Ռուսաստանյան բուհերի շրջանավարտների միության հայտարարությունը …

Դեկտեմբերի 16-ին հայտարարությամբ է հանդես եկել Ռուսաստանյան բուհերի շրջանավարտների միությունը: Հայտարարությունը ստորագրել եմ միության նախագահ, տ.գ.դոկտոր, պրոֆեսոր Հովհաննես Թոքմաջյանը և գործադիր տնօրեն, բ.գ.դոկտոր պրոֆեսոր Վաղարշակ Մադոյանը:

Անընդունելի համարելով Ադրբեջանի կողմից իրականացվող հանցավոր գործողությունները, Ռուսաստանյան բուհերի շրջանավարտների միությունը դիմում է Ռուսաստանի Դաշնության իշխանություններին անհապաղ սկսել դեպի Ստեփանակերտ բեռնատար և ուղևորատար ինքնաթիռների թռիչքների իրականացումը: Բեռնատար ինքնաթիռները Արցախ պետք է հասցնեն սննդամթերք, վառելիք, դեղորայք և այլ անհրաժեշտ ապրանքներ՝ բնակչության բնականոն կյանքն ապահովելու համար: Ուղևորատար ինքնաթիռների թռիչքների կազմակերպումը, համարժեք պատասխան կլինի մարդկանց ազատ տեղաշարժի իրավունքի արգելափակմանը:    

-Ստեփանակերտի օդանավակայանը, որը կառուցել ենք շուրջ 10 տարի առաջ, ունի բոլոր տեխնիկական հնարավորությունները ոչ միայն փոքր, այլ նաև մեծ օդանավեր սպասարկելու համար: Ադրբեջանական հնարավոր սադրանքներից խուսափելու համար, թռիչքները նպատակահարմար է իրականացնել ՌԴ օդանավերով: Չեմ կարծում, որ Ադրբեջանն անխոհեմություն կունենա խոցել հումանիտար գործառույթ իրականացնող ռուսական ինքնաթիռները, ինչը կործանարար կարող է լինել նրանց համար: Հումանիտար այդ ծրագրի ֆինանսավորումը պետք է իրականացվի Հայաստանի կողմից, այդ նպատակով հատուկ հիմնադրամ կազմավորելու միջոցով, որին պիտի մասնակցենք ազգովի- ասել է ռուսաստանյան բուհերի շրջանավարտների միության նախագահ Հովհաննես Թոքմաջյանը: 

Միության գործադիր տնօրեն, պրոֆեսոր Վաղարշակ Մադոյանն, ով ժամանակին ՌԴ նախագահի հրամանագրով արժանացել է պետական պարգևի, համոզմունք է հայտնել, որ Ադրբեջանի վերջին պրովոկացիան անմիջականորեն ուղղված է մեր ժողովրդի ցեղասպանության իրականացմանը, և այն պետք է դատապարտվի ողջ միջազգային հանրության կողմից: Նա, որպես այս փուլում խնդրի լուծում, առաջարկում է, որպեսզի  ՄԱԿ-ը  Ռուսաստանի խաղաղապահ ուժերին տա անժամկետ մանդատ:

-Անձամբ իմ հազարավոր հարազատներ հիմա Արցախում են: Նրանք  գտնվում են շրջափակման մեջ և նրանց կյանքին իրական վտանգ է սպառնում: Ես պատասխանատու եմ նրանց կյանքի համար ու անելու եմ ամեն հնարավորն ու անհնարը նրանց կյանքը բնականոն հուն վերադարձնելու համար,- ասել է պրոֆեսոր Վաղարշակ Մադոյանն, իսկ մեր այն հարցին թե ովքե՞ր են Արցախում իր հարազատները, պատասխանել է,- նրանց անունն է՝ ԱՐՑԱԽԱՀԱՅՈՒԹՅՈՒՆ…

Ռուսաստանյան բուհերի շրջանավարտների միություն

 

Facebook Comments