Երեք պրոֆեսոր հորդորել են նախարար Հարությունյանին դադարեցնել ռեկտոր Գագիկ Գալստյանի նկատմամբ ցուցաբերվող հովանավորությունը

Ճարտարապետության և շինարարության Հայսատանի ազգային համալսարանի երեք ճանաչված պրոֆեսորներ կարծում են, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը և անձամբ նախարար Արայիկ Հարությունյանը հովանավորում է ռեկտոր Գագիկ Գալստյանին:
Նախարարին օրերս հղված գրության մեջ մասնավորապես ասվում է.
“Մենք՝ ճարտարապետության և շինարարության Հայասատանի ազգային համալսարանի ներքոստորագրյալ պրոֆեսորներս, ս.թ. հուլիսի 24-ին գրությամբ դիմել ենք ռեկտոր Գագիկ Գալստյանին մի շարք հարցերի պատասխանն ստանալու համար: Ռեկտոր Գալստյանը մինչ օրս չի բարեհաճել պատասխանել մեր հարցադրումներին: Սա աննախադեպ անարգանք է համալսարանի պրոֆեսուրայի նկատմամբ: Միևնույն ժամանակ համոզված ենք, որ ռեկտոր Գալստյանը երբեք չէր համարձակվի դրսևորել նման վարքգիծ, եթե չունենար նախարարության և անձամբ Ձեր հովավավորությունը”:
Դիմելով նախարար Հարությունյանին, պրոֆեսորները հույս են հայտնում, որ ամենասեղմ ժամկետներում կստանան իրենց կողմից բարձրացված հարցերի առարկայական, հիմնավորված պատասխանները:
Գրությունը ստորագրել են տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Պետրոս Համբարձումյանը, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արեստակ Սարուխանյանը, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ալբերտ Մարգարյանը:
Հիշեցնենք, որ հուլիս ամսին, ճարատարապետաշինարարական համալսարանի մի քանի պրոֆեսորներ դիմել էին Գագիկ Գալստյանին մի շարք հարցերի պատասխաններ ստանալու համար (այստեղ):
Սակայն դրանք մնացին ձայն բարբառո անապատի:
Գագիկ Գալստյանը նույնիսկ չբարեհաճեց պատասխանել պրոֆեսորներին:
Նա նույնիսկ, իրեն հատուկ լղոզվածությամբ, չասաց՝ այդ հարցերով դիմեք մամուլի խոսնակին:
Պարզապես Գագիկ Գալստյանը թքած ունի բոլորի վրա, քանի որ լավ գիտի, որ միշտ, բոլոր իշխանությունների ու նախարարների օրոք, ինքը եղել ու մնալու է անպատժելի:
Նույնիսկ նախարար Արայիկ Հարությունյանը, հոկտեմբերի 2-ին, Ազգային ժողովում պատասխանելով այդ ռեկտորի ատենախոսությունում գրագողության առկայության մասին պատգամավոր Անի Սամսոնյանի հարցին, ակնհայտորեն խուսափեց արտասանել նրա անունը: Պետք է ասել, որ շատ տգեղ էր նայվում կողքից:
Եվ այսքանից հետո, բոլորովին էլ զարմանալի չէ, որ Գագիկ Գալստյանն, ում պաշտոնավարման ժամկետը լրանում է այս ամիս, լրջորեն մտածում է ռեկտորի պաշտոնում երկրորդ անգամ առաջադրվելու մասին:
Ոլորտի պատասխանատուներն այս բոլորից լուրջ հետևություններ պետք է անեն: Բոլորը պիտի գիտակցեն, որ Գագիկ Գալստյանի գնացքն արդեն շարժվել է ու ետդարձի ճանապարհ նա այլևս չունի: Եվ ով այսուհետ փորձի հովանավորել նրան, ինքն էլ շատ արագ կհեղինակազրկվի:
Գագիկ Ներսիսյան