Ռեկտոր Գագիկ Գալստյանի պլագիատը և պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանի մտքի փայլատակումները

Բոլորը գիտեն, որ ռեկտոր Գագիկ Գալստյանը գրագող է: 

Սա անառարկելի փաստ է:

Գագիկ Գալստյանի դոկտորական ատենախոսության մեջ տեղ գտած գրագողության դրվագները շարադրված են իմ հեղինակությամբ հրատարակված “Գրագողությունը ռեկտոր Գագիկ Գալստյանի դոկտորական ատենախոսությունում” գրքում (այստեղ):

ՀՀ ԿԳՄՍ նախարարի 29.08.2019թ. N 575-Ա/2 հրամանով ստեղծված հանձնաժողովի 05.09.2019թ. եզրակացությամբ ապացուցվել է, որ Գագիկ Գալստյանի արտագրությունները համապատասխանում են իրականությանը՝ իմ գրքում բերված գրագողության որևէ դրվագ հանձնաժողովի կողմից չի մերժվել:

Ավելին, հանձնաժողովի անդամ, պրոֆեսոր Արեստակ Սարուխանյանի կողմից, գրքում տեղ չգտած ևս մի քանի դրվագներում (մեր ունեցած տեղեկությունների համաձայն՝ 10 և ավելի) նույնպես առկա են այլ հեղինակներից և աղբյուրներից փոխառված նյութեր՝ առանց համապատասխան հղումների (այսինքն, բացահայտվել են ռեկտոր Գագիկ Գալստյանի կողմից կատարված գրագողության նոր դրվագներ):

Իհարկե, կրթության նախարարության ստեղծած հանձնաժողովը “за честь мундира” փորձել է որոշ մեղմացուցիչ երանգներ հաղորդել գրագողության դրվագներին՝ “Վերոհիշյալ դրվագները հիմնականում կրում են ոչ գիտական բնույթ, մի մասն էլ սկսվում է “հայտնի է, որ ” … ձևակերպումներով … թույլ է տալիս ենթադրել, որ միտում չի եղել”, սակայն այդ բոլորն արդեն լիրիկայի ժանրից է: Կտրականապես համաձայն չլինելով նման ձևակերպման հետ (այդ դրվագները հիմնականում կրում են գիտական բնույթ), հարկ եմ համարում ասել, որ դա բացարձակապես ոչինչ չի փոխում այն ամենի հետ, ինչը կոչվում է գրագողություն: 

Համաձայն ՀՀ գիտական աստիճանաշնորհման կանոնակարգի՝ «Ատենախոսության մեջ հայցորդը պարտավոր է նշել այն հեղինակներին և աղբյուրները, որոնցից նա փոխառել է առանձին դրույթներ կամ նյութեր»։ Միևնույն ժամանակ, “Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին”  ՀՀ Օրենքը հստակ սահմանում է. “Ուրիշի ստեղծագործությունից մտքեր, հատվածներ քաղելն առանց դրանց ստեղծագործական վերամշակման և առանց ձեռքբերման սկզբնաղբյուրի նշման և որպես իրենը ներկայացնելը … համարվում է գրագողություն“:  

Փաստացի, ոչ մի տարբերություն չկա, թե աշխատանքի որ մասում և ինչ “միտումով” հեղինակը չի նշել սկզբնաղբյուրները. նա գրագող է և վերջ։

Եվս մեկ ուշագրավ փաստ. Գագիկ Գալստյանի դոկտորական ատենախոսության 3 գիտական նորույթներից 2-ը՝ համընկնում են նրա թեկնածուական ատենախոսության գիտական նորույթների հետ: Այսինքն, դուրս է գալիս, որ նույն գործի համար Գագիկ Գալստյանը գիտական 2 աստիճան է ստացել: Սա շատ լուրջ մեղադրանք է: Այն  հանձնաժողովի բացահայտումն է, և մենք շնորհակալություն պիտի հայտնենք նրան:

Հիմա անցնենք հոկտեմբերի 22-ին, Ազգային ժողովում հայտարարությունների ժամին «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանի արտասանած “հանճարեղ” մտքերին (այստեղ):

Անդրադառնալով ռեկտորների ատենախոսությունների գրագողության խնդիրներին, աստվածաբան պատգամավորն, ով ոչ վաղ անցյալում կրթության գիտության փոխնախարարն էր, մի շարք ուշագրավ հայտարարություններ է արել: Դրանք լուրջ մտորումների տեղիք են տալիս և ենթակա են պատասխանի:

