Գրագողությունը տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանի դոկտորական ատենախոսությունում. Դրվագ 1

Այսօր հանդես եմ եկել առաջարկությամբ, որպեսզի համապատասխան օրենքի ընդունմամբ, vetting-ի ենթարկվեն, վերջին 10 տարիների ընթացքում Հայսատանում ղեկավար պաշտոններ զբաղեցրած այն անձինք, և առաջին հերթին՝ բուհերի ռեկտորները, ում ատենախոսությունում գրագողության դեպքեր կհայտնաբերվեն (այստեղ): 

Գրագողության դեպքերի հայտնաբերման լիազորություններն առաջարկում եմ վերապահել ԲՈԿ-ին: 

Մինչ այդ, մենք շարունակելու ենք ներկայացնել գրագողության այն բոլոր այն դեպքերը, որոնք կներկայացվեն Rector.am-ին:

Վերջին ժամանակաշրջանում շատ է խոսվում Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանի դոկտորական ատենախոսության մեջ տեղ գտած գրագողության բազմաթիվ դրվագների մասին: Մենք, դրվագ առ դրվագ կներկայացնենք այս աշխատանքի հետ կապված բոլոր այն նյութերը, որոնց տիրապետում է Rector.am-ը:

Մի բան ակնհայտ է. Հայաստանի երկու կարևորագույն բուհերի ռեկտորների պաշտոնավարումը լեգիտիմ համարվել չի կարող: Գագիկ Գալստյանը և Ռուբեն Հայրապետյանը, միայն փաստաթղթով են գիտությունների դոկտոր, և նրանք չեն համապատասխանում այդ բուհերի ռեկտորներին ներկայացվող չափանիշներին: Չեմ հասկանում, որտե՞ղ են այդ բուհերի հոգաբարձուների խորհուրդները, ի՞նչ է մտածում կրթության նախարարը:

Եվ այսպես, Ռուբեն Հայրապետյանի “Մասնակցային կառավարման զարգացման ուղղությունները տեղական ինքնակառավարման համակարգում (ՀՀ նյութերով)” դոկտորական ատենախոսության 1.2 ենթագլուխը՝ “Մասնակցային կառավարման մեթոդները”  թարգմանված է “The ways in which participative management might operate within an organisation and how it might affect employee motivation and an analysis of the reasons why participative management has inevitable implications for job design” (հավելված 1) սկզբնաղբյուրից ( այստեղ):

Համեմատության հիմքերը կցված են սկզբնաղբյուրի (հավելված 1, էջեր 1-5 և 7-8) և ատենախոսության (էջեր 36-43) աջ լուսանցքում՝ պայմանական թվագրված 1.2-1-ից մինչև 1.2-6 հատվածներով:

Ռուբեն Հայրապետյանը, թարգմանաբար օգտագործելով վերը նշված սկզբնաղբյուրը, ատենախոսությունում նշում է սկզբնաղբյուրում բերված հղումները նույնությամբ:

Փաստացի, Ռուբեն Հայրապետյանը վերոնշյալ ենթագլուխը շարադրել է թարգմանելով ընդամենը մեկ սկզբնաղբյուր, իսկ ատենախոսությունում ներկայացնում է, որ օգտվել է վեց հեղինակների աշխատություններից:

Սույն ենթագլխի սկիզբը և ամփոփումը սկզբնաղբյուրի թարգմանությունն է` առանց համապատասխան հղման, և վերոնշյալ հոդվածը օգտագործված գրականության ցանկում նշված չէ:

Ատենախոսության 38 էջի 42 – րդ հղման գրականության 493 էջում որևէ խոսք չկա աշխատանքի արդյունքների կառավարման կամ գնահատման մասին:

Գագիկ Ներսիսյան

Facebook Comments