միջոցներ ճշմարտությունը վեր հանելու համար: Իսկ ապագայի համար, պիտի մտածել, որ եթե հասարակության մեջ խումբ կա, որ հետաքրքրվում է բուհում բարձրաձայնված խնդիրներով, այդ խումբը Օրենքով պիտի ունենա կարգավիճակ ու որոշակի իրավունքներ: Մի այնպիսի կարգավիճակ, որով նրանք կախված չլինեն կառավարությունից, կախված չլինի բուհի ռեկտորից: Սա շատ կարևոր հարց է և այն պիտի սահմանվի Բուհերի մասին ակնկալվող օրենքով: 

-Այսքան գրում են ատենախոսությունների որակի ու գրագողության մասին: Առնվազն երկու ռեկտոր, այսօր խնդիր ունեին այս հարցով: Ի՞նչ անել այս պարագայում, երբ գիտական աստիճանն անվավեր ճանաչելու մեխանիզմ մեր հանրապետությունում չկա.

-Քանի դեռ ամոթի ինստիտուտը մեզանում չի գործում, ամեն ինչ շատ բարդ է: Անամոթությունն այն մակարդակին է հասել, որ ԲՈԿ-ը ապացուցում է, որ տվյալ գիտական աշխատության մեջ ինչ-որ մասն արտագրված է, այսինքն՝ գողացված, իսկ այդ «գիտական աշխատության» «վայ» հեղինակը շարունակում է իրենը պնդել ու նա, որպես կանոն, պաշտոնատար անձ է։ Այո, գուցե օրենքն այսօր չի լուծում այս խնդիրը, սակայն այստեղ ավելի պահանջված նորմ է անձի բարոյական հատկանիշը։ Երբ պաշտոնատար անձն իր տեղում չէ՝ ակնհայտ անբարոյական պահվածք ունի, ապա իշխանության միջի բարոյական անձինք պիտի իրենց վերաբերմունքով ցույց տան, որ նրանք անցանկալի են հասարակության համար: Մեր պաշտոնյաների մեջ կան անձինք, ովքեր եթե այսօր հրաժարական տան, ես կողջունեմ ու կասեմ՝ կեցցե, այդ մարդն ամոթի զգացում ունի: Հատկապես պաշտոնյաների մեջ պիտի կարևորվի ամոթի զգացումը, հասարակության համար նրանք պետք է լինեն օրինակելի:

Զրուցեց Անահիտ Ավետիսյանը

Facebook Comments