Վասակ Դարբինյան. Ձեզ համար մարդը կամ բարեգործ է, կամ չարագործ, նրան կամ պետք է վտարել, կամ դնել պատվանդանին, կամ պետք է քառատել ու լվանալ ոսկորները, կամ քծնել ու սողալ նրա դեմ …

Բլեզ Պասկալը մի առիթով գրել է. մարդը ոչ հրեշտակ է , ոչ էլ կենդանի, և նրա դժբախտությունը այն է , որ ինչքան շատ է ձգտում հրեշտակի նմանվել, այնքան շատ է նա վերածվում կենդանու: Վասակ Դարբինյանի ստորև ներկայացվող խոհերը հենց դրա մասին են: Այն ընթերցողին ենք ներկայացնում առանց կրճատումների. Rector.am

Իրականության զգացողությունը կորցրած ոչ հարգելի ֆեյսբուքցինե՛ր, տեքստեր կարդացող ու չհասկացող կամ կիսատ — պռատ հասկացող բազմանուն ընկերնե՛ր, ո՞նց բացատրեմ ձեզ, որ խելքը գլխին հասարակությունը այս կամ այն անհատի մասին իրական պատկերացում պիտի կազմի ոչ թե ըստ ձեր համակրանքների ու հակակրանքների, ոչ թե ձեր խնկարկումներով կամ բամբասանքներով, վարձու քարոզիչների ամբաստանագրերով կամ քծնախառն գովաբանություններով, այլ տվյալ անհատի արարքներով:

Դուք օրը մի թիրախ եք ընտրում և ձեր շան լափը լցնում գլխին:

Ձեր ուշքը գնում է սրան-նրան հոշոտելու համար:

Դուք թքած ունեք օրենքի և օրինականության վրա՝ դուք եք թե՛ քննիչը, թե՛ դատավորը:

Կապ չունի, թե ում մասին է խոսքը, կարևորն այն է, թե ինչ կանխակալ վերաբերմունք է ձևավորվել սրա կամ նրա մասին ձեր լայնածավալ ուղեղում:

Դուք ծայրահեղական եք բառի ամենաուղիղ իմաստով. մարդը ձեզ համար կամ հրեշ է, կամ հրեշտակ, կամ սև է, կամ սպիտակ, կամ անթերի է, կամ յախք:

Ձեր բանականության մեջ չեն տեղավորվում նրանք, ովքեր ունեն և՛ թուլություններ, և՛ արժանիքներ, ովքեր կարող են և՛ սխալվել, և՛ շտկել իրենց սխալը:

Ձեզ համար մարդը կամ բարեգործ է, կամ չարագործ, նրան կամ պետք է վտարել, կամ դնել պատվանդանին, կամ պետք է քառատել ու լվանալ ոսկորները, կամ քծնել ու սողալ նրա դեմ:

Սրանով դուք չեք տարբերվում բնազդներով ապրող կենդանական աշխարհից… Եթե տարբերվում եք, ապա վատ իմաստով. ձեր բնազդները շատ հաճախ անառողջ են, ի տարբերություն կենդանական աշխարհի, և դուք ապականում եք մթնոլորտը ատելությամբ ու խառնակչություններով:

Սրանով դուք չեք վերացնում կամ նվազեցնում չարիքը, սրանով դուք չեք ստեղծում համերաշխության ու հանդուժողականության մթնոլորտ, սրանով արյան քաղց եք տարածում ձեր շուրջը, սրանով, ի վերջո, սպանում եք համերաշխությունն ու հանդուրժողականությունը: 

Դուք չեք ուզում կամ չեք կարողանում զանազանել իրական հրեշին ու տաղանդավոր գրողին, պետական գործչին ու պետական հանցագործին… 

Ահա այս ամենի պատճառով չեմ սիրում ձեզ, չեմ հպարտանում ձեզնով, չեմ գրկում ոչ մեկիդ, աղոտ հույս պահպանելով, որ դուք, այնուամենայնիվ, չեք կարողանալու ձեր նպատահարմարությունների գերակայությունից կուրացած՝ Հայաստանը դարձնել իրականությունը գլխիվայր շրջողների խանություն, երկիրը վերածել մարտնչող տգիտության ռազմակայանի:

Facebook Comments