Ճարտարապետաշինարարական համալսարանում գերազանցվել է հոգաբարձուների խորհրդի նախագահի լիազորությունները

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի պրոֆեսոր Պետրոս Համբարձումյանը 19.06.2019թ. հարցադրումներով դիմել էր բուհի հոգաբարձուների խորհրդի նախագահին ու անդամներին (այստեղ):
Բուհի հոգաբարձուների խորհրդի նախագահ Վլադ Ասատրյանը, առանց ունենալու հագաբարձուների խորհրդի որոշում, պատասխանել է պրոֆեսոր Համբարձումյանի գրությանը (01.07.2019թ., N01-05-01/01-04), որի վրա, չգիտես ինչո՞ւ դրված է նաև ռեկտոր Գագիկ Գալստյանի ստորագրությունը (այստեղ): Հավանաբար այդ պատասխանը գրվել է հենց ռեկտոր Գալստյանի կաբինետում և տրամադրվել հարգարժան Վլադ Ասատրյանին, նա էլ առանց ծանոթանալու օրենսդրությանը, ստորագրել է այն` այդպիսով գերազանցելով իր լիազորությունները` խախտել օրենքը:
Հիշեցնենք, որ “Հիմնադրամների մասին” ՀՀ օրենքի 221 հոդվածով սահմանված է հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի, անդամների իրավունքներն ու պարտականությունները.
Հոդված 221. Հոգաբարձուների խորհրդի անդամների իրավունքներն ու պարտականությունները
1. Հոգաբարձուների խորհրդի անդամներն իրավունք ունեն՝
1) առաջարկություններ ներկայացնելու հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստերի օրակարգի և քննարկվող հարցերի վերաբերյալ.
2) նախապատրաստելու և հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի քննարկմանը ներկայացնելու հարցեր, առաջարկություններ և որոշումների նախագծեր.
3) ստանալու տեղեկություններ հիմնադրամի գործունեությանը վերաբերող ցանկացած հարցի վերաբերյալ.
4) ստանալու իր պարտականությունների կատարմամբ պայմանավորված ծախսերի փոխհատուցում:
2. Հոգաբարձուների խորհրդի անդամները պարտավոր են՝
1) մասնակցել հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստերին.
2) իրենց պարտականությունների կատարման ընթացքում գործել` ելնելով հիմնադրամի շահերից:
Նույն օրենքի 26 հոդվածով սահմանված է հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահի լիազորությունները.
Հոդված 26. Հոգաբարձուների խորհրդի նախագահը
2. Խորհրդի նախագահը`
1) կազմակերպում է հոգաբարձուների խորհրդի աշխատանքները, անհրաժեշտության դեպքում կարող է կազմավորել հոգաբարձուների խորհրդի ժամանակավոր հանձնախմբեր, սույն օրենքի 25-րդ հոդվածի առաջին մասի 10-րդ կետով նախատեսված, հիմնադրամի ֆինանսատնտեսական գործունեության վերահսկման (ստուգում, ուսումնասիրում և այլն) իրականացման և առաջին մասի 2-րդ, 3-րդ, 8-րդ և 9-րդ կետերով նախատեսված հարցերի նախնական քննարկման և դրանց վերաբերյալ հոգաբարձուների խորհրդին եզրակացություններ (տեղեկանքներ) ներկայացնելու համար.
2) գումարում է հոգաբարձուների խորհրդի նիստերը և նախագահում է դրանք.
3) կազմակերպում է նիստերի արձանագրության վարումը.
4) հոգաբարձուների խորհրդի քննարկմանն է ներկայացնում հոգաբարձուների խորհրդի անդամների լիազորությունների դադարեցման մասին որոշման նախագիծ, սույն օրենքի 23-րդ հոդվածի երկրորդ մասի 2-րդ կետով նախատեսված դեպքերում:
3. Հոգաբարձուների խորհրդի նախագահի բացակայության դեպքում նրա պարտականությունները, հոգաբարձուների խորհրդի որոշմամբ, կատարում է անդամներից մեկը:
4. Հոգաբարձուների խորհրդի նիստերը գումարվում են ոչ պակաս, քան տարին մեկ անգամ՝ հոգաբարձուների խորհրդի նախագահի կողմից:
Հոգաբարձուների խորհրդի նիստերը կարող են հրավիրվել նաև հոգաբարձուների խորհրդի անդամների 1/3-ի պահանջով՝ հոգաբարձուների խորհրդի նախագահի կողմից՝ համապատասխան պահանջը ներկայացնելուց 30 օրվա ընթացքում: Հոգաբարձուների խորհրդի նիստերը կարող են անցկացվել էլեկտրոնային փոստի կամ կապի այլ միջոցների կիրառմամբ, ինչպես նաև հարցման կարգով:
Նույն օրենքի 24 հոդվածով սահմանված է հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի որոշումների ընդունման կարգը.
