«Փող հաշվող երկրները վաղուց հասկացել են, որ ամենակարևորը առողջ հասարակություն ունենալն է». «Փաստ»

Պաշտոնական թվերի համաձայն, 2016–17 թվականներին երթևեկելու ընթացքում ծխելու պատճառով վարորդների հանդեպ մոտավորապես 11 հազար վարչական իրավախախտման դեպք է արձանագրվել: Դիտարկումները ցույց են տվել, որ օրենքի կիրառումից հետո դեպքերի քանակը մեր երկրում չի նվազել: Ուստի, ենթադրվում է, որ օրենքի նշված դրույթն ամենևին էլ կանխարգելիչ ֆունկցիա չունի, որի պատճառը տուգանքի չափի ցածր լինելն է: 

Առողջապահության նախարարության կողմից նախապատրաստվել է նոր օրենքի նախագիծ, որով էլ ավելի կսահմանափակվեն ծխախոտի օգտագործման հնարավորությունները: Այն իր հերթին կօգնի նաև նվազեցնել ծխախոտի երկրորդային ծխի ազդեցությունը հասարակության չծխող հատվածի վրա: Օրինակ, նախագծով մասնավոր տրանսպորտային միջոցի վարորդի կողմից վարելու ընթացքում ծխելու նախկին 3000 դրամ տուգանքն առաջարկվում  է դարձնել 10 000 դրամ: Ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցներում, ինչպես նաև թեթև մարդատար տաքսի ավտոմեքենաների վարորդների կողմից վարելու ընթացքում ծխելու տուգանքի չափն առաջարկվում է դարձնել 50 000 դրամ:

Առաջարկվում է նաև ծխելն ընդհանրապես արգելել ժամանացի վայրերի փակ հատվածներում: Իսկ հասարակական, կրթական հաստատություններում և դրանց շրջակայքում՝ ընդհանրապես արգելել: Առաջարկվող տուգանքների չափը նախատեսվում է կրկին բավականին բարձր սահմանել, որպեսզի այն ոչ թե ձևական բնույթ կրի, այլ հստակ գործի ու դառնա զսպող գործիք:

Դեռևս 18–րդ դարում տնտեսագետ Ադամ Սմիթն է առաջարկել մարդու առողջության համար վտանգավոր ապրանքատեսակների վաճառքից գոյացող հարկերն ուղղել դրանց դեմ պայքարելուն, սակայն այն այսօր չի կիրառվում: Ժամանակակից աշխարհն այլ ճանապարհով է գնում՝ պարբերաբար մեծացնում է վնասակար համարվող ապրանքատեսակների գինը կամ կիրառում է լրացուցիչ հարկման տեսակներ՝ փորձելով դրանով ազդել սպառման ծավալների վրա: 

Շատ երկրներում, մեր երկրում նույնպես, անկախ նրանից, թե հարկերը ինչ գործառույթներից են գոյանում, հավաքագրվում է մեկ կետում: Հետո այն վերաբաշխվում է տարբեր ոլորտներ ֆինանսավորելու համար: Ուստի, անկախ նրանից, թե, օրինակ, ծխախոտի վաճառքից ստացվող հարկերն ինչքան են կազմում, չեն կարող ամբողջությամբ ուղղվել հակածխախոտային պայքար իրականացնելու համար: 

ՀՀ ԱՆ ԱԱԻ տնօրեն Ալեքսանդր Բազարչյանի կարծիքով, այսօր հակածխախոտային պայքարի շրջանակներում իրականացվող հանրային առողջապահության պահպանման երկու մոտեցում կա աշխարհում: Առաջինի դեպքում առաջարկվում է պարբերաբար բարձրացնել այս ապրանքատեսակից ստացվող հարկերի դրույքաչափերը և ստացված գումարների հաշվին ավելացնել առողջապահության ոլորտի ֆինանսավորումը: Մյուսով՝ ծխախոտի յուրաքանչյուր տուփի վաճառքից որոշակի ֆիքսված գումար փոխանցել ստեղծված հիմնադրամի, որտեղից էլ այն կհատկացվի առողջապահական ծրագրերի իրականացմանը: 