Մասնավորապես, Հովհաննես Հովհաննիսյանն ասել է. «Սա մի Պանդորայի արկղ է, որը բաց թողնելը հղի է ոչ մասնագիտական, բայց անձնական թշնամանքի հրահրմամբ և խորացմամբ: Ճիշտ կլիներ, քանի դեռ չկան հստակ չափորոշիչներ, թե ինչն է համարվում գրագողություն և դա որոշում է հատուկ հրավիրված հանձնաժողովը, որի որոշումները կարող է նաև կասկածի տակ դրվել, պետք է զերծ մնալ այս թեմայի հետագա շահարկումից և չարչրկումից»:

Եթե աստվածաբան պատգամավորը մի քիչ ավելի քիչ ժամանակ անցկացներ ճարտարապետաշինարարական համալսարանի “միջանցքներում” (լինելուց էլ՝ երբեմն հարցներ, թե ինչ են խոսում բուհի աշխատակիցները իր ու ռեկտոր Գալստյանի միջև 2018թ. “հանկարծակի” ժայթքած հարաբերությունների մասին) և ավելի շատ զբաղվեր իր անմիջական պարտականություններով, ապա պարտավոր էր իմանալ, որ Հայաստանում օրենքով սահմանված է թե ինչ է գրագողությունը և “հեծանիվ” հնարելու անհրաժեշտություն չկա: Եվ եթե աստվածաբան պատգամավորը, մի քիչ էլ աստվածավախ լիներ, ապա կիմանար, որ աշխարհում ամենավտանգավորը՝ իր կարգավիճակով անձանց կողմից ասված ճշմարտանման ստերն են: Այնպես որ պետք չէ ժողովրդի ականջներից փորձել “лапша” կախել:

Արի ու տես, որ նույն երգը, մինչև պաշտոնանկ լինելը, երգում էր, պատգամավոր Հովհաննիսյանի հովանավորյալ, տնտեսագիտական համալսարանի գրագող նախկին ռեկտորը՝ Ռուբեն Հայրապետյանը. «Ցավոք, ոլորտը կարգավորող մեր օրենսդրությամբ գրագողություն հասկացություն չկա»: 

Կա, այն էլ ինչպես կա: Սակայն, Ռուբեն Հայրապետյանը դա ուշ հասկացավ. միայն այն ժամանակ, երբ վարչապետ Փաշինյանի հանձնարարությամբ ստուգեցին իր ատենախոսությունն ու պաշտոնանկ արեցին: Հիմա էլ՝ սա: Վարչապետ Փաշինյանը հռետորական հարցադրում է կատարում. Մենք պիտի՞ անդրադառնանք Հայաստանում պաշտպանված դոկտորական դիսերտացիաներին: Ում մոտենում ենք՝ պարզվում է կեսը կեղծ է: Ես տարբերակ չեմ տեսնում առանց սրան անդրադառնալու, որ կարող ենք կրթության կամ գիտության ոլորտում մի բան անել ( այստեղ), իսկ աստվածաբան պատգամավորն էլ հակադարձում է. ՉԷ-ՉԷՉէ, մոտ չգաք՝  “Սա մի Պանդորայի արկղ է, որը բաց թողնելը հղի է ոչ մասնագիտական, բայց անձնական թշնամանքի հրահրմամբ և խորացմամբ”: Գուցե՞ Վարչապետ — պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյան հակամարտության ականատես լինենք:

Նախարար Արայիկ Հարությունյանը հայտարարում է Հայաստանում գրագող ռեկտորը կլքի այդ պաշտոնը (այստեղ), իսկ պատգամավոր Հովհաննիսյանը հակադարձում է. “Ճիշտ կլիներ, քանի դեռ չկան հստակ չափորոշիչներ, թե ինչն է համարվում գրագողություն և դա որոշում է հատուկ հրավիրված հանձնաժողովը, որի որոշումները կարող է նաև կասկածի տակ դրվել, պետք է զերծ մնալ այս թեմայի հետագա շահարկումից և չարչրկումից”:

Այ քեզ բան. Վարչապետն ու նախարարը մի բան են ասում, իրենց կուսակից պատգամավորը՝ տրամագծորեն հակառակը: Վարչապետն ու նախարարն ասում են գրագող ռեկտոր չպիտի լինի, իսկ պատգամավոր Հովհաննիսյանն ասում է՝ այս փուլում պիտի լինի: Գուցե իրենց  կուսակցության ներսում կողմնորոշվեն այս հարցի շուրջ:

Հաջորդը.