Հոդված 24. Հոգաբարձուների խորհրդի որոշումները
1. Հոգաբարձուների խորհուրդն իր գործունեությունն իրականացնում է նիստերի միջոցով: Հոգաբարձուների խորհրդի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է հոգաբարձուների խորհրդի անդամների կեսից ավելին: Քվեարկության ժամանակ խորհրդի յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայն: Հոգաբարձուների խորհրդի որոշումներն ընդունվում են նիստին մասնակցող անդամների ձայների մեծամասնությամբ, եթե սույն օրենքով և հիմնադրամի կանոնադրությամբ ձայների ավելի մեծ քանակ նախատեսված չէ:
2. Հոգաբարձուների խորհրդի նախագահի ընտրության և ազատման, հիմնադրամի կառավարչի ընտրության և պաշտոնից ազատման, ինչպես նաև հիմնադրամի անվանման փոփոխության, լուծարման և կանոնադրության փոփոխության կամ նոր խմբագրությամբ կանոնադրության հաստատման մասին որոշումներն ընդունվում են հոգաբարձուների խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ, եթե հիմնադրամի կանոնադրությամբ ձայների ավելի մեծ քանակ նախատեսված չէ:
Եթե կանոնադրությամբ նախատեսված է նման հնարավորություն, ապա հոգաբարձուների խորհուրդը հիմնադրամի վերակազմակերպման մասին որոշումներն ընդունում է հոգաբարձուների խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների որակյալ (2/3) մեծամասնությամբ, եթե հիմնադրամի կանոնադրությամբ ձայների ավելի մեծ քանակ նախատեսված չէ:
3. Եթե հոգաբարձուների խորհրդի նիստում քննարկվում է հիմնադրամի խորհրդի որևէ անդամի կամ նրա հետ փոխկապակցված անձի (ծնող, ամուսին, զավակ, եղբայր, քույր, ամուսնու ծնող, զավակ, եղբայր և քույր) գույքային կամ այլ շահերի վերաբերյալ հարց, ապա հոգաբարձուների խորհրդի տվյալ անդամը քվեարկությանը չի մասնակցում:
Տեսնում ենք, որ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահը, օրենքով լիազորված չէ, առանց խորհրդի նիստ հրավիրելու, ինքնուրույն որոշումներ կայացնել: Տվյալ դեպքւմ, միանձնյա մերժելով պրոֆեսոր Պետրոս Համբարձումյանի կողմից ճարտարապետաշինարարական համալսարանում ռեկտոր Գագիկ Գալստյանի կասկածելի գործողությունների վերաբերյալ ուսումնասիրություններ կատարելու առաջարկը, Վլադ Ասատրյանը չի ապահովել օրենքով հիմնադրամի հոգաբարձուների խորհրդին վերապահված իրավասությունը, այն է` հիմնադրամի ֆինանսատնտեսական գործունեության վերահսկումը (Հոդված 25, առաջին մաս, 10 կետ):
Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի կանոնադրության 29 կետի 11 ենթակետով սահմանված է, որ համալսարանի հոգաբարձուների խորհուրդն իրավասությունների մեջ է նաև. ռեկտորի՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը հակասող հրամանների, հրահանգների և ցուցումների կասեցումը կամ դրանք ուժը կորցրած ճանաչելը:
Այսինքն, համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ Վլադ Ասատրյանը, պետք է կազմավորեր ժամանակավոր հանձնախումբ` պրոֆեսոր Համբարձումյանի կողմից բարձրացված հարցերն ուսումնասիրելու նպատակով, և ելնելով դրա արդյունքներից, հրավիրել հոգաբարձուների խորհրդի նիստ` հարցի հետագա ընթացքը լուծելու համար:
Կարծում ենք, որ հարգարժան անձնավորության, պարկեշտ մարդու և ճանաչված շինարարի համբավ ունեցող Վլադ Ասատրյանի կողմից այս վրիպումը` ՀՀ օրենսդրությանը բավարար չափով ծանոթ չլինելն է:
Գուցեև, այստեղ իր դերն է խաղացել նրա ու ռեկտոր Գալստյանի ընկերական հարաբերությունները, երբ հարգարժան Վլադ Ասատրյանը, վստահելով Գագիկ Գալստյանին, առանց խորամուղ լինելու հարցի էությանը, ստորագրել է նրա կողմից ներկայացված գրությունը, նույնիսկ չկասկածելով, որ դրա լիազորությունը չունի:
Դե ինչ, Գագիկ Գալստյանի պես անձնավորության հետ ընկերություն անելիս, պետք է պատրաստ լինել նաև այսպիսի “սյուրպրիզների”:
Կարճ ժամանակում հարգարժան Վլադ Ասատրյանը հնարավորություն կունենա ծանոթանալ նաև ռեկտոր Գագիկ Գալստյանի գործունեության բազմաթիվ այլ դրսևորումների հետ:
Հետևություններ անելու իրավունքն իրենն է: