ՍՈՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԳԵՂԱՆԿԱՐԻՉ ՀՐԱՆՏ ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ ՄԱՍԻՆ…

Հրանտ Թադևոսյանի ցուցահանդեսը Մոսկվայում նշանակալի իրադարձություն է Հայաստանի մշակութային կյանքում: 

Շնորհավորելով վարպետին, ներկայացնում ենք մեր ՄԵԾԵՐԻՑ Սոս Սարգսյանի կարծիքը նրա մասին.

Հայտնի բան է. արվեստը պետք է ունենա ազգային արմատներ։

Լավ կլինի, որ դրանք՝ Էդ արմատները, ցուցադրված չլինեն, լինեն հողի մեջ, որովհետև նրանց տեղը էնտեղ է՝ հողում, չերևալով, նրանք էնտեղից ուժ են առնում ու մեզ սնում։

Գեղանկարիչ Հրանտ Թադևոսյանի կտավները, կլինի բնանկար, նատյուրմորտ, դիմանկար կամ որևէ այլ բան, դրանք բոլորն էլ հայկական արմատներ ունեն, շատ խորը և ինձ շատ հարազատ արմատներ:

Հիշում եմ՝ տարիներ առաջ էր, հրավիրված էի Հրանտի ցուցահանդեսներից մեկին: Բացման ժամանակ ինձ էլ խոսք առաջարկեցին, անհարմար է խոստովանելը, մենք Հրանտի հետ ընկերներ էինք, բայց ես նրա վրձնի գույներին կարգին ծանոթ չէի (ամենքս առանձին-առանձին մեր լուծն էինք քաշում և առիթ չէր եղել մոտիկից շփվելու). հրաժարվեցի, ավելի ճիշտ, ժամանակ խնդրեցի, և մինչ բացման արարողությունն ընթանում էր, փորձեցի աչքի անցկացնել կտավները, ու խորացա նրանց մեջ։

Չեմ հիշում՝ ինչքան ժամանակ էի էնտեղ, մեկ էլ հեռվից լսեցի, որ ինձ են կանչում, ավելի ճիշտ, հարցնում էին՝ խոսք ունեմ ասելու, թե՝ չէ։ Իհարկե ունեի և ասացի։

Ցուցահանդեսը լոռվան էր նվիրված, և ես ինձ իմ մանկության երազների մեջ գտա։ Կարծում եմ՝ չեմ սխալվի, եթե ասեմ, որ էն, ինչ Հովհաննես Թումանյանն ու Հրանտ Թադևոսյանը լոռվա բնաշխարհը իրենց բառ ու բանով են նկարագրել ու ներկայացրել, գեղանկարիչ Հրանտ Թադևոսյանը այդ ամենին գույն ու երանգ է տվել։ Նրա կտավներում ես հանգստանում եմ, հարազատներիս, մտերիմներիս ու իմ կենսագրության հուշերի գիրկն եմ ընկնում։

Վերջին հաշվով, արվեստը հեքիաթ է, եթե հեքիաթը հետաքրքիր չէ, ես շարունակությունը չեմ ուզում լսել։ էս իմաստով Հրանտ Թադևոսյանի հեքիաթը էնքան է հետաքրքիր, գեղեցիկ, մաքուր ու բարի, որ ուզում ես չվերջանա։ 

Վստահ եմ՝ Հրանտը կտավի գաղափարը հղանում է իր հոգում ու հետո միայն նկարը՝ երկնում։ Եվ նրա գեղեցիկ, մաքուր ու բարի հեքիաթների (կտավների) գույները մանկան անկեղծության չափ ջինջ ու զուլալ են։ Հրանտ Թադևոսյանը եզակի բնանկարիչ է և մեծ արվեստագետ։

Ես անսահման հպարտ եմ, որ նա կա համաշխարհային գեղանկարչության պատմության մեջ։ Ես անսահման հպարտ եմ, որ նա իմ ընկերն ու ցեղակիցն է։

 

ՀՀ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյան

 

Rector.am

Աղբյուրը՝ file:///G:/data/am/news/n2013_02_14a.html 

 

Facebook Comments