Պրոֆեսոր Արեստակ Սարուխանյան. Եթե այդպիսի որոշում կայացվի, մենք ոտքի կկանգնենք

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում սկիզբ առած խուլ դժգոհությունները, կապված բուհի պրոռեկտոր Մարինե Ղազարյանին գիտական աստիճան շնորհելու գործընթաց սկսելու կապակցությամբ (այստեղ , այստեղ), նոր զարգացումներ են ստանում:
Այս հարցում, ռեկտոր Գալստյանին, առաջին մոտեցմամբ, չէր հաջողվել խնդիրը լուծել “ներքին խոհանոցում”, կիրառելով իրեն հոգեհարազատ` “Լավ եմ անում” գործելաոճը:
Մարինե Ղազարյանի ատենախոսության նախնական ուսումնասիրությունը կազմակերպելու և եզրակացություն ներկայացնելու նպատակով ԲՈԿ-ը հաստատել էր տ.գ.դ., պրոֆեսոր Արկադի Բարխուդարյանին, տ.գ.դ., պրոֆեսոր Ռազմիկ Փետեոտյանին, տ.գ.դ., պրոֆեսոր Հովհաննես Թոքմաջյանին:
Եթե ռեկտոր Գալստյանը կարող էր հույս ունենալ օգտագործելով ադմինիստրատիվ լծակներ, ինչ որ կերպ ազդել իր ենթակայությամբ աշխատող Արկադի Բարխուդարյանի և Ռազմիկ Փետևոտյանի վրա ու նրանցից “կորզել” ցանկալի որոշում, ապա Հովհաննես Թոքմաջյանի վրա ազդելու նա որևէ տարբերակ չունի:
Համալսարանում խոսում են, որ պրոռեկտոր Մարինե Ղազարյանին գիտությունների թեկնածու դարձնելու համար, ռեկտոր Գագիկ Գալստյանը գնացել է նախարար Արայիկ Հարությունյանի մոտ և աջակցություն խնդրել՝ վերանայելու ԲՈԿ-ի կողմից ատենախոսության նախնական քնարկման նպատակով հաստատված կազմը և պրոֆեսոր Թոքմաջյանի փոխարինել: Ասում են, որ խնդրին լուծում տալու համար, սպասում են արտերկրից ԲՈԿ-ի նախագահ Սմբատ Գոգյանի վերադարձին:
Անդրադառնալով, այս խոսակցություններին, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արեստակ Սարուխանյանը, ով համալսարանում մեծ հեղինակություն ունի ասաց.
“Չեմ կարծում, որ նախարարը կխառնվի այսպիսի անօրինական գործի:
Հիմա ոչ-ոքի բերանն, էլ չես կարող փակել:
Մարինա Ղազարյանը ոչ մի կապ չունի՝ ոչ գիտության և ոչ էլ՝ մեր համալսարանի հետ:
Երբ նախնական քննարկման եռյակում մենք տեսանք Հովհաննես Թոքմաջյանի անունը, մտածեցինք, որ, ահա-ահա, դրական փոփոխություներ են լինելու, որ թուլ չի տրվելու ուժային լծակներ օգտագործելով ու ստորացնելով մարդկանց, որոշումներ ստանալ:
Այսօր բարձրագույն որակավորման ոլորտում նկատվում են դրական փոփոխությունների միտումներ: Հանձինս ԲՈԿ-ի նախագահ Սմբատ Գոգյանի, տեսնում ենք բանիմաց, սկզբունքային անձնավորության, ով նպատակ ունի մաքրելու բնագավառը: Պետք չէ խանգարել նրան:
Մի խոսքով, եթե Թոքմաջյանին փոխեն, եթե այդպիսի որոշում կայացվի, մենք բոլորս ոտքի կկանգնենք, մեծ ընդվզում կլինի: Բավական է, այլևս չենք հանդուրժելու ուժային լուծումները”, — իր խոսքը եզրափակեց պրոֆեսոր Արեստակ Սարուխանյանը: