ՎԱՐԱԳՈՒՅՐ ԿԱՄ ԳԱԳԻԿ ԳԱԼՍՏՅԱՆԻ ՄՇՈՒՇՈՏ ՁՄԵՌԸ

Անցան Ամանորի և Սուրբ Ծննդյան տոները: Հասարակությունը կրկին անցավ իր ամենօրյա խնդիրների լուծմանը: Մենք նույնպես վերադառնում ենք մեր խնդիրներին, որոնցից առաջնահերթը բուհական համակարգը ապաշնորհ, իրենց առաքելությանը չհամապատասխանող ղեկավարներից ձերբազատվելն է:

Մասնավորապես, հասարակությունը չի կարող հաշտվել այն իրողությունների հետ, որ երկրի կարևորագույն համալսարաններից մեկի ղեկավարը լինի անձնավորություն, ում դոկտորական ատենախոսությունը լեփ-լեցուն է արտագրություններով, ում պրոֆեսորի գիտական կոչման լեգիտիմությունը կասկածելի է, ով որևէ լեզվով, երկու նախադասություն չի կարողանում իրար կպցնել: Այդ անձնավորության անունն է ԳԱԳԻԿ ՇԱՂԱԲԵԳԻ ԳԱԼՍՏՅԱՆ:

Այսպիսի ռեկտոր ունենալն անարգանք է սեփական ժողովրդի նկատմամբ և այս հարցն օր առաջ պիտի իր լուծումը ստանա:

Տոների ընթացքում տեղի ունեցավ մի իրադարձություն, որն էապես կարող է փոխել   իրավիճակը ճարտարապետաշինարարական համալսարանում: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 28-ին որոշում ստորագրեց, որով ճարտարապետաշինարարական համալսարանում արմատապես փոխվեց հիմնադիրի և լիազոր մարմնի կողմից առաջադրված հոգաբարձուների խորհրդի կազմը (այստեղ):

Այսպիսով, ռեկտոր Գալստյանը հոգաբարձուների խորհրդում զրկվեց իր հիմնական հենարանից: Նրա համար առանձնապես ծանր է լինելու խորհրդում Գուրգեն Մինասյանի բացակայությունն, ում անվան հետ է կապվում Գագիկ Գալստյանի կողմից իրականացված մի շարք կասկածելի գործարքներ:

Հուսանք, որ համալսարանի հոգաբարձուների խորհուրդն ամենամոտ ապագայում ռեկտոր Գալստյանի դոկտորական ատենախոսության արտագրությունների հարցը քննարկման առարկա կդարձնի:

Թեև խորհրդում չեն փոխվել համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսխորհրդի կողմից առաջադրված անդամները, սակայն ռեկտոր Գալստյանի դոկտորական ատենախոսությունում արտագրությունների հարցը քննարկման դրվելու պարագայում, քիչ հավանական ենք համարում, որ ակադեմիկոս Էդուարդ Խաչիյանը, պրոֆեսորներ Սուրեն Մխիթարյանը, Թեմուր Մարգարյանը, Ռոբերտ Ազոյանը, Կարեն Ռաշիդյանցը, դոցենտներ Սլավա Բուռունսուզյանը, Սարգիս Ստեփանյանը, ռեկտորի հեղինակությունը փրկելու համար,  գնան «ինքնազոհության» և փորձ անեն ժխտել գրագողության ակնառու փաստերը: Եթե այդպիսի բան տեղի ունենա, հարցը կվիճարկվի դատական կարգով՝ իր հետ բերելով անխուսափելի հասարակական հնչեղություն:

Բացի այդ, հոգաբարձուների խորհրդի անդամներից ոչ բոլորն են կիսում Գագիկ Գալստյանի կողմից վարվող կադրային քաղաքականությունը: Մասնավորապես, նրանցից շատերը չեն ուզում,  համալսարանի հետ որևէ առնչություն չունեցող, գիտական աստիճան չունեցող, սակայն հսկայական, չհիմնավորված ամբիցիաներ ունեցող Մարինա Ղազարյանին տեսնել պրոռեկտորի պաշտոնում:

Դա դուր չի գալիս նաև համալսարանի մյուս պրոռեկտորներին և ռեկտորատի անդամների գերակշիռ մասին:

Ներկայացվածը ռեկտոր Գագիկ Գալստյանի նկատմամբ օր-օրի խորացող դժգոհությունների մի փոքր մասն է:

Գալստյանը վերջապես պետք է հասկանա, որ վաղուց արդեն 2014 թվականը չէ: Եթե նա մի պահ իրեն թույլ տա անհանգստություն և պատուհանից դուրս նայի, ապա կտեսնի, որ գալիս է 2019 թվականի գարունը: Այսինքն, գալիս է ժամանակը, երբ պիտի տրվի 5 տարի շարունակ համալսարանի առաջընթացը արգելակելուն ուղղված իր չմտածված (կամ՝ լավ մտածված) գործողությունների պատասխանը: Հասունացել է գիտակցման այն դառը պահը, որ ինքը շինհրապարակի աշղեկ չէ, այլ՝ ՌԵԿՏՈՐ, և ոչ էլ իր համար համալսարանն է  շինհրապարակ: Նա պիտի հասկանա նաև, որ պերմանենտ շինվերանորոգման աշխատանքների ցուցադրումը ինքնանպատակ չպիտի դառնա և բավարար չէ հետազոտական բուհի գործունեությունը ներկայացնելու համար:  Կարո՞ղ է արդյոք համալիր կրթական ցենզ չունեցող անձը գիտակցել այս պարզ ճշմարտությունը: Հազիվ թե:

Բայց մի բան արդեն հաստատ է: Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում սկսել են գիտակցել, որ ռեկտոր Գագիկ Շաղաբեգիչի հրաժեշտի գնացքն արդեն շարժվել է: Այնպես որ, ժամանակի ընթացքում, մարդիկ առավել անկաշկանդ ու բաց կկարողանան արտահայտել իրենց կարծիքն՝ այդպես էլ չկայացած ռեկտորի ու նրա գործերի նկատմամբ:

Գագիկ Ներսիսյան

P.S. Վաղվանից մենք վերսկսում ենք ռեկտոր Գագիկ Գալստյանի դոկտորական ատենախոսությունում արտագրությունների հերթական դրվագների ցուցադրումը: Եղեք տեղեկացված:

Facebook Comments