ԱԳՐԱՐԱՅԻՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԼԻՆԵՆ

Հայաստանում կձևավորվի չօգտագործվող գյուղատնտեսական նշանակության հողերի հետ կապված իրավիճակի ուսումնասիրման աշխատանքային խումբ: Այդ մասին փետրվարի 11-ին ԱԺ Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի հանձնաժողովի նիստում ասել է հանձնաժողովի նախագահ Վարազդատ Կարապետյանը: Այս մասին հայտնում է Արմինֆոն:

Խումբը բաղկացած կլինի 9 անդամից, որից 3-ը խորհրդարանական հանձնաժողովից, 2-ական՝ Գյուղատնտեսության նախարարությունից, Ագրարային համալսարանից և ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության միջազգային կազմակերպությունից (FAO):

Ինչպես նշել է հանձնաժողովի ղեկավարը, խոսքը 200 հազար հեկտար հողերի մասին է, որը երկրի ընդհանուր գյուղատնտեսական հաշվեկշռում կազմում է շուրջ 45%: Խումբը մտադիր է խնդիրը լուծել, այդ թվում՝ Հողային օրենսգրքում և Հողի հարկի մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու միջոցով:

Ավելի վաղ ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Գառնիկ Պետրոսյանն ԱրմԻնֆո-ին հայտնել էր, որ չօգտագործվող գյուղատնտեսական նշանակության բոլոր հողերի 90%-ը սեփականաշնորհվել է: Կառավարությունը, այնուամենայնիվ, ելնելով քաղաքացիների սեփականության սահմանադրական իրավունքից, մտադիր է օրենսդրական նախաձեռնությունների միջոցով լուծել խնդիրը: 

Ինչպես նշում են ԱրմԻնֆո-ի վերլուծաբանները, հողի հարկի խստացումը կստիպի հողերի սեփականատերերին հիշել իրենց գույքի մասին:

Աչմինֆոն հայտնում է նաև, որ կառավարության գյուղատնտեսական քաղաքականության առանցքը լինելու է գյուղատնտեսության արդյունավետության բարձրացումը, պարենային անվտանգության մակարդակի բարձրացումը, արդի տեխնոլոգիաների ներմուծումը, արտահանման ծավալների ավելացումը, գյուղատնտեսական ամբողջ արժեշղթայում ընդգրկված բոլոր սուբյեկտների` փոքր  տնային տնտեսությունների, գյուղացիական կոոպերատիվների, վերամշակողների և արտահանողների եկամտաբերության բարձրացումը: Այդ մասին ասվում է կառավարության ծրագրի նախագծում:

Նոր տեխնոլոգիաների կիրառումը պետք է լայնորեն տարածվի գյուղատնտեսության ոլորտում։ Կաթիլային և անձրևացման համակարգերի ներդրումը հնարավորություն կտա էապես խնայելու ջրային ռեսուրսները, իսկ ժամանակակից տեխնոլոգիաներով մշակվող ինտենսիվ պտղատու այգիների հիմնման պետական աջակցության ծրագիրը՝ հողային ռեսուրսները։ Գյուղատնտեսության զարգացման համար լրջագույն խնդիր է արդյունավետ հակակարկտային համակարգի բացակայությունը։ Կառավարությունը հնարավոր միջոցներ կձեռնարկի նոր տեխնոլոգիաների հիման վրա առավել արդյունավետ հակակարկտային համակարգի լայնամասշտաբ ներդրման համար։ Այս նպատակին հասնելու համար Կառավարությունը պարտավորվում է բարձրացնել սուբսիդավորման մեխանիզմների հասցեականությունը՝ ապահովելով շահառու համայնքների կարիքների բավարարման հստակ մեխանիզմներ:

Կառավարությունը նաև գործուն քայլեր է ձեռնարկելու մեքենատրակտորային համակազմի թարմացման և Հայաստանի գյուղատնտեսության կարիքներն առավելագույնս բավարարելու ուղղությամբ։ Գյուղատնտեսական արտադրանքի արտահանման ծավալների ավելացման ներուժն օգտագործելու գործում Կառավարությունը նախատեսում է մշակել դեպի նոր շուկաներ արտահանմանն աջակցող մեխանիզմներ:

Նոր  տեխնոլոգիաների և գիտական հենքի վրա հիմնված մրցունակ և արդյունավետ գյուղատնտեսություն ստեղծելու ճանապարհին  Կառավարությունը խնդիր է դրել նաև՝  օժանդակել կոոպերատիվ գյուղատնտեսության զարգացմանը և սահմանել կոոպերատիվների կայացման համար անհրաժեշտ նվազագույն նախադրյալներ, ստեղծել կրթական, գիտահետազոտական, արդյունաբերական կլաստերներ և նպաստել գյուղատնտեսության և ագրարային ոլորտի կրթական, գիտական, գիտաարտադրական և խորհրդատվական կենտրոնների համագործակցության խորացմանը, աջակցել ագրոպարենային համակարգի սարքավորումների, նոր տեխնոլոգիաների, ինչպես նաև սննդի անվտանգության համակարգերի ներդրմանը, իրականացնել տեղական սերմնաբուծության և սերմնարտադրության, ինտենսիվ գյուղատնտեսության, անասնաբուծության զարգացմանն ուղղված պետական աջակցության ծրագրեր, ինչպես նաև աջակցել տոհմաբուծարանների ստեղծմանը; նպաստել գյուղական համայնքներում ոչ գյուղատնտեսական գործունեության ընդլայնմանը և ագրոտուրիզմի զարգացմանը, ապահովել կենդանիների և բույսերի հիվանդությունների կանխարգելման արդյունավետ համակարգի ներդրումը,          ապահովել գյուղատնտեսական արտադրողների շրջանում գյուղատնտեսությանն առնչվող գիտելիքների և փորձի տարածման ու տեղեկատվության հասանելիության համակարգի ներդրումը ապահովել գյուղատնտեսության ոլորտի ապահովագրության համակարգի ներդրումը; սահմանել գյուղատնտեսությանն աջակցության հիմնական սկզբունքները, մեթոդաբանությունը և ռազմավարությունը։

Աղբյուրը՝ այստեղ

Facebook Comments