Պրոֆեսոր Ռազմիկ Փետեոտյան. Մարինե Ղազարյանն ասաց, որ հանձնաժողովի կազմը փոխվելու է

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում սկիզբ առած խուլ դժգոհությունները, կապված բուհի պրոռեկտոր Մարինե Ղազարյանին գիտական աստիճան շնորհելու գործընթաց սկսելու կապակցությամբ (այստեղ , այստեղ), նոր զարգացումներ են ստանում:
Այս հարցում, ռեկտոր Գալստյանին, առաջին մոտեցմամբ, չէր հաջողվել խնդիրը լուծել “ներքին խոհանոցում”, կիրառելով իրեն հոգեհարազատ` “Լավ եմ անում” գործելաոճը:
Մարինե Ղազարյանի ատենախոսության նախնական ուսումնասիրությունը կազմակերպելու և եզրակացություն ներկայացնելու նպատակով ԲՈԿ-ը հաստատել էր տ.գ.դ., պրոֆեսոր Արկադի Բարխուդարյանին, տ.գ.դ., պրոֆեսոր Ռազմիկ Փետեոտյանին, տ.գ.դ., պրոֆեսոր Հովհաննես Թոքմաջյանին:
Եթե ռեկտոր Գալստյանը կարող էր հույս ունենալ օգտագործելով ադմինիստրատիվ լծակներ, ինչ որ կերպ ազդել իր ենթակայությամբ աշխատող Արկադի Բարխուդարյանի և Ռազմիկ Փետևոտյանի վրա ու նրանցից “կորզել” ցանկալի որոշում, ապա Հովհաննես Թոքմաջյանի վրա ազդելու նա որևէ տարբերակ չունի:
Համալսարանում խոսում են, որ պրոռեկտոր Մարինե Ղազարյանին գիտությունների թեկնածու դարձնելու համար, ռեկտոր Գագիկ Գալստյանը գնացել է նախարար Արայիկ Հարությունյանի մոտ և աջակցություն խնդրել՝ վերանայելու ԲՈԿ-ի կողմից ատենախոսության նախնական քնարկման նպատակով հաստատված կազմը և պրոֆեսոր Թոքմաջյանի փոխարինել: Ասում են, որ խնդրին լուծում տալու համար, սպասում են արտերկրից ԲՈԿ-ի նախագահ Սմբատ Գոգյանի վերադարձին:
Անդրադառնալով, այս խոսակցություններին, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռազմիկ Փետեոտյանը, ով ընդգրկված է Մարինե Ղազարյանի ատենախոսության նախնական քննարկման համար ձևավորված հանձնաժողովի կազմում, ասաց.
“Մարինե Ղազարյանը զանգահարեց ինձ ու ասաց, որ երկուշաբթի (22.07.2019) առավոտյան կարծիքս բերեմ: Ես նրան ասացի, որ առանց ատենախոսությունը տեսնելու, կարծիք չեմ կարող գրել: Մարինան ասաց, որ երկուշաբթի կստանամ ատենախոսության օրինակը և ասաց նաև, որ հանձնաժողովի կազմը փոխվելու է, լինելու է նախնական տարբերակով, այսինքն՝ Թոքմաջյանի փոխարեն լինելու է պրոռեկտոր Սաֆարյանի կինը՝ Նարինե Փիրումյանը”:
P.s Այսինքն, բանը հասել է նրան, որ ատենախոսության հեղինակը, իրեն իրավունք է վերապահում զանգել հանձնաժողովի անդամին, դոկտորին, պրոֆեսորին, ու պահանջներ թելադրել: Հետն էլ խոսում է իր ատենախոսության քննարկման համար ստեղծված հանձնաժողովի կազմի փոփոխության անխուսափելիության մասին: Այ քեզ բան: