Ստեփանակերտում դիմավորել են Ֆրանսիայի և Բելգիայի առաջնություններից հաղթանակով վերադարձած ձյուդոյիստներին

Հունիսի 8-ին արցախցի մարզիկները Փարիզում մասնակցել են ձյուդոյի առաջնության, որտեղ մասնակից ութ մարզիկներն էլ իրենց քաշային կարգում զբաղեցրել են առաջին տեղը:
Հունիսի 9-ին Բելգիայում մեր մարզիկները մասնակցել են նաև խմբային մրցաշարի, որտեղ ևս գրավել են առաջին մրցանակային տեղը:
«Մեզ համար շատ բարդ առաջնություն էր, սակայն երեխաները շատ վստահ էին: Նրանք իրենց դրսևորել են հրաշալի: Մրցաշարին մասնակցելու համար դեռևս մի քանի ամիս առաջ էինք դիմել և ստացել թույլտվություն: Շնորհակալություն ենք հայտնում Արցախի կառավարությանը, ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարարությանը, ինչպես նաև Արցախի մեծ բարեկամ Միշել Տանկրեզին մեզ աջակցելու համար: Առաջիկայում ևս ունենք մի շարք մրցաշարեր, որոնց ներկայանալու ենք պատվով»,- նշել է հավաքականի գլխավոր մարզիչ Ի. Ազիզբեկյանը: