ՓԵՏՐՎԱՐԻ 28-Ը ՄԱՐՏԻՐՈՍ ՍԱՐՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ Է

Մարտիրոս Սարյանը ծնվել է 1880 թվականի փետրվարի 28-ին Ռուսաստանում, Դոն գետի ափին գտնվող հայկական Նոր Նախիջևան քաղաքում:

Սարյանի նախնիները այստեղ էին վերաբնակվել միջնադարյան Հայաստանի մայրաքաղաք Անիից: Գաղթի հետևանքով անեցի հայերի մի մասը բնակություն էր հաստատել Ղրիմում: 18 – րդ դարի վերջին Եկատերինա Երկրորդ իշխանուհու հրամանով նրանք վերաբնակվել էին Ռուսաստանի մերձազովյան տափաստաններում:
 
Ես չգիտեմ, թե երբ է նկարիչը ծնվել իմ մեջ: Երևի այն օրերից, երբ լսում էի իմ ծնողների պատմությունները մեր լեռնային կախարդական հայրենիքի մասին, այն օրից, երբ խաղում էի արևի տակ ու հրճվում բազմապիսի ծաղիկների, թիթեռների, մեղուների գույներով: Գույն, լույս, երազ — ահա ինչով եմ ես այրվել»,- գրել է Սարյանը:
 
1895 թվականին Սարյանն ավարտել է Նոր Նախիջևանի քաղաքային հայ-ռուսական հանրակրթական ուսումնարանը: Արդեն դպրոցական տարիներին նրա նկարչական հաջողությունները խրախուսվել էին գովասանագրերով: Դպրոցն ավարտելուց հետո Սարյանն աշխատանքի է ընդունվում փոստային գրասենյակ: Այստեղ ազատ ժամերին նա ամսագրերից պատկերներ էր վերանկարում և գրասենյակ եկող հետաքրքիր մարդկանց ճեպանկարներ էր անում:
 
Սարյանի ավագ եղբայր Հովհաննեսը, քաջալերելով Մարտիրոսի հետաքրքրությունը, նրան ծանոթացնում է իր բարեկամ նկարիչ, Մոսկվայի գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարանի շրջանավարտ Ա. Արծաթբանյանի հետ: Գնահատելով պատանու բնատուր օժտվածությունը՝ Արծաթբանյանը Մարտիրոսին պատրաստում է ընդունելության քննությունների:
 
1897 թվականին Մարտիրոս Սարյանը դառնում է Մոսկվայի գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարանի ուսանող:
 
1901-1903 թվականների ճամփորդությունները դեպի Կովկաս Սարյանի համար դարձան իսկական հայտնություն: 1902 թվականի ամռանը նկարիչը եղավ Հայաստանի հնագույն մայրաքաղաք Անիում: «Կյանքիս ամենադժվար շրջանը՝ նախնական որոնումների շրջանն էր, — հիշում է նկարիչը, -տրորված ճանապարհներն ինձ չէին բավարարում… Ես որոշեցի հետևել իմ սեփական ձգտումներին… 1904 թվականից սկսած իմ գործերը ունեին ֆանտաստիկ բնույթ: Ինչ որ նկարում էի, ռեալության և երևակայության միահյուսումն էր, ռեալ, որքան որ այն կատարում էի տեսածի տպավորությամբ, ֆանտաստիկ՝ որքանով, որ այն սինթեզում էի երևակայական տեսիլքի մեջ»:
 
Մերձավոր Արևելքի երկրներ` Թուրքիա (1910թ.), Պարսկաստան (1913թ.), Եգիպտոս (1911թ.) ուղևորությունների ողջ ընթացքում նկարչին առաջնորդել է արևելյան աշխարհի և ինքն իրեն, որպես այդ աշխարհի մի մասնիկը, ըմբռնելու ձգտումը: «Ես նպատակ ունեի հասկանալ Արևելքը, գտնել նրան բնորոշ հատկանիշները, գեղանկարչական որոնումներս առավել հիմնավորելու համար, — ասում էր նկարիչը: — Ես ուզում էի հաղորդել Արևելքի իրականությունը, գտնել այդ աշխարհի պատկերման համոզիչ ուղիները»:
 
1911 թվականին Եգիպտոս (Կահիրե, Գիզա, Մեմֆիս, Լուքսոր) կատարած ուղևորությունը հարստացրել է Սարյանի արվեստը նոր աշխատանքներով, որոնք դարձան նրա ինքնատիպ ոճի վառ արտահայտումները:
 
1918–1919 թվականներին Սարյանը ընտանիքով ապրում է Նոր Նախիջևանում: Նկարիչը դառնում է Ռոստովի հայկական գավառագիտական թանգարանի հիմնադիրն ու առաջին տնօրենը:
 
Հետագայում Սարյանը տեղափոխվում է Երևան և իր ամբողջ կյանքը նվիրում եղանկարչությանը: Մարտիրոս Սարյանը վախճանվել է 92 տարեկան հասակում, 1972 թվականի Երևանում:
 
Աղբյուրը՝ այստեղ
Facebook Comments