Ռուբեն Հայրապետյանին հարցնում էին. «ինչո՞ւ ես կեղծել կենսագրությունդ ու գրագողություն արել՝ իսկ նա, թե՝ “բա դու ինչո՞ւ ես խաչապուրի խժռել»:

Հիմա նույն բանը Հայրապետյանի հովանավոր, պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանն է ասում. “Կարծում եմ այստեղ (ծան. գրագողության հարցում) ոչ թե դիսերտացիաներն են կարևոր, այլ տվյալ մարդկանց մոտիվները. ի՞նչ մոտիվներով են նրանք այդ հարցը շահարկում: Ես չեմ կարծում, որ էս մարդիկ մտահոգ են բուհի ղեկավարման կամ կրթության որակի համար, այլ ունեն լրիվ այլ մոտիվներ: … Ճիշտ կլիներ, որ այդ մոտիվները, որոնց մեջ կան նաև քաղաքական մոտիվներ, քննել ու թույլ չտալ քաղաքական մոտիվները“:

“Խաչապուրի խժռելու” ռեկտորի պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանի հայտնի պատմությունն է: Ինչ կապ ունի բուհի ռեկտորն ո՞ւմ հետ և ի՞նչ վեճ ունի … Ի՞նչ կապ ունի այդ բոլորը, ռեկտորի պլագիատի հետ:

Դրանով ռեկտորը դադարո՞ւմ է գրագող լինել:

Իսկը՝ օրերս հանցագործ եղբայրների կողմից ոստիկանի սպանության գործն է հիշեցնում: Երբ որոշ անձինք, ծանր հանցագործությունը դատապարտելու փոխարեն, փորձում էին պատճառը տեսնել նրանց դառը մանկության մեջ:

Գուցե՞ ռեկտոր Գագիկ Գալստյանին հերոսի կոչման պետք է ներկայացնել գրագողություն անելու համար.  չէ որ նա դատական վեճ ունի:

Դատական վեճ ունի՞, օրենքով սահմանված կարգով թող լուծի իր վեճը:

Ձեզ ի՞նչ:

Դուք ինչո՞ւ եք շահագրգռվածություն ցուցաբերում:

Գուցե՞ Դուք էլ Ձեր մոտիվներն ունեք: 

Պետք է ասեմ նաև, որ երբեք չեմ վստահել մարդկանց, ովքեր օրը` մեկ կարծիք են փոխում: Այսօր Պանդորայի արկղից խոսողն ու գրագողներին հովանավորող ասվածաբանը, մի քանի ամիս առաջ, տրամագծորեն հակադիր ելույթներ էր ունենում (այստեղ):  Գուցե ռեկտորներ Հայրապետյանի ու Գալստյանի ազդեցության հետևանքն է դա: Աստված գիտի:

Իսկ հիմա, որպես ամփոփում, ուշադիր լսեք ամենակարևորն ու ականջներիդ օղ արեք` ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյան. Ես, ՀՀ Գերագույն խորհրդի և Աժ առաջին գումարման պատգամավոր Գագիկ Ներսիսյանս, ով կանգնած է եղել անկախ Հայաստանի կերտման ակունքներում, և ի տարբերություն Ձեզ, երախտիք ունեմ մեր պետականության կայացման գործում, հայտարարում եմ, որ որևէ բիզնես ընկերության հետ կապ չունեմ և այսուհետ ևս չեմ ունենալու: Ու ի տարբերություն Ձեզ, իմ գործունեության մեջ չունեմ այլ մոտիվ, քան մեր պետականության ամրապնդման խնդիրներն են, ինչն արտահայտում եմ նաև ինձ պատկանող Rector.am կայքում: Իսկ Դուք դեռ երկար ժամանակ պիտի աճեք, որ կարողանաք իմ քաղաքական մոտիվները քննարկել, ու մի այդքան էլ պիտի աճեք` դրանք հասկանալու համար: Իհարկե, եթե երբևիցե կարողանաք հասնել դրան: Իսկ եթե կասկածներ ունեք իմ քաղաքական անցյալի ու ներկայի վերաբերյալ, կարող եք դա ճշտել մեր հարգարժան վարչապետից:

 

Գագիկ Ներսիսյան

 

 

 
Facebook Comments