Ռեկտոր Ռուբեն Հայրապետյանի ատենախոսությունը՝ մեկ տարի առաջ իր իսկ բնորոշած գրագողության պարզունակ դրսևորումներից է

Երբևէ նկատե՞լ եք, թե անգամ տարիներ անց օրինախախտն ինչպիսի մանրամասնությամբ է վերհիշում հանցանքի վայրը, գործիքը…

Վերջերս ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանը իր մամուլի ասուլիսով փորձեց անդրադառնալ իր ատենախոսության մեջ գրագողության առկայությանը և սպառնաց, որ իրավաբանների հետ քննարկում է իրեն գրագող անվանողներին դատի տալու հնարավորությունը:

Նա այդպես էլ չընդունեց գրագողության հանգամանքը՝ անընդհատ նշելով, որ գրագողությունը՝ ոլորտը կարգավորող օրենքով, չի կարգավորվում:

Ասենք, որ Ռուբեն Հայրապետյանը մոլորության մեջ է. «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» օրենքի  առաջին հոդվածում սահմանված է, որ այն, ի թիվս այլ ոլորտների, կարգավորում է նաև գիտության ոլորտի ստեղծագործությունների հեղինակային իրավունքի հետ կապված հարցերը: Ըստ օրենքի 65 հոդվածի 4-րդ կետի՝ «ուրիշի ստեղծագործությունից մտքեր, հատվածներ քաղելը, առանց դրանց ստեղծագործական մշակման և առանց ձեռքբերման սկզբնաղբյուրի նշման և որպես իրենը ներկայացնելը կամ ստեղծագործությունն ամբողջությամբ իր անունով ներկայացնելը համարվում է գրագողություն»: Նույն հոդվածի 5-րդ կետն, արդեն սահմանում է, որ գրագողությունը պատժի ենթակա արարք է:

Կարծում ենք գրագողության սահմանման տեղը Հայրապետյանը հետայսու՝ իմացավ:

Սակայն այս պատմության մեջ կա ավելի ուշագրավ մի փաստ: Շուրջ մեկ տարի առաջ Սմբատ Գոգյանը, ինչ-որ մեկի հետ կապված, կատարել էր գրագողությանը վերաբրող մի գրառում (այստեղ):

Գրառման տակ բազմաթիվ օգտատերեր, որոնց թվում՝ Ռուբեն Հայրապետյանը, թողել էին մեկնաբանություններ:

Գրառման մեջ Ռուբեն Հայրապետյանը՝ սկզբնաղբյուրը չնշելով արտագրության դեպքերը համարում է պարզունակ գրագողություն և առաջարկում՝ առավելագույնս խիստ պատժել, նույնիսկ մեկ պարբերություն արտագրության դեպքերը:

Այսպիսի մոտեցումն էլ, ըստ Հարապետյանի, թույլ է տալու Հայաստանում ձևավորել ակադեմիական ազնվության նոր մշակույթ:

Հիմա ասեք խնդրեմ, կարելի՞ է լինել այս աստիճան կեղծավոր:

Կարելի՞ է արդյոք ամպագորգոռ բառեր ասել գրագողության մասին, պահանջել ամենախիստ պատիժը, երբ արարքը քոնը չէ և ուղիղ մեկ տարի հետո, նույն արարքի մեջ «բռնված» լինելով՝ պնդել որ այդպիսի եզրույթ Հայաստանում չկա:

Որտե՞ղ է ձեր բարոյականությունը, ազնվությունը, ակադեմիական էթիկան, տնտեսգիտության դոկտոր, պրոֆեսոր, ռեկտորի պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյան:  

Մի այսպիսի առած կա. “… երկու ոտքով է թակարդն ընկնում: Իսկ փոքրիկ սատանայի ու դրա “ճտերի” մասին՝ հաջորդիվ:

 

Գագիկ Ներսիսյան

Facebook Comments