Ստեփանակերտում դիմավորել են Ֆրանսիայի և Բելգիայի առաջնություններից հաղթանակով վերադարձած ձյուդոյիստներին

Հունիսի 8-ին արցախցի մարզիկները Փարիզում մասնակցել են ձյուդոյի առաջնության, որտեղ մասնակից ութ մարզիկներն էլ իրենց քաշային կարգում զբաղեցրել են առաջին տեղը:

Հունիսի 9-ին Բելգիայում մեր մարզիկները մասնակցել են նաև խմբային մրցաշարի, որտեղ ևս գրավել են առաջին մրցանակային տեղը:

«Մեզ համար շատ բարդ առաջնություն էր, սակայն երեխաները շատ վստահ էին: Նրանք իրենց դրսևորել են հրաշալի: Մրցաշարին մասնակցելու համար դեռևս մի քանի ամիս առաջ էինք դիմել և ստացել թույլտվություն: Շնորհակալություն ենք հայտնում Արցախի կառավարությանը, ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարարությանը, ինչպես նաև Արցախի մեծ բարեկամ Միշել Տանկրեզին մեզ աջակցելու համար: Առաջիկայում ևս ունենք մի շարք մրցաշարեր, որոնց ներկայանալու ենք պատվով»,- նշել է հավաքականի գլխավոր մարզիչ Ի. Ազիզբեկյանը:

Մրցանակային առաջին տեղ գրաված 13-ամյա Ալեքսեյ Ավանեսյանն էլ ասել է, որ հաղթանակը բարդ էր նվաճել, սակայն դժվար պայքարում կարողացել են գրանցել դրական արդյունք: «Առաջնությանը մասնակցելու համար պատրաստվել ենք ավելի քան մեկ տարի: Ուզում եմ շնորհավորել մեր մարզիկներին և մաղթել, որ հաղթանակները լինեն շարունակական, իսկ առաջնության կազմակերպիչներին շնորհակալություն եմ հայտնում` նման հնարավորություն ընձեռելու համար»,- ավելացրել է Ա. Ավանեսյանը:
 
Աղբյուրն՝ այստեղ
Facebook Comments