Սերոբ Խաչատրյան. Կա կրթության որակի անկում, որը շարունակվում է…

Այս օրերին քննությունների ակտիվ շրջան է: «Փաստը» գնահատման և թեստավորման կենտրոնի մամուլի ծառայությունից տեղեկանում է մասնավորաբար «Հայոց լեզու և գրականություն» առարկայի միասնական և կենտրոնացված կարգով անցկացված քննությունների վերջնական արդյունքներին: Պատկերը հետևյալն է. այդ առարկայի միասնական քննության արդյունքներով 5370 դիմորդից դրական միավորի շեմը չի հաղթահարել 1045-ը (մասնակիցների 19,5 տոկոսը): Այս տարի միջին միավորը 11,6, իսկ 1820 միավոր հավաքածների թիվը 493 է (մասնակիցների 9,2 տոկոսը): Նախորդ տարի միասնական քննությանը մասնակցել էր 2715 դիմորդ: Միջին միավորը եղել էր 12,2, դրական միավորի շեմը չէր հաղթահարել 435 դիմորդ, իսկ 18-20 միավոր հավաքել էր 386-ը:

9-րդ դասարանի «Հայոց լեզու» առարկայի կենտրոնացված քննության դեպքում ունենք հետևյալ պատկերը. քննություն հանձնել է 31 021 սովորող: Նրանցից 1 686-ը կամ 5,4 %-ը ստացել է անբավարար գնահատական: 1920 միավոր ստացել է 152 աշակերտ կամ քննություն հանձնածների 0,5 %-ը: Միջին միավորը կազմել է 12,16: Նախորդ տարի 29 186 սովորողից դրական միավորի շեմը չէր հաղթահարել 331-ը կամ 1,1 %-ը: 19-20 միավոր ստացել էր 1 612 աշակերտ կամ 5,5 %-ը: Միջին գնահատականը եղել էր 12,69:

Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը «Փաստի» հետ զրույցում նախ հիշեցնում է, որ կենտրոնացված քննության ժամանակ բոլոր աշակերտները քննությունը հանձնում են մի քանի դպրոցներում: Ի դեպ, այս տարի բացի թեստային առաջադրանքներից, աշակերտները նաև շարադրություն են գրել

«Այս դեպքում անցած տարվա համեմատ ունեցանք արդյունքների նվազեցում, թեև միջին թվանշանը համարյա նույնն է, ավելացել են անբավարարները և պակասել են գերազանցները: Բայց, իմ կարծիքով, սա էլ չի արտացոլում իրականությունը, որովհետև ընդամենը 5 տոկոսն է ստացել անբավարար, ինչը շատ քիչ է: Այդպիսի ցուցանիշ ունենում են աշխարհի առաջատար երկրները:

Եթե մեզ մոտ իսկապես այդ հինգ տոկոսն է անբավարար, ապա համաշխարհային առաջատար երկիր ենք: Բայց բոլորս էլ գիտենք, որ աշակերտները միմյանց օգնել են, հուշել, և մի քիչ իրականությունից կտրված պատկեր ենք ստացել, որովհետև ընդամենը 1600 անբավարարը նշանակում է, որ ամեն դպրոցում, միջին հաշվով, ունենք ընդամենը մեկ երեխա, որը չի հաղթահարում պետական ծրագիրը:

Եթե այդպիսի դպրոցներ ունենայինք, բախտավոր կլինեինք: Բոլորս էլ գիտենք, որ ամեն դասարանում կան մի քանի հոգի, որոնք չեն կարողանում դրական շեմը հաղթահարել: Խոսքը չի վերաբերում հայտնի դպրոցներին, որտեղ միայն լավ սովորողներ են հավաքված», — ասում է Խաչատրյանը:

12-րդ դասարանի միասնական քննությունների դեպքում աշակերտները քննություն են հանձնում բուհ ընդունվելու համար: «Այս դեպքում հայոց լեզվից մոտ 20 տոկոսն անբավարար է ստացել: Այստեղ նախարարությունը նախորդ տարիների համեմատ մի փոքր ավելի շատ է փոխել շտեմարանային հարցերը, և շատերը եկել են անակնկալի», — նշում է կրթության փորձագետը: Նա ընդգծում է, որ Հայաստանում քննություններն անցկացնում են երկու ձևով. «Կա շտեմարանային մոտեցում, որտեղ տպում են առաջադրանքների բանկը և այդ բանկից հանձնարարում խնդիրներ կամ առաջադրանքներ, մյուսը ծրագրային մոտեցումն է, երբ ասում են՝ քննությունների ժամանակ մոտավորապես այսպիսի առաջադրանքներ են լինելու, բայց հստակ չեն ասում, թե ինչ կլինի, որպեսզի քննություն հանձնողներն ավելի լավ պարապեն, անգիր չանեն: 

Հայաստանում գործում էր ծրագրային մոտեցումը, բայց այդտեղ կային կոռուպցիոն ռիսկեր: Հատկապես «Հայոց լեզու» առարկայի դեպքում ասեկոսեներ կային, որ թեսթ կազմողներն իրենց աշակերտներին ասում են, թե ինչ առաջադրանքներ են լինելու: Հենց այդ պատճառով Արմեն Աշոտյանի՝ նախարար լինելու տարիներին անցում կատարվեց շտեմարանային մոտեցմանը:

Այս դեպքում լավն այն է, որ բոլորին նույն գրքից են տրվում առաջադրանքները, և հատկապես շտեմարանը լավ է այն երեխաների համար, որոնք չեն պարապում կրկնուսույցների մոտ, ինքնուրույն են պատրաստվում», — ընդգծում է Խաչատրյանը: Նա շեշտում է, որ կրթության որակի անկումը շարունակվում է:

«Իհարկե, մեզ մոտ կա կրթության որակի անկում, որը շարունակվում է, և այն արդյունքները, որ ունենք, սպասելի էին: Ուղղակի առաջադրանքներն անակնկալ են եղել, դրա համար էլ միասնական քննության դեպքում անբավարարներն ավելի շատ էին», եզրափակում է կրթության փորձագետը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Աղբյուրն՝ այստեղ

Facebook Comments