ՌԵԿՏՈՐԸ՝ ՑՈՒԿՑՎԱՆԳՈՒՄ. Բուհի չորս պրոֆեսորներ հարցեր են ուղղել Գագիկ Գալստյանին

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում նոր՝ դրամատիկ զարգացումներ են սպասվում: Ռեկտոր Գագիկ Գալստյանի կառավարման տարիներին, բուհում տեղի են ունեցել բազմաթիվ գործընթացներ, որոնք առաջացրել էին պրոֆեսորադասախոսական կազմի լուռ դժգոհությունը: Համալսարանը վերջին տարիների ընթացքում նահանջ էր գրանցել գրեթե բոլոր ուղղություններով: Անթույլատրելի սահմանների էր հասել բևեռավածությունը՝ բուհում օր-օրի ավելացող չինովնիկների ու համալսարանի հիմնական կադրային “կորիզի” միջև:  Բոլորը հասկանում էին, որ ևս մի քայլ, ու համբերության բաժակը կլցվի:

Պրոռեկտոր Մարինե Ղազարյանը

Սա գիտակցում էին բոլորը, բոլորը՝ բացի ռեկտոր Գագիկ Գալստյանից: Ու նա, կատարեց, իր համար ճակատագրական այդ քայլը՝ սկսելով, համալսարանում հեղինակություն չվայելող, շինարարական ոլորտի մասնագիտությունների հետ կապ չունեցող, պրոռեկտոր Մարինե Ղազարյանին տեխնիկական բնագավառի գիտական աստիճան շնորհելու անհեռանկարային գործընթացը: Սա վերջին կաթիլն էր՝ համբերության բաժակը լցվեց: Սակայն ռեկտոր Գալստյանը չկարողացավ գնահատել պահի լրջությունը (այստեղ): Իրավիճակն ավելի էր սրվում հայցորդի՝ պրոռեկտոր Մարինե Ղազարյանի անթույլատրելի վարքագծի հետևանքով, ով, ամբողջովին կորցնելով ռեալության զգացումը, անձամբ զանգահարում էր խորհրդի անդամներին հրահանգներ էր տալիս նրանց՝ պահանջելով իր ատենախոսության համար անհապաղ  դրական կարծիքներ ներկայացնել:

Գագիկ Գալստյանը հետևություններ չարեց նաև այն ժամանակ, երբ համալսարանի հեղինակավոր մի քանի պրոֆեսորներ, բաց տեքստով քննադատեցին Մարինե Ղազարյանին գիտական աստիճան շնորհմանն ուղղված գործընթացը: Եվ, կայծակնային արագությամբ, համալսարանում իրավիճակ փոխվեց: Խնդիրը դուրս եկավ Մարինե Ղազարյանի ատենախոսության շրջանակներից ու սկսեց տարածվել նաև այլ ուղղություններով:

Եվ ահա, այսօր, բուհում մեծ հեղինակություն ունեցող չորս պրոֆեսորներ՝ Ալբերտ Մարգարյանը, Արեստակ Սարուխանյանը, Պետրոս Համբարձումյանը և Ռազմիկ Փետեոտյանը դիմել են ռեկտոր Գալստյանին մի քանի հարցերի վերաբերյալ պատասխան ստանալու պահանջով:

Առաջինը՝ վերաբերվում է աշխատավարձերին: Պրոֆեսորներն ուզում են իմանալ 2015-2019թթ. որքա՞ն աշխատավարձ ու պարգևատրումներ է վճարվել բուհում, և դրա ո՞ր մասն է բաժին հասել դասախոսներին: Պրոֆեսորներն ունեն իրենց նախնական հաշվարկները, ու վերլուծությունները՝ նույնպես: Ու հիմա նրանք սպասում են ռեկտորի պաշտոնական պատասխանին, որպեսզի որոշեն իրենց հետագա քայլերը:

Երկրորդը՝ վերաբերում է ռեկտորի և Մարինե Ղազարյանի անթիվ-անհամար գործուղումներին: Չար լեզուներն ասում են, որ դրանց մի մասը ՏԻԿԻՆԸ մեկնել է բիզնես կարգով:  Այս հարցերին նույնպես ստիպված պիտի լինի պատասխանել ռեկտոր Գալստյանը:

Անգին Մարտիրոսյանը

Երրորդ հարցը վերաբերում է համալսարանում վերջերս կազմավորված “Շարունակական կրթության բաժնին”: Կասկածներ կան, որ այդտեղ “ստորջրյա խութեր” կան:

Երեկ, այս խնդրի հետ կապված, մենք դիմեցինք նորաստեղծ բաժնի պատասխանատուներից մեկին՝ բուհի կրթական բարեփոխումների բաժնի պետ Անգին Մարտիրոսյանին, ով հերքեց իր կապը այդ բոլորի հետ. “Բաժինը գործում է ուսումնական գծով պրոռեկտորի ենթակայությամբ: Նրանից կարող եք ավելի շատ տեղեկություն ստանալ, քանի որ ես այդ բաժնի աշխատակից չեմ”,-ասաց Անգին Մարտիրոսյանը: Երբ մեզ ասացին, որ ռեկտորի հրամանով, նշված բաժնի համակարգումը դրված է Անգին Մարտիրոսյանի վրա, կրկին փորձեցինք կապվել նրա հետ, սակայն Անգին Մարտիրոսյանը մեր  զանգերին այլևս չպատասխանեց: Ի՞նչ էր ուզում թաքցնել Անգին Մարտիրոսյանը, ցույց կտա ժամանակը:

Ասում են, որ այս բաժինը գործում է անձամբ պրոռեկտոր Մարինե Ղազարյանի “ձեռքի տակ” և “շատ հետաքրքիր” առանձնահատկություններ ունի:

Ասենք նաև, որ հենց Անգին Մարտիրոսյանին է ուզում Մարինե Ղազարյանը դարձնել ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր: Գուցեև Մարինե Ղազարյանն ուզում է ձևավորել իր ապագա ռեկտորական թիմը: Ո՞վ գիտի:

Չորրորդը՝ Գագիկ Գալստյանի մերձավոր՝ Գուրգեն Մինասյանի ղեկավարած հիմնադրամից ստացված ապրանքներին է վերաբերում: Համալսարանը նրանից, նվիրատվությամբ, տասնյակ միլիոննեի ապրանք է ստացել, որոնց վերաբերող հիմքերը ճարտարապետական և շինարարական կրթության աջակցման հիմնադրամի հաշվետվություններում, կարծես թե բացակայում է:   

Այսպիսով, համալսարանի չորս պրոֆեսորներ՝ չորս հարց են ուղղել ռեկտոր Գալստյանին:

Առայժմ՝ չորս:

Սակայն, դրանք պարզապես հարցեր չեն, այլ՝ պատուհաս ռեկտորի համար:

Գագիկ Գալստյանը հայտնվել է ցուկցվանգում, և ինչպիսի պատասխան էլ նա տա, կամ նույնիսկ, եթե չբարեհաճի պատասխանել այդ հարցերին, միևնույն է՝ ինքը պարտված է:

Անահիտ Ավետիսյան

P.s.  Շախմատային տերմին՝ Ցուկցվանգ, zugzwang (գերմաներեն՝ “Շարժվել հարկադրելը”) — իրավիճակ, որտեղ խաղացողներից մեկը լավ քայլ անելու հնարավորություն չունի, ցանկացած հնարավոր քայլ կվատացնի նրա դիրքը։

Facebook Comments