«Կարծում եմ՝ երկու տարբերակն էլ ընդունելի է, քանի որ երկու դեպքում էլ խոսքը ծխախոտի նկատմամբ կիրառվող հարկային բարձր դրույքաչափի մասին է: Երկու դեպքում էլ այն ազդում է ապրանքի գնի վրա, և դեռահասների համար ծխախոտ գնելը դառնում է անհասանելի, իսկ սոցիալապես անապահով խավերի համար՝ քիչ հասանելի: Երկուսն էլ կնպաստեն ծխողների թվի կրճատմանը»,– ասաց Ա. Բազարչյանը:

Փորձագետների կարծիքով, ծխախոտի ընդհանուր արժեքից գանձվող հարկային բեռը պետք է կազմի 70 տոկոս, որպեսզի գնի բարձրացման հաշվին սպառումը նվազի, քանի որ այն ոչ միայն առաջին անհրաժեշտության ապրանքատեսակ չէ, այլև կախվածություն է առաջացնում: Հետևաբար ծխախոտի օգտագործման նվազեցման դեմ պայքարի քաղաքականություն իրականացնելու ժամանակ շատ կարևոր է այդ ապրանքատեսակի հանդեպ վարվող հարկային քաղաքականությունը ճիշտ իրականացնելը:

Ա. Բազարչյանի խոսքով, Հայաստանում ծխողների թիվն ընդհանուր առմամբ մոտ կես միլիոնից պակաս է: Տոկոսային հարաբերությամբ այն կազմում է 15–ից բարձր տարիք ունեցողների մոտ 26 %–ը: Միջազգային փորձը ցույց է տալիս, որ հնարավոր է հաշվարկել, թե հակածխախոտային պայքարի շրջանակներում վարվող գնային քաղաքականությունն ինչ ազդեցություն կարող է ունենալ ծխողների թվի կրճատման վրա, ինչն, ըստ մասնագետների, ամենաարդյունավետ և գործուն պայքարի միջոցն է համարվում ողջ աշխարհում:

«Գնի թանկացման դեպքում նույնիսկ ծխողը սկսում է ավելի քիչ ծխել: Եթե նախկինում ծխում էր 1 տուփ, ապա գինը բարձրացնելուց հետո կսկսի օրինակ՝ 12 կամ 15 գլանակ ծխել: Սա արդեն օգուտ է թե՛ գրպանին, թե՛ առողջությանը: Եվ եթե մարդը, ով ուզում է թողնել ծխելը, բայց ինչ–որ մի բան նրան խանգարում է, ապա գնի ավելացումը կնպաստի, որ նա այդ քայլն անի: Իսկ չծխողը երբեք էլ չի մտածի ծխելու մասին, քանի որ անիմաստ կհամարի ծխելու վրա բավականին գումար ծախսելը: Մեր կողմից առաջարկվող օրինագիծն այս պահին անդրադառնում է միայն հակածխախոտային պայքարի քայլերի արդյունավետության բարձրացմանը, բայց կարծում եմ, որ ապագայում անհրաժեշտություն կլինի անդրադառնալ նաև հարկային քաղաքականությանը: Ու թեև չի բացառվում, որ ծխախոտ արտադրողների, ներկրողների մոտ այն դժգոհություններ առաջացնի, սակայն մենք ոչ թե աշխատում ենք, որ նրանց մոտ դժգոհություններ չառաջանան, այլ աշխատում ենք, որպեսզի հասարակությունն առողջ լինի:

Միջազգային փորձը ցույց է տալիս, որ նրանց կողմից ճնշումներ միշտ էլ լինում են, սակայն այն երկրները, որոնք փող հաշվել գիտեն, վաղուց հասկացել են, որ շատ ավելի լավ է ունենալ առողջ հասարակություն, որը ունակ կլինի երկար տարիներ աշխատել ու հարկատու լինել, քան ունենալ հիվանդ հասարակություն, որը դառնում է բեռ տվյալ երկրի համար»,– ասաց Ա. Բազարչյանը:

Աղբյուրն` այստեղ

Facebook Comments