Պրոֆեսոր Ալբերտ Մարգարյան. Պրոֆեսոր Հովհաննես Թոքմաջյանի փոխարինումը լուրջ դժգոհությունների պատճառ կարող է դառնալ համալսարանում

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում սկիզբ առած խուլ դժգոհությունները, կապված բուհի  պրոռեկտոր Մարինե Ղազարյանին գիտական աստիճան շնորհելու գործընթաց սկսելու կապակցությամբ (այստեղ , այստեղ), նոր զարգացումներ են ստանում:

Այս հարցում, ռեկտոր Գալստյանին, առաջին մոտեցմամբ, չէր հաջողվել խնդիրը լուծել “ներքին խոհանոցում”, կիրառելով իրեն հոգեհարազատ` “Լավ եմ անում” գործելաոճը:

Մարինե Ղազարյանի ատենախոսության նախնական ուսումնասիրությունը կազմակերպելու և եզրակացություն ներկայացնելու նպատակով ԲՈԿ-ը հաստատել էր տ.գ.դ., պրոֆեսոր Արկադի Բարխուդարյանին, տ.գ.դ., պրոֆեսոր Ռազմիկ Փետեոտյանին, տ.գ.դ., պրոֆեսոր Հովհաննես Թոքմաջյանին:

Եթե ռեկտոր Գալստյանը կարող էր հույս ունենալ օգտագործելով ադմինիստրատիվ լծակներ, ինչ որ կերպ ազդել իր ենթակայությամբ աշխատող Արկադի Բարխուդարյանի և Ռազմիկ Փետևոտյանի վրա ու նրանցից “կորզել” ցանկալի որոշում, ապա Հովհաննես Թոքմաջյանի վրա ազդելու նա որևէ տարբերակ չունի:

Համալսարանում խոսում են, որ պրոռեկտոր Մարինե Ղազարյանին գիտությունների թեկնածու դարձնելու համար, ռեկտոր Գագիկ Գալստյանը գնացել է նախարար Արայիկ Հարությունյանի մոտ և աջակցություն խնդրել՝ վերանայելու ԲՈԿ-ի կողմից ատենախոսության նախնական քնարկման նպատակով հաստատված կազմը և պրոֆեսոր Թոքմաջյանի փոխարինել: Ասում են, որ խնդրին լուծում տալու համար, սպասում են արտերկրից ԲՈԿ-ի նախագահ Սմբատ Գոգյանի վերադարձին: 

Անդրադառնալով, այս խոսակցություններին, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ալբերտ Մարգարյանն, ով համալսարանի հիմնասյուներից է, ասաց.

Ատենախոսությունը քննարկող և եզրակացություն տվող հանձնախմբի անդամների արհեստավարժ լինելը մեծապես նպաստում է մասնագիտական խորհրդի անդամների ճիշտ կողմնորոշման խնդրին։

Եթե ստույգ է տարածված  լուրն այն մասին, որ Մարինե Ղազարյանի ատենախոսությունը քննարկող՝ ԲՈԿ-ի կողմից ընտրված եռյակի կազմում փորձ է արվում տ.գ.դ., պրոֆեսոր Հովհաննես Թոքմաջյանի փոխարինումը, ով բնագավառի ճանաչված գիտնական է, ապա դա լուրջ դժգոհությունների պատճառ կարող է դառնալ համալսարանում։

Կարծում եմ, որ ցանկացած ատենախոսական աշխատանք քննարկող եռյակի կազմում այսուհետ “դրսից” մեկ հոգու հաստատելը պետք է լինի պարտադիր, որը հնարավորություն կստեղծի առավել հանգամանալի քննարկման և, որով որոշ դեպքերում կկանխվի “ցանկալի” որոշում ստանալու հնարավորությունը։

Չեմ կարծում, որ գիտական բավարար մակարդակ ունեցող ատենախոսական աշխատանքի նկատմամբ պրոֆեսոր Հ․ Թոքմաջյանը կցուցաբերի ոչ օբյեկտիվ մոտեցում“:

Facebook Comments